Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի մասին
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ), ստեղծված Բաց հասարակության հիմնադրամների հենքի վրա, ձգտում է նպաստել Հայաստանում ժողովրդավարության, անվտանգության և մարդու իրավունքների առաջխաղացմանը: Մեր տեսլականն է ունենալ այնպիսի երկիր, որտեղ մարդիկ ապրում են արժանապատիվ, որտեղ երաշխավորված են նրանց խաղաղությունը, անվտանգությունը, ազատությունները, քաղաքացիական մասնակցությունը և սոցիալական արդարությունը:
Գրանցվելով Հայաստանում 2022թ․ դեկտեմբերին որպես անկախ, շահույթ չհետապնդող հիմնադրամ՝ մենք աշխատում ենք վերոնշյալ առաքելության համար՝ հավատարիմ մնալով բաց հասարակության արժեքներին ու գաղափարներին: Մեր ջանքերն ուղղված են աջակցելու ժողովրդավարության կողմնակիցներին և ստեղծելու ընդհանուր արժեքների ու փորձի վրա հիմնված գործընկերություններ:
Հիմնադրամն ունի բացառիկ դեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունները համախմբելու և նրանց աշխատանքն ու ջանքերը համակարգելու գործում՝ այդպիսով զարգացնելով ՔՀԿ-ների ամուր դաշինքները՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների։
Մենք իրականացնում ենք մեր ռազմավարությունը մեր ծրագրերի, գործընկեր կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհների և արտաքին ֆինանսավորման ապահովման միջոցով, որը ներառում է նաև ենթադրամաշնորհներ: