Արդարադատություն և հակակոռուպցիոն բարեփոխումներ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ներգրավված է արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտներում արդյունավետ բարեփոխումների մշակման, ջատագովության և դրանց նկատմամբ հանրային վերահսկողության ապահովման գործընթացում:
Համագործակցելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, պետական և միջազգային կառույցների, փորձագետների և լայն հանրության հետ՝ մենք հաստատակամ ենք հակակոռուպցիոն օրենսդրության, դատաիրավական բարեփոխումների իրականացման, այդ գործընթացի թափանցիկության երաշխավորման հարցում։ Այս աշխատանքի վերջնապատակն է մշակել և իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք ամրապնդում են Հայաստանում իրավունքի գերակայությունը և ապահովում բոլոր քաղաքացիների համար արդարադատության մատչելիությունը:
2023 թ․-ին այս ուղղությամբ ԺԶՀ իրականացրել է հետևյալ նախաձեռնությունները․
Ներկայացրել ենք առաջարկներ Բարձրագույն դատական խորհրդի կողմից նախաձեռնված դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման, դատարանների աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին օրենսդրական նախագծերի վերաբերյալ։ Մեր աջակցությամբ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իրականացրել է 2022-2023 թվականների դատավորների ընտրության և կարգապահական վարույթների մշտադիտարկում, որը վերհանել է հստակ խնդիրներ։ Մշտադիտարկման զեկույցի հիման վրա մշակվել և որոշում կայացնողներին են ներկայացվել բարեփոխումների առաջարկներ։
Անցումային արդարադատության թեմայով առաջարկներ ենք ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված փաստահավաք հանձնաժողովի ստեղծման օրենքի նախագծի վերաբերյալ։ Ներգրավել ենք մեր գործընկեր Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետներին որոշում կայացնողներին լավագույն փորձի ներկայացման նպատակով։
Արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, դատավորների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հետաքննող լրագրողների համար կազմակերպել ենք փորձի փոխանակման այցեր Սլովակիա և Ալբանիա՝ ուսումնասիրելու վեթինգի փորձը, հակակոռուպցիոն մարմինների անկախության, գործունեության կազմակերպման առանձնահատկությունները, որոնք միտված են բարելավել օրենսդրությունն ու պրակտիկան Հայաստանում։
Մի խումբ դատախազներ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցներ, հետաքննող լրագրողներ մասնակցել են ԺԶՀ-ի կողմից կազմակերպած «Բաց աղբյուրներից օպերատիվ տեղեկությունների ձեռքբերման» թեմայով դասընթացին, որի նպատակն էր աջակցել ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերման կարողությունների զարգացմանը:
Հիմնադրամը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ տասնյակ առաջարկներ է ներկայացրել Հակակոռուպցիոն բարեփոխումների նոր ռազմավարության մշակման վերաբերյալ։ Այդ առաջարկների զգալի մասը ներառվել է ռազմավարական փաստաթղթերում և դրանց հիման վրա մշակվել է նաև ՀԿ-ների համատեղ զեկույցը՝ հասցեագրված Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը Հայաստանի կողմից միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների իրականացման վերաբերյալ։
Հետաքննող լրագրողներ ՀԿ-ին տրամադրած աջակցության շնորհիվ պատրաստվել են կարևոր հետաքննություններ կոռուպցիոն ռիսկերի, շահերի բախման, գնումների ոլորտում չարաշահումների և այլ խախտումների բացահայտման ուղղությամբ։ 2023թ․-ին «Հետք»-ը հրապարակել է 34 հետաքննական նյութ, որոնց հիման վրա 20 վարույթ է նախաձեռնվել իրավապահ համակարգի տարբեր կառույցների կողմից: Վարույթներից մի քանիսն արդեն ավարտվել են՝ տարբեր պաշտոնյաների նկատմամբ վարչական տուգանքներով, մի մասն ընթացքի մեջ է, իսկ որոշ վարույթների հիման վրա հարուցվել են քրեական գործեր։
Հիմնադրամը շարունակել է համախմբել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ Կառավարության հետ քննարկելու Հանրային կառավարման բարեփոխումների օրակարգը, առաջնահերթությունները և հիմնախնդիրները։ Ներկայացվել են մի շարք առաջարկներ, քննարկվել են քաղհասարակությանը դրանց ներառելու հնարավորությունները, ինչպես նաև հանրային ծառայությունների արդյունավետության բարձրացման ուղիները։