Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի հանրային քննարկում
Հուլիսի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը կազմակերպել էին Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի նախագծային լուծումներին նվիրված հանրային քննարկում, որին մասնակցել են ոստիկանության ղեկավար կազմը, պետական մարմինների և գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, հասարակական ու իրավապաշտպան կազմակերպությունների շուրջ 50 ներկայացուցիչ։
Մինչ հանրային այս քննարկումը Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի համակարգմամբ քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ պատրաստել և ՆԳՆ էին ներկայացրել ռազմավարության վերաբերյալ առաջարկների ու դիտարկումների համապարփակ փաթեթ։
Բացելով հանրային քննարկումը՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանն ասել է․
«Մեր երկիրն ունի որոշ ձեռքբերումներ ոստիկանության բարեփոխման ոլորտում, և հասարակության մոտ թեև դանդաղ, բայց աճում է վստահությունը պարեկային ոստիկանության հանդեպ։ Բայց մեր պետությունը չունի ժամանակի մեծ շռայլություն, և մենք չենք կարող կանգ առնել այս փոքր ձեռքբերումների վրա։ Տարածաշրջանի և գլոբալ զարգացումները մեզ ստիպում են արագացնել ներհայաստանյան բարեփոխումները, հատկապես՝ ոստիկանության բարեփոխումները, որոնք ուղղակիորեն կապված են մեր երկրի ներքին կայունության ապահովման հետ»։
Նաիրա Սուլթանյանն ընդգծել է՝ քաղաքացիական հասարակությունը ցանկանում է, որ ներհայաստանյան այդ կայունությունը լինի նախևառաջ իրավունքահեն։
«Հենց այս մոտեցումից է գալիս մեր դժգոհությունն ու քննադատությունը ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի, ոստիկանական բռնությունների, անհամաչափ ուժի կիրառման, ինչպես նաև բարեվարքության լուրջ խնդիրների հետ կապված։ Մենք լիովին հասկանում ենք ոստիկանության բարեփոխման հետ կապված բոլոր մարտահրավերների բարդությունը, բայց քաղհասարակության այս դժգոհությունն ու քննադատությունը ընդունեք որպես հանձնառություն մեր կողմից՝ օգնելու ՆԳՆ-ին այս բարեփոխումների կայացման ճանապարհին», — շեշտել է ԺԶՀ տնօրենը։
Միջոցառման բացման խոսքում ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամին և ռազմավարական ծրագրի նախագծման աշխատանքներում ներգրավված քաղաքացիական հասարակության բոլոր գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար։ Նա ողջունել է նաև քաղաքացիական հասարակության հանձնառությունը՝ համատեղ ջանքերով ռազմավարության իրականացումը ապահովելու ուղղությամբ։
Խոսելով ռազմավարական ծրագրի նախագծային փուլին նախորդած ծավալուն նախապատրաստական աշխատանքի մասին՝ փոխնախարարը մատնանշել է քաղհասարակության շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչների հետ անցկացված ֆոկուս-խմբային քննարկումների կարևորությունը, ինչը նախ իր բնույթով աննախադեպ է եղել և, միաժամանակ, թույլ է տվել համատեղ վերլուծել ոլորտային ձեռքբերումները, արձանագրել խնդիրները և ըստ թիրախային ուղղությունների հասցեագրել դրանք։
Անդրադառնալով բարեփոխումների իրականացման հանձնառությանը՝ Արփինե Սարգսյանը նշել է արդեն իսկ մի քանի ուղղությամբ արձանագրված կարևոր նվաճումները, որոնք լավ հենք են ոստիկանական համակարգում դրական փորձառությունը տարածելու և մնացած ուղղություններով բարեփոխումները սահուն շարունակելու համար։ Խոշոր նվաճումների շարքում նա առանձնացրել է ներքին անվտանգության դաշտի նոր դերակատարի, ժողովրդավարական նոր ինստիտուտի՝ ՆԳ նախարարության ձևավորումը։
«Ոստիկանության ոլորտի ամենօրյա գործողությունները, ոստիկանության կողմից նաև ծախսվող ռեսուրսները գտնվում են ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցչական մարմնի՝ ԱԺ վերահսկողության ներքո։ Սա շատ կարևոր ինստիտուցիոնալ նվաճում է այս ոլորտի փոփոխությունների համար, ինչը թույլ կտա էլ ավելի թափանցիկ և էլ ավելի հաշվետու ձևաչափով օգտագործելով Կառավարություն-ԱԺ բոլոր գործիքակազմերը՝ ավելի բաց խոսել այն բոլոր քայլերի մասին, որոնք իրագործվել են, և ընդունել այն բոլոր խնդիրները, որոնք դեռ պետք է հասցեագրվեն և լուծվեն»,-նշել է Արփինե Սարգսյանը:
Արփինե Սարգսյանը մանրամասն ներկայացրել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և 2024-2026 թթ. գործողությունների ծրագրի նախագիծը։ Նա ներկայացրել է ռազմավարական ծրագրի հենասյունային բաղադրիչները, անդրադարձել է ոստիկանական ծառայության, ենթակառուցվածքի, տեխնիկական հագեցվածության և ֆունկցիոնալի լավարկմանը՝ կարևորելով բարեփոխումների իրականացման գործընթացում ներառականության, հանրային ընկալման, ռազմավարական հաղորդակցության ու միջազգային համագործակցության ապահովումը։
Հանդիպման ավարտին ծավալվել է ակտիվ քննարկում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջարկների հիման վրա լրամշակել նախագիծն ու այն ներկայացնել պաշտոնական շրջանառության։
Միջոցառման տեսանյութը՝ այստեղ։