ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ 2025

Նպատակ և գործողություններ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը հրավիրում է ենթադրամաշնորհի հայտադիմում ներկայացնելու ՀՀ-ում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին և կոալիցիաներին, որոնք նպատակ ունեն զարգացնել հոգեկան առողջության ոլորտում համայնքահենք, մարդակենտրոն և իրավունքահեն մոտեցումները Հայաստանում։

Մասնավորապես՝ ենթադրամաշնորհի նպատակն է  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար հասանելի դարձնել արդյունավետ և ոչ խտրական համայնահենք ծառայությունները՝ Հայաստանի Հանրապետության Արարատի և Շիրակի մարզերում ներդնելով հոգեկան առողջության բազմամասնագիտական շարժական (մոբիլ) պիլոտային ծառայություն։ Ծառայության նպատակն է տրամադրել համալիր հոգեբուժական և հոգեսոցիալական աջակցության ծառայություններ այն անձանց, որոնք չեն դիմում հոգեբուժական օգնության և սպասարկման ծառայությունների կամ չեն կարող ստանալ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման ծառայություններ: Ծառայության արդյունավետ մատուցումը կբարելավի մարդկանց կյանքի որակը և կնվազեցնի հոսպիտալացման դեպքերը։

Շարժական (մոբիլ) պիլոտային ծառայության շահառուներ են հանդիսանում 18 տարեկանից բարձր այն անձինք, որոնք իրենց բնակության վայրի տարածքը սպասարկող արտահիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող հոգեբուժական կազմակերպության կողմից հաշվառվել են որպես հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ կամ ստացել են արտահիվանդանոցային խորհրդատվական բժշկական օգնություն և սպասարկում։

Հայաստանի Հանրապետության Արարատի և Շիրակի մարզերում հոգեկան առողջության ծառայությունների հասանելիությանը նպաստելու համար անհրաժեշտ է ստեղծել մեկական հոգեկան առողջության բազմամասնագիտական շարժական (մոբիլ) թիմ  յուրաքանչյուր մարզում և ապահովել փորձարարական կարգով ներդրված հոգեկան առողջության շարժական (մոբիլ) պիլոտային ծառայության անխափան աշխատանքը՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Արարատի, Շիրակի մարզպետարանների աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների, ինչպես նաև ոլորտում գործող հասարարական կազմակերպությունների հետ։

Ծրագրի իրականացման ընթացքում ենթադրամաշնորհառուն կստանա մասնագիտական աջակցություն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից։

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում  է որ՝

1․ Հայաստանի Հանրապետության Արարատի և Շիրակի մարզերում ստեղծվել են բազմամասնագիտական շարժական (մոբիլ) պիլոտային թիմեր, որոնք տրամադրում են արդյունավետ և ոչ խտրական հոգեսոցիալական ծառայություններ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։

2․ Հայաստանի Հանրապետության Արարատի և Շիրակի մարզերի համայնքներում ապրող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնդիրները տեսանելի են։

3․ Ստեղծված բազմամասնագիտական շարժական (մոբիլ) պիլոտային թիմերը ստեղծում են ապահով միջավայր, որպեսզի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք բարձրաձայնեն իրենց խնդիրների մասին։

4․ Ծառայության արդյունավետ մատուցումը բարելավում է շահառուների կյանքի որակը և նվազեցնում է հոսպիտալացման դեպքերը։

Ընտրության կարգը

Մրցույթի արդյունքում կտրամադրվեն երկու ենթադրամաշնորհներ՝ յուրաքանչյուրը 100,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ արժողությամբ, երկու կազմակերպությունների։ Յուրաքանչյուր ներկայացված ծրագիր պետք է իրականացվի մեկ մարզում՝ կա՛մ Արարատում, կա՛մ Շիրակում։ Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ներկայացնել մեկ հայտադիմում մեկ մարզի համար։

Ծրագրի տևողություն

  • Նվազագույնը՝ 12 ամիս
  • Առավելագույնը՝ 18 ամիս

 

Մրցույթին կարող են դիմել այն կազմակերպությունները, որոնք

  • գրանցված են ՀՀ պետական ռեգիստրում և գործունեություն են ծավալում Հայաստանում
  • համարվում են շահույթ չհետապնդող իրավաբանական անձ (հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ, հիմնադրամներ)

 

Ծրագրի առաջարկները կգնահատվեն ընտրող հանձնաժողովի կողմից հետևյալ չափանիշների հիման վրա՝

Չափանիշ Միավոր
Համապատասխան փորձ հոգեկան առողջության ոլորտում[1] 30
Ծրագրի նպատակահարմարությունը և խնդրի հիմնավորվածությունը 20
Ծրագրի կայունությունը և ծախսերի արդյունավետությունը՝ բյուջեի համապատասխանությունը ծրագրային գործողություններին 20
Աշխատանքում իրավունքահեն մոտեցման արդյունավետ կիրառում 10
Ենթադրամաշնորհը իրականացնելու համար տեսանելի կարողություն արտահայտված կազմակերպության ֆունկցիոնալ կառուցվածքով 10
Դրամաշնորհների արդյունավետ կառավարման փորձ 10

Հնարավոր գործողությունների տեսակներ, որոնք կարող են իրականացվել ծրագրի նպատակին հասնելու համար (ներքոնշյալ ցանկը ուղղորդող է և ոչ սպառիչ)

  • Ստեղծել բազմամասնագիտական ​​հոգեկան առողջության շարժական (մոբիլ) ծառայություններ
  • Նպաստել Հայաստանի Հանրապետության մարզերում շարժական (մոբիլ) պիլոտային ծառայությունների ներդրմանն ու ընդլայնմանը
  • Հետազոտությունների, առկա տվյալների, հարցումների միջոցով վեր հանել մոբիլ ծառայությունների և այլ հոգեսոցիալական ծառայությունների կարիք ունեցող անձանց վերաբերյալ տեղեկատվություն` պահպանելով անձնական տվյալների գաղտնիությունը
  • Կազմակերպել բազմամասնագիտական թիմերի համար վերապատրաստման դասընթացներ հոգեկան առողջության շարժական (մոբիլ) պիլոտային ծառայություններ տրամադրելու վերաբերյալ
  • Մշակել տեղեկատվական և իրազեկման, օգտատերերի համար հասանելի նյութեր և իրականացնել արշավներ՝ ուղղված ավելի լայն բնակչության և խոցելի խմբերին (մասնավորապես Արարատի և Շիրակի մարզերում)՝ նպատակ ունենալով բարելավել հոգեկան առողջության գրագիտությունը, նվազեցնել խարանը, բարձրացնել հոգեկան առողջության մասին հանրային ըմբռնումը և փաստաթղթավորել լավագույն փորձը հետագա քաղաքականության և ծրագրերի մշակման համար
  • Նպաստել հոգեկան առողջության ոլորտում աշխատող կազմակերպությունների/կոալիցիաների միջև փորձի փոխանակմանը և համագործակցությանը
  • Նպաստել առողջապահության և հարակից ոլորտների մասնագետների համար հոգեկան բարեկեցության խթանման և հոգեկան հիվանդությունների ճգնաժամային իրավիճակների կանխարգելման վերաբերյալ ապացուցահեն ուղեցույցների մշակմանը
  • Օգտագործել նորարարական մոտեցումներ՝ ուղղված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համայնքում անկախ ապրելու իրավունքի ապահովմանը
  • Գործարկել հոգեկան առողջության օգնության գծեր/թեժ գծեր՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բնակչությանը վերապատրաստված կամ մասնագիտական ​​աջակցություն առաջարկելու համար

 

Ծրագրի իրականացման ընթացքում արգելվող գործողություններ

  • Դրսևորել խտրականություն անհատների կամ խմբերի նկատմամբ՝ նրանց սեռի, սեռական կողմնորոշման, կրոնական համոզմունքների կամ դրանց բացակայության, նրանց էթնիկ ծագման հիման վրա
  • Ցուցաբերել աջակցություն քաղաքական կուսակցություններին
  • Իրականացնել գործողություններ, որոնք վերաբերում են միայն/հիմնականում՝ աշխատաժողովներին, սեմինարներին, կոնֆերանսներին և կոնգրեսներին մասնակցելուն
  • Իրականացնել գործողություններ, որոնք վերաբերում են միայն/հիմնականում անհատական ​​կրթաթոշակներին՝ ուսման կամ վերապատրաստման դասընթացների համար
  • Տրամադրել դրամաշնորհներ այլ կազմակերպություններին կամ անհատներին

 

Ծրագրի իրականացման ընթացքում արգելվող ծախսեր

  • Պարտքեր և պարտքի սպասարկման վճարների (տոկոսներ) մարում
  • Վնասների կամ հնարավոր ապագա պարտավորությունների համար պահուստ
  • Հողատարածքների, անշարժ և շարժական գույքի ձեռքբերում
  • Արտարժույթի փոխանակման կորուստներ
  • Ոչ դրամական ներդրումներ (բացառությամբ կամավորների աշխատանքի)
  • Պարգևավճարներ, որոնք ներառված են անձնակազմի ծախսերում
  • Վարկեր երրորդ անձանց
  • Պետական ծառայողների, պատգամավորների աշխատավարձի ծախսեր

Դիմորդները պետք է ուղարկեն ծրագրի առաջարկները էլեկտրոնային եղանակով, հայերենով [email protected] հասցեին մինչև հունիսի 16-ը՝ ժամը 18։00: Ծրագրի առաջարկի հայտաձևը հասանելի է այստեղ: Ծրագրի բյուջեն անհրաժեշտ է ներկայացնել եվրոյով։

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ (ավելի մանրամասն ներկայացված է հայտաձևում)

  • Ծրագրի առաջարկի հայտաձև մանրամասն բյուջեով
  • Կազմակերպչական կառուցվածքի նկարագիր
  • Կազմակերպության կանոնադրություն
  • Կազմակերպության ներքին կանոնակարգ
  • Պետռեգիստրի վկայական
  • Վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունը
  • Երեք երաշխավորական նամակ
  • Տարեկան աուդիտի եզրակացություն (2024թ․) — առկայության դեպքում

 

Թերի և/կամ վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտադիմումները չեն դիտարկվելու։

 

Հայտաձևին առնչվող հարցերին պատասխանելու նպատակով տեղի կունենա հանդիպում ԺԶՀ գրասենյակում մայիսի 29-ին` ժամը 15։00-ին: Հանդիպմանը գրանցվելու համար պետք է նախապես ուղարկել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև մայիսի 27-ը՝ ժամը 18։00:

 

Ծրագրի մասին

Ենթադրամաշնորհը տրամադրվում է «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» վերնագրով Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող եռամյա ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա հետ համագործակցությամբ։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքահեն մոտեցման ներդրմանը, որը կօգնի մշակել մատչելի և ներառական հոգեկան առողջության ծառայությունների մեխանիզմներ և քաղաքականություն, ինչպես նաև կխթանի հասարակության դրական վերաբերմունքը Հայաստանում հոգեկան առողջության նկատմամբ:

Ծրագրի ընթացքում կմշակվի հոգեկան առողջության ոլորտի համար իրավունքահեն քաղաքականություն՝ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներին և միջազգային չափանիշներին համապատասխան, կիրականացվի ջատագովություն իրավունքահեն քաղաքականությունների ներդրման և լավարկման ինչպես նաև գործող հոգեսոցիալական ծառայությունների լավարկման ուղղությամբ։ Կմշակվեն և կփորձարկվեն Հայաստանում հոգեկան առողջության համայնքային նոր ծառայությունների մոդելներ և վաղ հայտնաբերման մեխանիզմներ, ինչպես նաև իրականացվող գործողությունների արդյունքում կբարձրացվի հասարակության իրազեկվածությունն ու հետաքրքրությունը հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ՝ շեշտը դնելով առկա խարանի և խտրական վերաբերմունքի նվազեցման վրա:

Ծրագրի ընթացքում կիրականացվեն գործողություններ ուղղված ոլորտի տարբեր մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացմանը։

[1] Հոգեսոցիալական աջակցություն, խորհրդատվություն, հոգեթերապիա, հոգեբուժական ծառայություններ, վերականգնման ծառայություններ, ճգնաժամային կառավարում, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, մասնակցություն հոգեկան առողջության ոլորտում քաղաքականության փաստաթղթերի մշակմանը, հոգեկան առողջության ոլորտում պետական ​​քաղաքականության մոնիտորինգ և գնահատում: