ՄԱԿ-ի զեկույցում ներառվել է Ադրբեջանում հայատյացության մասին Հայաստանի քաղհասարակության տրամադրած տեղեկատվությունը

Հունիսի 19-ին Ժնևում մեկնարկել է Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանը, որին ընդառաջ ՄԱԿ-ի Ռասիզմի ժամանակակից ձևերի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության հարցերով Հատուկ զեկուցողը  հրապարակել է թեմատիկ զեկույց։ «Նացիզմի, նացիզմի նոր ձևերի և այլ պրակտիկայի ու անհանդուրժողականության վերաբերյալ» զեկույցում ամփոփվում է ՄԱԿ անդամ պետությունների կողմից տրամադրված տեղեկատվությունն առ այն, թե տվյալ երկրի կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկել իր երկրում նացիզմի, նեոնացիզմի և այլ պրակտիկաների հերոսացման դեմ պայքարելու ուղղությամբ, ինչպես նաև ներկայացվում է հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրված տեղեկատվությունն այս համատեքստում։

Հատուկ զեկուցողն իր վերջին զեկույցում ներառել է Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից տրամադրած տեղեկությունները։ Մասնավորապես, զեկույցում ներկայացվել են բազմաթիվ փաստեր, միջազգային դատարանների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինների դիքորոշումներ, որոնք հիմնավորում են Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասայական խտրականության քաղաքականության  իրականացումը պետական մակարդակով։

Զեկույցում ներկայացվել են նաև ատելության հիմքով հայերի նկատմամբ հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների պրակտիկան և դրանց համար անպատժելիությունը, ինչը հանգեցնում է էլ ավելի դաժան հանցագործությունների կատարման հայերի նկատմամբ, որոնք հայտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Զեկույցում ներկայացվել են նաև ապացույցներ, որ հայերի նկատմամբ ատելության սերմանումն Ադրբեջանում հանդիսանում է հանրակրթական կրթության բաղկացուցիչ ոչ միայն կրթական դասագրքերում, այլև դպրոցական առօրյայի մաս է կազմում։

Զեկույցում մեջբերվում են Ռասայական խտրականության վերացման ՄԱԿ կոմիտեի՝ Ադրբեջանի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներից, որում Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել ատելության խոսքի, ռասայական ատելության և խտրականության հրահրման և խթանման դեմ, այդ թվում՝ համացանցում և սոցիալական հարթակներում, ինչպես նաև իր պաշտոնյաների կողմից էթնիկ հայերի դեմ ատելության խոսքի համար։ Կոմիտեն նաև մտահոգություն է հայտնել այն հաղորդումների վերաբերյալ, որ Ադրբեջանում դպրոցական դասագրքերը խթանում են նախապաշարմունքները և ռասայական ատելություն են հրահրում, հատկապես էթնիկ հայերի նկատմամբ։ Ըստ ներկայացված տեղեկատվության, հայերի նկատմամբ ատելությունը դրսևորվում է նաև սպորտում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու վերացման միջոցով։