Ենթադրամաշնորհների բաց մրցույթ «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում

Նպատակ և գործողություններ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը հրավիրում է ենթադրամաշնորհի հայտադիմում ներկայացնելու ՀՀ-ում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին և կոալիցիաներին, որոնք իրենց գործունեությամբ նպատակ ունեն նպաստել հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև հանրության լայն շրջանակներում հոգեկան առողջության/հոգեկան առողջության ծառայություններից օգտվող անձանց վերաբերյալ խարանի նվազեցմանը։
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է՝
- Բարձրացնել հոգեկան առողջության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը և նպաստել հանրության լայն շրջանակների կողմից հոգեկան առողջության ծառայություններից օգտվող անձանց նկատմամբ խարանից և կարծրատիպերից զերծ վերաբերմունքը,
- Ստեղծել և լայնորեն տարածել հոգեկան առողջության վերաբերյալ դրական և օբյեկտիվ պատկերացումներ խթանող ստեղծարար և որակյալ մեդիա բովանդակություն։
- Իրականացնել սոցիալական արշավներ, ինչպես նաև՝ մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն հոգեկան առողջության թեմայի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացմանը և բաց ու իրազեկ քննարկումներին։
- Նպաստել, որպեսզի լրագրողներն ու մեդիա գործիչներն առավել հաճախ և պրոֆեսիոնալ կերպով անդրադառնան հոգեկան առողջության թեմային՝ այսպիսով այն դարձնելով հանրային խոսույթի և օրակարգի առանցքային մաս։
Ընտրության կարգը՝
Մրցույթի արդյունքում կտրամադրվի 40,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ արժողությամբ երկու ենթադրամաշնորհ երկու կազմակերպության։
Ծրագրի տևողությունը՝
- 12 ամիս
Մրցույթին կարող են դիմել այն կազմակերպությունները որոնք՝
- գրանցված են ՀՀ պետական ռեգիստրում և գործունեություն են ծավալում Հայաստանում,
- համարվում են շահույթ չհետապնդող իրավաբանական անձ։
Ծրագրի առաջարկները կգնահատվեն ընտրող հանձնաժողովի կողմից հետևյալ չափանիշների հիման վրա՝
| Չափանիշ | Միավոր |
| Կազմակերպության փորձը | 30 |
| Ծրագրի նպատակահարմարությունը և խնդրի հիմնավորվածությունը | 25 |
| Ծրագրի կայունությունը և ծախսերի արդյունավետությունը՝ բյուջեի համապատասխանությունը ծրագրային գործողություններին | 25 |
| Ենթադրամաշնորհը իրականացնելու համար տեսանելի կարողություն արտահայտված կազմակերպության ֆունկցիոնալ կառուցվածքով | 10 |
| Դրամաշնորհների արդյունավետ կառավարման փորձ | 10 |
Ծրագրի նպատակին հասնելու համար հնարավոր գործողությունների տեսակներ (ստորև ներկայացված ցանկը ներկայացված է որպես ուղղորդող և ոչ սպառիչ)։
- Մշակել տեղեկատվական և իրազեկող նյութեր և իրականացնել արշավներ՝ ուղղված ինչպես լայն հանրությանը, այնպես էլ խոցելի խմբերին, նպատակ ունենալով բարձրացնել նրանց հոգեկան առողջության գրագիտությունը, հմտությունները (օր.՝ սթրեսի կառավարման և հաղթահարման մեխանիզմների վերաբերյալ), նվազեցնել խարանավորումը, բարձրացնել հանրային իրազեկվածությունը համայնքահենք ծառայությունների վերաբերյալ և փաստագրել լավագույն փորձերը։
- Ներգրավել ինֆլուենսերներին, լրագրողներին և հանրային դեմքերին՝ որպես հոգեկան առողջության դեսպաններ՝ հիմնական ուղերձները տարածելու և բազմազան լսարանին հասնելու նպատակով։
- Համագործակցել կրթական հաստատությունների և ոլորտի դերակատարների հետ՝ հոգեկան առողջության թեմաների կարևորության վերաբերյալ մեդիա գրագիտության բարձրացման և հոգեկան առողջությանն առնչվող հետաքննական լրագրության խթանման նպատակով։
- Կազմակերպել ինտերակտիվ տեղեկատվական արշավներ (սոցցանցային մարտահրավերներ, առցանց հարցուպատասխան սեսիաներ, վեբինարներ)՝ խթանելու համայնքային ներգրավվածությունն ու գիտելիքների փոխանակումը։
- Համագործակցել հոգեկան առողջության ոլորտի մասնագետների և կազմակերպությունների հետ՝ ապահովելու բովանդակության ճշգրտությունը և ստեղծելու մասնագիտական գիտելիքներով և մարդակենտրոն, իրավահեն մոտեցմամբ առաջնորդվող իրազեկման նյութեր։
- Ներգավել շահագրգիռ բոլոր կողմերին համակարգված և կայուն ազդեցություն ունենալու համար։
Ծրագրի իրականացման ընթացքում արգելվող գործողություններ՝
- դրսևորել խտրականություն անհատների կամ խմբերի նկատմամբ՝ նրանց հաշմանդամության, սեռի, սեռական կողմնորոշման, կրոնական համոզմունքների կամ դրանց բացակայության, նրանց էթնիկ ծագման, քաղաքական դիրքորոշումների կամ այլ պաշտպանված հատկանիշների հիման վրա,
- ցուցաբերել աջակցություն քաղաքական կուսակցություններին,
- իրականացնել գործողություններ, որոնք վերաբերում են միայն/հիմնականում՝ աշխատաժողովներին, սեմինարներին, կոնֆերանսներին և կոնգրեսներին մասնակցելուն,
- իրականացնել գործողություններ, որոնք վերաբերում են միայն/հիմնականում անհատական կրթաթոշակներին՝ ուսման կամ վերապատրաստման դասընթացների համար,
- տրամադրել դրամաշնորհներ այլ կազմակերպություններին կամ անհատներին։
Ծրագրի իրականացման ընթացքում արգելվող ծախսեր՝
- պարտքեր և պարտքի սպասարկման վճարների (տոկոսներ) մարում,
- վնասների կամ հնարավոր ապագա պարտավորությունների համար պահուստ,
- հողատարածքների, անշարժ և շարժական գույքի ձեռքբերում,
- արտարժույթի փոխանակման կորուստներ,
- ոչ դրամական ներդրումներ (բացառությամբ կամավորների աշխատանքի),
- պարգևավճարներ, որոնք ներառված են անձնակազմի ծախսերում,
- վարկեր երրորդ անձանց,
- պետական ծառայողների, պատգամավորների աշխատավարձի ծախսեր։
Դիմորդները պետք է ուղարկեն ծրագրի հայտերը էլեկտրոնային եղանակով, հայերեն կամ անգլերեն [email protected] հասցեին մինչև դեկտեմբերի 14-ը՝ ժամը 18։00: Ծրագրի առաջարկի հայտաձևը հասանելի է այստեղ: Ծրագրի բյուջեն անհրաժեշտ է ներկայացնել Եվրոյով։
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ (ավելի մանրամասն ներկայացված է հայտաձևում)՝
- Ծրագրի առաջարկի հայտաձև մանրամասն բյուջեով,
- Կազմակերպության կառուցվածքի նկարագիր,
- Կազմակերպության կանոնադրություն,
- Կազմակերպության ներքին կանոնակարգ,
- Պետռեգիստրի վկայական,
- Նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը,
- Երեք երաշխավորական նամակ,
- Տարեկան աուդիտի եզրակացություն (2024թ․)(առկայության դեպքում)։
Թերի և/կամ վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտադիմումները չեն դիտարկվելու։
Հայտաձևին առնչվող հարցերին պատասխանելու նպատակով տեղի կունենա հանդիպում ԺԶՀ գրասենյակում նոյեմբերի 25-ին` ժամը 15։00-ին։ Հանդիպմանը գրանցվելու համար պետք է նախապես ուղարկել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև նոյեմբերի 24-ը՝ ժամը 12։00:
Ծրագրի մասին
Ենթադրամաշնորհը տրամադրվում է «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» վերնագրով ԵՄ կողմից ֆինանսավորվող եռամյա ծրագրի շրջանակում։ Ծրագիրը իրականացվում է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի ղեկավարությամբ, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա հետ համագործակցությամբ։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքահեն մոտեցման ներդրմանը, որը կօգնի մշակել հոգեկան առողջության ծառայությունների մատչելի և ներառական մեխանիզմներ և քաղաքականություն, ինչպես նաև կխթանի հասարակության դրական վերաբերմունքը Հայաստանում հոգեկան առողջության եւ հոգեկան առողջության ծառայություններից օգտվող անձանց նկատմամբ:
Ծրագրի ընթացքում կմշակվի հոգեկան առողջության ոլորտի համար իրավունքահեն քաղաքականություն՝ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներին և միջազգային չափանիշներին համապատասխան, կիրականացվի ջատագովություն իրավունքահեն քաղաքականությունների ներդրման և լավարկման ինչպես նաև գործող հոգեսոցիալական ծառայությունների լավարկման ուղղությամբ։ Կմշակվեն և կփորձարկվեն ՀՀ-ում հոգեկան առողջության համայնքային նոր ծառայությունների մոդելներ և վաղ հայտնաբերման մեխանիզմներ, ինչպես նաև իրականացվող գործողությունների արդյունքում կբարձրացվի հասարակության իրազեկվածությունն ու հետաքրքրությունը հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ՝ շեշտը դնելով առկա խարանի և խտրական վերաբերմունքի նվազեցման վրա:
Ծրագրի ընթացքում կիրականացվեն գործողություններ ուղղված ոլորտի տարբեր մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացմանը։