ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում
Նպատակ և գործողություններ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը հրավիրում է ենթադրամաշնորհի հայտադիմում ներկայացնելու ՀՀ-ում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին և կոալիցիաներին, որոնք նպատակ ունեն զարգացնել մարդակենտրոն և իրավունքահեն մոտեցումները Հայաստանում գործող ծննդատներում։
Մասնավորապես՝ դրամաշնորհի նպատակն է հղիության ընթացքում հոգեկան առողջության խնդիրներ և/կամ հետծննդյան դեպրեսիա ունեցող կանանց համար հասանելի դարձնել արդյունավետ և ոչ խտրական հոգեսոցիալական ծառայություններ՝ զարգացնելով Հայաստանում գործող ծննդատների աշխատակիցների և մանկաբարձ-գինեկոլոգների կարողությունները։ Ծառայությունների համընդհանուր հասանելիությունը ապահովելու համար ծրագիրը պետք է ներառի առնվազն մեկ ծննդատուն յուրաքանչյուր մարզից և առնվազն հինգ ծննդատուն Երևանից։
Ծրագրի իրականացման ընթացքում ենթադրամաշնորհառուն կստանա մասնագիտական աջակցություն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից։
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է որ՝
1․ Հայաստանում գործող ծննդատները տրամադրում են արդյունավետ և ոչ խտրական հոգեսոցիալական ծառայություններ,
2․ Հղիության ընթացքում հոգեկան առողջության խնդիրներ և/կամ հետծննդյան դեպրեսիա ունեցող կանանց խնդիրները տեսանելի են,
3․ Հայաստանյան ծննդատներում մանկաբարձ-գինեկոլոգները և համապատասխան անձնակազմը ստեղծում են ապահով միջավայր, որպեսզի ծննդաբերության ընթացքում և հետծննդաբերական շրջանում կանայք բարձրաձայնեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին։
Մրցույթին կարող են դիմել ՀՀ պետական ռեգիստրում գրանցված և ՀՀ-ում գործունեություն իրականացնող շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք (հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ, հիմնադրամներ), որոնք ունեն՝
- Առնվազն 1 տարվա փորձ կանանց առողջությանն և մարդու իրավունքներին առնչվող և/կամ հոգեկան առողջության ոլորտներում,
- Կանանց առողջության և մարդու իրավունքների և/կամ հոգեկան առողջության ոլորտներում աշխատող ազգային կամ տարածաշրջանային կազմակերպությունների կամ ցանցերի հետ աշխատանքային փորձ,
- Առողջապահության նախարարության կամ այլ գերատեսչությունների հետ համագործակցության փորձ,
- Դրամաշնորհների կառավարման փորձ։
Մրցույթի արդյունքում 40,000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ արժողությամբ ենթադրամաշնորհ կտրամադրվի մեկ տեղական կազմակերպության մինչև 12 ամիս տևողությամբ ծրագիր իրականացնելու համար։
Հնարավոր գործողությունների տեսակներ, որոնք կարող են իրականացվել ծրագրի նպատակին հասնելու համար (ներքոնշյալ ցանկը ուղղորդող է և ոչ սպառիչ) ՝
- Վարել վերապատրաստման դասընթացներ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) որակի իրավունքների սկզբունքների հիման վրա,
- Նպաստել հոգեկան առողջության ոլորտում աշխատող կազմակերպությունների/կոալիցիաների միջև փորձի փոխանակմանը և համագործակցությանը,
- Նպաստել առողջապահության և հարակից ոլորտների մասնագետների համար հոգեկան բարեկեցության խթանման և հոգեկան հիվանդությունների ճգնաժամային իրավիճակների կանխարգելման վերաբերյալ ապացուցահեն ուղեցույցների մշակմանը,
- Նպաստել Հայաստանյան ծննդատներում հոգեսոցիալական ծառայություններ տրամադրող մասնագետների խմբի ստեղծմանը,
- Օգտագործել նորարարական մոտեցումներ՝ ուղղված հոգեկան առողջության խնդիրների ճգնաժամային իրավիճակների կանխարգելմանը և տրամադրել խորհրդատվական ծառայություններ հղիության ընթացքում հոգեկան առողջության խնդիրներ և/կամ հետծննդյան դեպրեսիա ունեցող կանանց։
Ծրագրի իրականացման ընթացքում արգելվող գործողություններ՝
- Դրսևորել խտրականություն անհատների կամ խմբերի նկատմամբ՝ նրանց սեռի, սեռական կողմնորոշման, կրոնական համոզմունքների կամ դրանց բացակայության, նրանց էթնիկ ծագման հիման վրա,
- Ցուցաբերել աջակցություն քաղաքական կուսակցություններին,
- Իրականացնել գործողություններ, որոնք վերաբերում են միայն/հիմնականում՝ աշխատաժողովներին, սեմինարներին, կոնֆերանսներին և կոնգրեսներին մասնակցելուն,
- Իրականացնել գործողություններ, որոնք վերաբերում են միայն/հիմնականում անհատական կրթաթոշակներին՝ ուսման կամ վերապատրաստման դասընթացների համար,
- Տրամադրել դրամաշնորհներ այլ կազմակերպություններին կամ անհատներին։
Ծրագրի իրականցման ընթացքում արգելվող ծախսեր՝
- Պարտքեր և պարտքի սպասարկման վճարների (տոկոսներ) մարում,
- Վնասների կամ հնարավոր ապագա պարտավորությունների համար պահուստ,
- Հողատարածքների, անշարժ և շարժական գույքի ձեռքբերում,
- Արտարժույթի փոխանակման կորուստներ,
- Ոչ դրամական ներդրումներ (բացառությամբ կամավորների աշխատանքի),
- Պարգևավճարներ, որոնք ներառված են անձնակազմի ծախսերում,
- Վարկեր երրորդ անձանց,
- Պետական ծառայողների, պատգամավորների աշխատավարձի ծախսեր։
Ընտրության կարգը
Դիմորդները պետք է ուղարկեն ծրագրի առաջարկները էլեկտրոնային եղանակով, հայերեն կամ անգլերեն [email protected] հասցեին մինչև հոկտեմբերի 28-ը՝ ժամը 18։00: Ծրագրի առաջարկի հայտաձևը հասանելի է հայերենով և անգլերենով: Ծրագրի բյուջեն անհրաժեշտ է ներկայացնել Եվրոյով։
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ (ավելի մանրամասն ներկայացված է հայտաձևում)՝
- Ծրագրի առաջարկի հայտաձև մանրամասն բյուջեով,
- Կազմակերպչական կառուցվածքի նկարագիր,
- Կազմակերպության կանոնադրություն,
- Կազմակերպության ներքին կանոնակարգ,
- Պետռեգիստրի վկայական,
- Վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունը,
- Երեք երաշխավորական նամակ,
- Տարեկան աուդիտի եզրակացություն (2023թ․)- առկայության դեպքում։
Ծրագրի առաջարկները կգնահատվեն ընտրող հանձնաժողովի կողմից հետևյալ չափանիշների հիման վրա՝
Չափանիշ | Միավոր |
Ծրագրի նպատակահարմարությունը և խնդրի հիմնավորվածությունը | 25 |
Ծրագրի կայունությունը և ծախսերի արդյունավետությունը՝ բյուջեի համապատասխանությունը ծրագրային գործողություններին | 25 |
Աշխատանքում իրավունքահեն մոտեցում | 20 |
Ենթադրամաշնորհը իրականացնելու համար տեսանելի կարողություն՝ արտահայտված կազմակերպության ֆունկցիոնալ կառուցվածքով | 15 |
Դրամաշնորհների արդյունավետ կառավարման փորձ | 15 |
Հայտաձևին առնչվող հարցերին պատասխանելու նպատակով տեղի կունենա հանդիպում ԺԶՀ գրասենյակում սեպտեմբերի 30-ին` ժամը 15։00-ին: Հանդիպմանը գրանցվելու համար պետք է նախապես ուղարկել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև սեպտեմբերի 27-ը՝ ժամը 18։00:
Ծրագրի մասին
Ենթադրամաշնորհը տրամադրվում է «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» վերնագրով ԵՄ կողմից ֆինանսավորվող եռամյա ծրագրի շրջանակում։ Ծրագիրը իրականացվում է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի ղեկավարությամբ, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ), «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա հետ համագործակցությամբ։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքահեն մոտեցման ներդրմանը, որը կօգնի մշակել մատչելի և ներառական հոգեկան առողջության ծառայությունների մեխանիզմներ և քաղաքականություն, ինչպես նաև կխթանի հասարակության դրական վերաբերմունքը Հայաստանում հոգեկան առողջության նկատմամբ:
Ծրագրի ընթացքում կմշակվի հոգեկան առողջության ոլորտի համար իրավունքահեն քաղաքականություն՝ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներին և միջազգային չափանիշներին համապատասխան, կիրականացվի ջատագովություն իրավունքահեն քաղաքականությունների ներդրման և լավարկման ինչպես նաև գործող հոգեսոցիալական ծառայությունների լավարկման ուղղությամբ։ Կմշակվեն և կփորձարկվեն ՀՀ-ում հոգեկան առողջության համայնքային նոր ծառայությունների մոդելներ և վաղ հայտնաբերման մեխանիզմներ, ինչպես նաև իրականացվող գործողությունների արդյունքում կբարձրացվի հասարակության իրազեկվածությունն ու հետաքրքրությունը հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ՝ շեշտը դնելով առկա խարանի և խտրական վերաբերմունքի նվազեցման վրա:
Ծրագրի ընթացքում կիրականացվեն գործողություններ ուղղված ոլորտի տարբեր մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացմանը։