Մարդու իրավունքներ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը համագործակցում է ՔՀԿ-ների, կոալիցիաների, փորձագետների, ակտիվիստների, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ՝ մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրությունը և օրենքի արդյունավետ կիրարկումը բարելավելու համար: Տվյալ ոլորտում մեր թեմատիկ առաջնահերթություններն են հավաքների, միավորումների, ազատ արտահայտման, արդար դատավարության և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների պաշտպանությունը։
Այս ոլորտում գործողությունները ներառում են մշտադիտարկում, փաստաթղթավորում, շահերի պաշտպանություն, քաղաքականության մշակում և ռազմավարական դատավարություն՝ երաշխավորելու բոլոր անհատների արդար պաշտպանությունը և ապահովելու նրանց իրավունքների և ազատությունների լիարժեք իրացումը:
2023 թվականին ԺԶՀ աջակցել է քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների մշտադիտարկմանը, որպեսզի ամենախոցելի վիճակում գտնվող անձինք ունենան պաշտպանության պատշաճ երաշխիքներ։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի հետ համատեղ մենք ջատագովություն ենք իրականացրել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մշտադիտարկման, ինչպես նաև նոր ռազմավարության մշակման ուղղությամբ։ ԺԶՀ աջակցությամբ ՀՔԱՎ-ը տրամադրել է իրավաբանական խորհրդատվություն և դատական պաշտպանություն 1000-ից ավելի մարդկանց, այդ թվում՝ զինծառայողների, դատապարտյալների, բռնության զոհերի, սոցիալական խոցելի իրավիճակում գտնվող անձանց, իրականացրել է ռազմավարական դատավարություններ խոշտանգումներից զերծ մնալու, կյանքի, աշխատանքային և այլ հիմնարար իրավունքների պաշտպանության շրջանակներում։ 2023 թ․-ին -ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՔԱՎ-ի 3 ռազմավարական գործերով կայացրել է վճիռ։
Մեր համագործակցությունը ՀՀ ներքին գործերի նախարարության և քաղաքացիական հասարակության կառույցների հետ միտված է Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության մշակմանը, ձերբակալված անձանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև հնարավոր բռնությունների բացառմանը։
Հիմնադրամի ներկայացուցիչը դարձել է ոստիկանության ծառայողների ատեստավորման հանձնաժողովի անդամ, պարբերական կարգով մասնակցել ոստիկանության ծառայողների ատեստավորման քննություններին՝ ապահովելով քաղաքացիական վերահսկողություն։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության համար միջազգային ջատագովությունը եղել է ԺԶՀ աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը։ Այս նպատակով կազմվել են բազմաթիվ զեկույցներ, հայտարարություններ, դիմումներ, կոչեր, որոնք ուղարկվել են ՄԱԿ-ի հատուկ կառույցներին, Եվրոպայի Խորհրդին, Եվրամիության կառույցներին, ինչպես նաև առանձին պետությունների կառավարություններին։
2023 թվականի ընթացքում ԺԶՀ և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի բլոկադայի դադարեցման, ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշումների անհապաղ կատարման, հայ ռազմագերիների ազատ արձակման, Հայաստանի սահմաններին դիտորդական առաքելությունների ամրապնդման թեմայով մասնակցել են բազմաթիվ համաժողովների և քննարկումների։
Մշակվել և տարբեր միջազգային կառույցներ ներկայացվել են զեկույցներ և անհատական դիմումներ Ադրբեջանում հայատյացության, ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
Հայտարարություններ և զեկույցներ
- Հատուկ զեկույց Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնասների և սպառնալիքների վերաբերյալ
- Քաղհասարակությունը դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին՝ Լեռնային Ղարաբաղ և Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու պահանջով
- ՄԱԿ-ի զեկույցում ներառվել է Ադրբեջանում հայատյացության մասին Հայաստանի քաղհասարակության տրամադրած տեղեկատվությունը
- Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Շառլ Միշելի մամլո հայտարարության վերաբերյալ
- Անհապաղ միջամտության մասին դիմում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
- ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Արցախում հումանիտար ճգնաժամի առնչությամբ հրատապ կոչով հանդես գալու պահանջով
- ՀԿ-ները կրկին դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ
- Մտահոգություններ և հիասթափություն Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի վերջին առաքելությունից
- Հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալությունների վերաբերյալ