Ենթադրամաշնորհների բաց մրցույթ «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում

Նպատակ և գործողություններ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը հրավիրում է ենթադրամաշնորհի հայտադիմում ներկայացնելու ՀՀ-ում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին և կոալիցիաներին, որոնք իրենց գործունեությամբ նպատակ ունեն նպաստել հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև հանրության լայն շրջանակներում հոգեկան առողջության/հոգեկան առողջության ծառայություններից օգտվող անձանց վերաբերյալ խարանի նվազեցմանը։

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է՝

  1. Բարձրացնել հոգեկան առողջության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը և նպաստել հանրության լայն շրջանակների կողմից հոգեկան առողջության ծառայություններից օգտվող անձանց նկատմամբ խարանից և կարծրատիպերից զերծ վերաբերմունքը,
  2. Ստեղծել և լայնորեն տարածել հոգեկան առողջության վերաբերյալ դրական և օբյեկտիվ պատկերացումներ խթանող ստեղծարար և որակյալ մեդիա բովանդակություն։
  3. Իրականացնել սոցիալական արշավներ, ինչպես նաև՝ մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն հոգեկան առողջության թեմայի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացմանը և բաց ու իրազեկ քննարկումներին։
  4. Նպաստել, որպեսզի լրագրողներն ու մեդիա գործիչներն առավել հաճախ և պրոֆեսիոնալ կերպով անդրադառնան հոգեկան առողջության թեմային՝ այսպիսով այն դարձնելով հանրային խոսույթի և օրակարգի առանցքային մաս։

 

Ընտրության կարգը՝

Մրցույթի արդյունքում կտրամադրվի 40,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ արժողությամբ երկու ենթադրամաշնորհ երկու կազմակերպության։

Ծրագրի տևողությունը՝

  • 12 ամիս

Մրցույթին կարող են դիմել այն կազմակերպությունները որոնք՝

  • գրանցված են ՀՀ պետական ռեգիստրում և գործունեություն են ծավալում Հայաստանում,
  • համարվում են շահույթ չհետապնդող իրավաբանական անձ։

 

Ծրագրի առաջարկները կգնահատվեն ընտրող հանձնաժողովի կողմից հետևյալ չափանիշների հիման վրա՝

Չափանիշ Միավոր
Կազմակերպության փորձը 30
Ծրագրի նպատակահարմարությունը և խնդրի հիմնավորվածությունը 25
Ծրագրի կայունությունը և ծախսերի արդյունավետությունը՝ բյուջեի համապատասխանությունը ծրագրային գործողություններին 25
Ենթադրամաշնորհը իրականացնելու համար տեսանելի կարողություն արտահայտված կազմակերպության ֆունկցիոնալ կառուցվածքով 10
Դրամաշնորհների արդյունավետ կառավարման փորձ 10

 

Ծրագրի նպատակին հասնելու համար հնարավոր գործողությունների տեսակներ (ստորև ներկայացված ցանկը ներկայացված է որպես ուղղորդող և ոչ սպառիչ)։

  • Մշակել տեղեկատվական և իրազեկող նյութեր և իրականացնել արշավներ՝ ուղղված ինչպես լայն հանրությանը, այնպես էլ խոցելի խմբերին, նպատակ ունենալով բարձրացնել նրանց հոգեկան առողջության գրագիտությունը, հմտությունները (օր.՝ սթրեսի կառավարման և հաղթահարման մեխանիզմների վերաբերյալ), նվազեցնել խարանավորումը, բարձրացնել հանրային իրազեկվածությունը համայնքահենք ծառայությունների վերաբերյալ և փաստագրել լավագույն փորձերը։
  • Ներգրավել ինֆլուենսերներին, լրագրողներին և հանրային դեմքերին՝ որպես հոգեկան առողջության դեսպաններ՝ հիմնական ուղերձները տարածելու և բազմազան լսարանին հասնելու նպատակով։
  • Համագործակցել կրթական հաստատությունների և ոլորտի դերակատարների հետ՝ հոգեկան առողջության թեմաների կարևորության վերաբերյալ մեդիա գրագիտության բարձրացման և հոգեկան առողջությանն առնչվող հետաքննական լրագրության խթանման նպատակով։
  • Կազմակերպել ինտերակտիվ տեղեկատվական արշավներ (սոցցանցային մարտահրավերներ, առցանց հարցուպատասխան սեսիաներ, վեբինարներ)՝ խթանելու համայնքային ներգրավվածությունն ու գիտելիքների փոխանակումը։
  • Համագործակցել հոգեկան առողջության ոլորտի մասնագետների և կազմակերպությունների հետ՝ ապահովելու բովանդակության ճշգրտությունը և ստեղծելու մասնագիտական գիտելիքներով և մարդակենտրոն, իրավահեն մոտեցմամբ առաջնորդվող իրազեկման նյութեր։
  • Ներգավել շահագրգիռ բոլոր կողմերին համակարգված և կայուն ազդեցություն ունենալու համար։

 

Ծրագրի իրականացման ընթացքում արգելվող գործողություններ՝

  • դրսևորել խտրականություն անհատների կամ խմբերի նկատմամբ՝ նրանց հաշմանդամության, սեռի, սեռական կողմնորոշման, կրոնական համոզմունքների կամ դրանց բացակայության, նրանց էթնիկ ծագման, քաղաքական դիրքորոշումների կամ այլ պաշտպանված հատկանիշների հիման վրա,
  • ցուցաբերել աջակցություն քաղաքական կուսակցություններին,
  • իրականացնել գործողություններ, որոնք վերաբերում են միայն/հիմնականում՝ աշխատաժողովներին, սեմինարներին, կոնֆերանսներին և կոնգրեսներին մասնակցելուն,
  • իրականացնել գործողություններ, որոնք վերաբերում են միայն/հիմնականում անհատական ​​կրթաթոշակներին՝ ուսման կամ վերապատրաստման դասընթացների համար,
  • տրամադրել դրամաշնորհներ այլ կազմակերպություններին կամ անհատներին։

 

Ծրագրի իրականացման ընթացքում արգելվող ծախսեր՝

  • պարտքեր և պարտքի սպասարկման վճարների (տոկոսներ) մարում,
  • վնասների կամ հնարավոր ապագա պարտավորությունների համար պահուստ,
  • հողատարածքների, անշարժ և շարժական գույքի ձեռքբերում,
  • արտարժույթի փոխանակման կորուստներ,
  • ոչ դրամական ներդրումներ (բացառությամբ կամավորների աշխատանքի),
  • պարգևավճարներ, որոնք ներառված են անձնակազմի ծախսերում,
  • վարկեր երրորդ անձանց,
  • պետական ծառայողների, պատգամավորների աշխատավարձի ծախսեր։

 

Դիմորդները պետք է ուղարկեն ծրագրի հայտերը էլեկտրոնային եղանակով, հայերեն կամ անգլերեն [email protected] հասցեին մինչև դեկտեմբերի 14-ը՝ ժամը 18։00: Ծրագրի առաջարկի հայտաձևը հասանելի է այստեղ: Ծրագրի բյուջեն անհրաժեշտ է ներկայացնել Եվրոյով։

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ (ավելի մանրամասն ներկայացված է հայտաձևում)՝

  • Ծրագրի առաջարկի հայտաձև մանրամասն բյուջեով,
  • Կազմակերպության կառուցվածքի նկարագիր,
  • Կազմակերպության կանոնադրություն,
  • Կազմակերպության ներքին կանոնակարգ,
  • Պետռեգիստրի վկայական,
  • Նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը,
  • Երեք երաշխավորական նամակ,
  • Տարեկան աուդիտի եզրակացություն (2024թ․)(առկայության դեպքում)։

 

Թերի և/կամ վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտադիմումները չեն դիտարկվելու։

Հայտաձևին առնչվող հարցերին պատասխանելու նպատակով տեղի կունենա հանդիպում ԺԶՀ գրասենյակում նոյեմբերի 25-ին` ժամը 15։00-ին։ Հանդիպմանը գրանցվելու համար պետք է նախապես ուղարկել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև նոյեմբերի 24-ը՝ ժամը 12։00:

Ծրագրի մասին

Ենթադրամաշնորհը տրամադրվում է «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» վերնագրով ԵՄ կողմից ֆինանսավորվող եռամյա ծրագրի շրջանակում։ Ծրագիրը իրականացվում է  «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի ղեկավարությամբ, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա հետ համագործակցությամբ։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքահեն մոտեցման ներդրմանը, որը կօգնի մշակել հոգեկան առողջության ծառայությունների մատչելի և ներառական  մեխանիզմներ և քաղաքականություն, ինչպես նաև կխթանի հասարակության դրական վերաբերմունքը Հայաստանում հոգեկան առողջության եւ հոգեկան առողջության ծառայություններից օգտվող անձանց նկատմամբ:

Ծրագրի ընթացքում կմշակվի հոգեկան առողջության ոլորտի համար իրավունքահեն քաղաքականություն՝ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներին և միջազգային չափանիշներին համապատասխան, կիրականացվի ջատագովություն իրավունքահեն քաղաքականությունների ներդրման և լավարկման ինչպես նաև գործող հոգեսոցիալական ծառայությունների լավարկման ուղղությամբ։ Կմշակվեն և կփորձարկվեն ՀՀ-ում հոգեկան առողջության համայնքային նոր ծառայությունների մոդելներ և վաղ հայտնաբերման մեխանիզմներ, ինչպես նաև իրականացվող գործողությունների արդյունքում կբարձրացվի հասարակության իրազեկվածությունն ու հետաքրքրությունը հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ՝ շեշտը դնելով առկա խարանի և խտրական վերաբերմունքի նվազեցման վրա:

Ծրագրի ընթացքում կիրականացվեն գործողություններ ուղղված ոլորտի տարբեր մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացմանը։