Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդ
ԼԱՆԱ ԿԱՌԼՈՎԱ, Խորհրդի նախագահ
Լանա Կառլովան Հայաստանում Էրազմուս + ազգային գրասենյակի համակարգողն է։ Մինչ այդ նա համակարգել է Տեմպուս ծրագիրը, որը տրամադրում է ԵՄ դրամաշնորհներ բարձրագույն ուսումնական հաստատություններին, և պատասխանատու է եղել աջակցելու այդ հաստատություններին համատեղ միջազգային նախագծեր իրականացնելու և Բոլոնիայի բարեփոխումները խթանելու գործում:
Ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանը և ստացել Քաղաքագիտության և արտաքին հարաբերությունների մագիստրոսի կոչում (1996 թ.): Մինչ այդ նա ավարտել է Երևանի պետական համալսարանը և ստացել Ռուսաց լեզվի և գրականության մագիստրոսի կոչում:
ԱՆՆԱ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ, Խորհրդի անդամ
Աննա Փամբուխչյանը միացել է Խաղաղության եվրոպական ինստիտուտին 2020 թ․ ապրիլին՝ որպես Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի վերլուծաբան, իսկ ավելի ուշ որպես Եվրոպական հարևանության տարածաշրջանային վերլուծության ծրագրի օգնական։
Նա աշխատել է որպես խորհրդատու Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (European Endowment for Democracy), և որպես հետազոտող՝ Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) և Ֆրիդըմ Հաուսը (Freedom House) իրավապաշտպան հասարակական կազմակերպության համար։
Ավելի վաղ նա մոնիթորինգային ծրագրերի համակարգող է աշխատել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում, որը ներկայում Հայաստանի ամենամեծ և հաջողակ հասարակական կազմակերպություններից մեկն է և որի աշխատանքը կենտրոնացած է ապատեղեկատվության դեմ պայքարի, բարեփոխումների խթանման, մոնիտորինգի և ընտրական գործընթացների բարելավման վրա։
Աննայի մասնագիտական և ակադեմիական հետաքրքրությունները ներառում են Արևելյան գործընկերության տարածաշրջանի հակամարտությունները, մեդիայի և ինտերնետի ազդեցությունը քաղաքականության, հակամարտությունների և ազգային ինքնության վրա: Աննան ավարտել է Եվրոպայի քոլեջը և Կենտրոնական եվրոպական համալսարանը (CEU): Նա միջազգային հարաբերությունների և եվրոպական ուսումնասիրությունների մասնագիտացում ունի։
ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔ-ՆՈՒԲԱՐՅԱՆ, Խորհրդի անդամ
1997-2005 թվականներին սովորել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում։ Ընդհանուր բժշկության ֆակուլտետն ավարտելուց հետո նա ստացել է նեղ մասնագիտացում Հանրային առողջապահության և առողջապահության կազմակերպման ամբիոնում։ 2016 թ․ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Վերապատրաստվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Համաշխարհային բանկի, ԱՄՆ Պետական դեպարտամենտի և այլ երկրների կրթական ծրագրերի շրջանակում։
Մասնագիտական գործունեությունը սկսել է ՀՀ զինված ուժերում՝ որպես բժիշկ-համաճարակաբան։ Զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում: Եղել է առողջապահական համակարգերի գծով ԱՀԿ ազգային խորհրդատու:
2008 թ․-ից դասավանդում է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնում։ Եղել է ՀՀ Ազգային Ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ։
Դավիթ Մելիք — Նուբարյանը շուրջ երկու տասնյակ գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է։
ԱՐՇԱԿ ԲԱԼԱՅԱՆ, Խորհրդի անդամ
2009 թ․-ին Երևանի պետական համալսարանից ստացել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Այժմ նա փիլիսոփայություն է դասավանդում Հայաստանի ամերիկյան համալսարանում։ 2017 թ․ աշնանը նա Մագդալենա Եշիլի կրթաթոշակով այցելու պրոֆեսոր է եղել Դյուկի համալսարանի Սանֆորդի անվան հանրային քաղաքականության ֆակուլտետում։ 2011-13 թ. գարնանային կիսամյակները որպես այցելու գիտաշխատող աշխատել է Հարվարդի համալսարանում: Անցյալում նա փիլիսոփայություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում և Երևանի պետական բժշկական համալսարանում։
Նրա հիմնական ակադեմիական հետաքրքրությունների շրջանակներում են գիտության փիլիսոփայության, իմացաբանության և բարոյագիտության հարցերը: Ի լրումն իր փիլիսոփայական հետազոտություններին՝ Արշակ Բալայանը ներգրավված է մի շարք կրթական ու սոցիալական նախաձեռնություններում և այնպիսի հետազոտական նախագծերում, որոնք դուրս են փիլիսոփայության շրջանակներից:
Արշակ Բալայանը մի շարք հրատարակված գիտական հոդվածների և գրքերի հեղինակ է։
ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆ, Խորհրդի անդամ
Ռուբեն Բաբայանը ռեժիսոր է, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ։
1991 թվականից աշխատում է Երևանի պետական տիկնիկային թատրոնում` որպես ռեժիսոր, 1998 թվականից` որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն։
1995 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 2003 թվականից նույն ինստիտուտի «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնի վարիչն է, պրոֆեսոր։
1991 թվականից UNIMA (UNESCO) անհատական անդամ է։ Մշակութային ու հասարակական անվանի գործիչ է։
Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, ապա Ռուսաստանի թատերական ակադեմիան։