«Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծի քննարկումը Ժողովրդավարության զարգացման հիմնադրամում

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) ապրիլի 14-ին հյուրընկալել էր «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծի քննարկումը, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և առողջապահության ոլորտի մասնագետներ։

 

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանն ընդգծել է քննարկման կարևորությունը՝ առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման հարցում հանրության և մասնագիտական շրջանակների  ներգրավածության ապահովման տեսանկյունից։

 

Քննարկման ընթացքում հասարակական կազմակերպություններին ու ոլորտի մասնագետներին  ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացվել է օրենքի նախագիծը։ «Պատրաստ ենք բոլոր դիտարկումներն ու առաջարկները մանրամասն քննարկել` արդյունքում ունենալու Առողջության համապարփակ ապահովագրության լավ մոդել», — շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Քննարկմանը ԱՆ խորհրդական, փորձագետ Սամվել Խարազյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին է ներկայացրել «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որից հետո կետ առ կետ քննարկվել են հայեցակարգի դրույթները:

 

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մի շարք առաջարկներ են արել: Առաջիկա մեկ ամսում նրանք հնարավորություն ունեն նաև դիտարկումները գրավոր ուղարկել առողջապահության նախարարություն: