«Թմրամիջոցների գործածումը երիտասարդների շրջանում» թեմայով քննարկում ԺԶՀ-ում
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 29-ին Երևանում կայացել է «Թմրամիջոցների գործածումը երիտասարդների շրջանում» թեմայով քննարկումը, որին մասնակցել են առողջապահության նախարարության և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը նշել է, որ թեման ծանր է ու նուրբ, բայց պիտի խոսել և հասկանալ՝ որն է «այդ չարիքը արմատախիլ անելու տարբերակը»։ Հենց այս նպատակով էլ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը հյուրընկալել էր քննարկումը՝ հարթակ տրամադրելու երիտասարդական կազմակերպություններին և առողջապահության նախարարությանը քննարկելու և համատեղ գործելու կախվածությունների վտանգների մասին հանրության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։
Քննարկմանը մասնակցող առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն իր խոսքում ընդգծել է, որ տեխնոլոգիաների զարգացման հետ զուգընթաց փոխվում են թմրամիջոցների տարածման ուղիները, օգտագործվող նյութերի բաղադրությունները և դրանք ավելի վտանագավոր են դառնում։ Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Կախվածությունների ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը երիտասարդներին ներկայացրել է հանրապետությունում առկա վիճակը և կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները։
Քննարկման մյուս բանախոսը՝ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության նախագահ Ժենյա Մայիլյանը խնդրին անդրադարձել է մարդու իրավունքների տեսանկյունից՝ նկատելով, որ «Հայաստանում մենք դեռևս պայքարում ենք մարդու, ոչ թե թմրամիջոցների դեմ»։
Հանդիպման արդյունքներով երիտասարադական կազմակերպությունները կմշակեն երիտասարադների շրջանում կախվածությունների վտանգների վերաբերյալ հանրային իրազեկման արշավների առաջարկությունների փաթեթ, որը կներկայացնեն առողջապահության նախարարությանը։