Ենթադրամաշնորհների բաց մրցույթ «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում

Նպատակ և գործողություններ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) հրավիրում է ենթադրամաշնորհի հայտադիմում ներկայացնելու ՀՀ-ում գրանցված և գործող Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հասարակական կազմակերպություններին, որոնք ունեն մարդու իրավունքներին առնչվող ծրագրերի իրականացման հաջողված փորձ և նպատակ ունեն լուծելու ԼՂ-ից տեղահանվածների շրջանում առկա մարդու իրավունքների խնդիրները։
Ենթադրամաշնորհի նպատակն է քննարկումների միջոցով վերհանել առաջնային կարևորություն ունեցող խնդիրները, որոնց բախվում են ԼՂ-ից տեղահանվածները, և քայլեր ձեռնարկել դրանց լուծման համար։ Մրցույթի շրջանակում ենթադրամաշնորհ կտրվի երեք կազմակերպության՝ անցկացնելու հինգ քննարկում (երկուսը Երևանում և երեքը մարզերում) տեղահանվածների տարբեր խմբերի հետ և իրականացնելու ծրագրեր՝ ուղղված մարդու իրավունքների արձանագրված խնդիրների լուծմանը։ Ակնկալվում է, որ ընտրված կազմակերպությունները սերտ կաշխատեն ԺԶՀ-ի հետ՝ ապահովելու աշխատանքում իրավունքահեն մոտեցում։ Քննարկումների կազմակերպման հետ կապված ծախսերը կիրականացվեն ԺԶՀ-ի կողմից։
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է․
1․ ԼՂ-ից տեղահանված համայնքի ներկայացուցիչները կբարձրաձայնեն իրենց մտահոգությունները,
2․ Կքարտեզագրվեն մարդու իրավունքների խնդիրները, որոնց բախվում են ԼՂ-ից տեղահանվածները,
3․ Քայլեր կձեռնարկվեն հավաքագրված խնդիրների լուծման համար։
Մրցույթին կարող են դիմել հետևյալ երկու պահանջներին բավարարող կազմակերպությունները․
- ՀՀ պետական ռեգիստրում գրանցված և ՀՀ-ում գործունեություն իրականացնող շահույթ չհետապնդող կազմակերպությունները,
- Շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնք իրենց ղեկավար կազմում ունեն փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (տնօրեն կամ փոխտնօրեն)։
Ենթադրամաշնորհների մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 150,000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։ Մրցույթի շրջանակում 3 առանձին ենթադրամաշնորհ կտրամադրվի երեք կազմակերպության (յուրաքանրյուրին 50,000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ )՝ 12-ից (նվազագույնը) մինչև 24 (առավելագույնը) ամիս տևողությամբ ծրագիր իրականացնելու համար։
Գործողությունների տեսակներ, որոնք կարող են իրականացվել ծրագրի նպատակին հասնելու համար (ներքոնշյալ ցանկը ուղղորդող է և ոչ սպառիչ)․
- Հասցեագրել տեղահանված բնակչության շրջանում մարդու իրավունքների խախտումները,
- Իրականացնել ջատագովության արշավներ՝ տեղահանվածների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության համար,
- Իրականացնել հասարակական նախաձեռնություններ (օրինակ՝ թիրախային քննարկումներ), որոնք կնպաստեն ԼՂ-ից տեղահանվածների շրջանում առկա մարտահրավերների վերհանմանը,
- Վերհանել փախստականների այն մտահոգությունները, որոնք հանրային խոսույթից դուրս են մնում։
Ծրագրի իրականացման ընթացքում արգելվող գործողություններ․
- Իրականացնել գործողություններ, որոնք վերաբերում են միայն/հիմնականում՝ աշխատաժողովներին, սեմինարներին, կոնֆերանսներին և կոնգրեսներին մասնակցելուն,
- Իրականացնել գործողություններ, որոնք վերաբերում են միայն/հիմնականում անհատական կրթաթոշակներին՝ ուսման կամ վերապատրաստման դասընթացների համար,
- Տրամադրել դրամաշնորհներ այլ կազմակերպություններին կամ անհատներին,
- Դրսևորել խտրականություն անհատների կամ խմբերի նկատմամբ՝ նրանց սեռի, սեռական կողմնորոշման, կրոնական համոզմունքների կամ դրանց բացակայության, նրանց էթնիկ ծագման հիման վրա,
- Ցուցաբերել աջակցություն քաղաքական կուսակցություններին։
Ծրագրի իրականացման ընթացքում արգելվող ծախսեր․
- Պարտքեր և պարտքի սպասարկման վճարների (տոկոսներ) մարում, վնասների կամ հնարավոր ապագա պարտավորությունների համար պահուստ,
- Հողատարածքների, անշարժ և շարժական գույքի ձեռքբերում,
- Արտարժույթի փոխանակման կորուստներ,
- Ոչ դրամական ներդրումներ (բացառությամբ կամավորների աշխատանքի),
- Պարգևավճարներ, որոնք ներառված են անձնակազմի ծախսերում,
- Վարկեր երրորդ անձանց,
- Պետական ծառայողների, պատգամավորների աշխատավարձի ծախսեր։
Ընտրության կարգը
Դիմորդները պետք է ուղարկեն ծրագրի առաջարկները էլեկտրոնային եղանակով, հայերեն [email protected] հասցեին մինչև հունիսի 16-ը՝ ժամը 18։00: Ծրագրի առաջարկի հայտաձևը հասանելի է հայերենով: Ծրագրի բյուջեն անհրաժեշտ է ներկայացնել Եվրոյով։
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ (ավելի մանրամասն ներկայացված է հայտաձևում)․
- Ծրագրի առաջարկի հայտաձև մանրամասն բյուջեով,
- Կազմակերպչական կառուցվածքի նկարագիր,
- Կազմակերպության կանոնադրություն,
- Կազմակերպության ներքին կանոնակարգ,
- Պետռեգիստրի վկայական,
- Տարեկան ֆինանսական վերջին հաշվետվությունը,
- Երեք երաշխավորական նամակ,
- Տարեկան աուդիտի եզրակացություն (2024թ․) — առկայության դեպքում։
Ծրագրի առաջարկները կգնահատվեն հանձնաժողովի կողմից հետևյալ չափանիշների հիման վրա․
| Չափանիշ | Միավոր[1] |
| Մարդու իրավունքներին առընչվող ծրագրերի իրականացման հաջողված փորձ
ԼՂ-ից տեղահանվածների հետ աշխատանքի փորձ |
0-10
0-10 |
| Ենթադրամաշնորհն իրականացնելու համար անհրաժեշտ կադրային և ֆունկցիոնալ կարողություններ | 0-20 |
| Նախաձեռնության շրջանակում իրականացվող ծրագրերի (առնվազն հինգ) հստակ կառուցվածք | 0-20 |
| Բյուջեի ողջամիտ բաշխում՝ համապատասխանեցված ծրագրային գործողությունների հետ | 0-20 |
| Իրատեսական մոտեցում, թե ծրագրի իրականացումն ինչպես է ներառելու տեղահանված անձանց տարբեր խմբերի տեսակետները | 0-20 |
Հայտաձևին առնչվող հարցերին պատասխանելու նպատակով տեղի կունենա տեղեկատվական հանդիպում ԺԶՀ գրասենյակում մայիսի 30-ին` ժամը 15:00-ին: Հանդիպմանը գրանցվելու համար պետք է նախապես ուղարկել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև մայիսի 27-ը՝ ժամը 18:00:
Ծրագրի մասին
Ենթադրամաշնորհը տրամադրվում է «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։
Կազմակերպության մասին
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) ձգտում է նպաստել Հայաստանում ժողովրդավարության, անվտանգության և մարդու իրավունքների առաջխաղացմանը՝ աջակցելով ժողովրդավարության կողմնակիցներին և ստեղծելով ընդհանուր արժեքների և փորձի վրա հիմնված գործընկերություններ։
Մեր տեսլականն է այն Հայաստանը, որտեղ երաշխավորված են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, արժանապատվությունը, խաղաղությունը, անվտանգությունը, քաղաքացիական մասնակցությունը և սոցիալական արդարությունը։
ԺԶՀ-ն համախմբում է քաղաքացիական հասրակության կազմակերպություններին՝ զարգացնելով ՔՀԿ-ների ամուր դաշինքներ՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների։
[1] Գնահատման գործընթացը ներառում է միավորային համակարգի կիրառում (0-ից 100 միավոր) ներկայացված հայտերը գնահատելու համար։