Մեդիա և քաղաքացիական մասնակցություն
Հայաստանում խոսքի ազատության և քաղաքացիական մասնակցության առաջխաղացման համար ԺԶՀ սերտ համագործակցում է լրագրողների, համայնքային ակտիվիստների և մարդու իրավունքների պաշտպանների լայն ցանցի հետ: Այս համագործակցությունը նախատեսում է աջակցություն անկախ մեդիա հարթակներին, այդ թվում՝ մարզային լրատվամիջոցներին, հետաքննական լրագրության նախաձեռնություններին և քաղաքացիական հասարակության համայնքային (grassroots) կազմակերպություններին:
Այս հավաքական ջանքերը ծառայում են ժողովրդավարական արժեքների ամրապնդման, ապատեղեկատվության և հակաժողովրդավարական պատմույթներին հակազդման, մարդու իրավունքների, ժողովրդավարական սկզբունքների և արդյունավետ կառավարման մասին բովանդակության ստեղծման ու տարածման նպատակին:
Մարզային անկախ լրատվամիջոցների հզորացմանը նպաստելու հանձնառությամբ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը մաս է կազմել «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրին, որն իրականացվել է Դոյչե Վելլե Ակադեմիայի (DW Akademie), ԲԲՍ Մեդիա Էքշնի (BBC Media Action), Հետք/ Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի, Ֆակտոր ԹՎ-ի կողմից՝ Եվրոպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) աջակցությամբ։
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամն այս ծրագրի շրջանակում տրամադրել է դրամաշնորհներ 5 մարզային լրատվամիջոցների, ինչի արդյունքում շահառու կազմակերպությունները հնարավորություն են ունեցել ընդլայնել լուսաբանվող խնդիրների թեմատիկ շրջանակը, բազմազանացնել մեդիա արտադրության ձևաչափերը, բարելավել տեխնիկական միջոցները, բարձրացնել բովանդակության որակը և մեծացնել լսարանը:
ԺԶՀ-ն կարևորում և սատարում է Հայաստանում անկախ լրատվամիջոցներին։ Այս նպատակով, մասնավորապես, աջակցել ենք Factor.am-ին՝ անկողմնակալ լուսաբանելու երկրում ընթացիկ իրադարձությունները, ռեպորտաժների և հեղինակային հաղորդաշարերի միջոցով վերլուծելու հանրային քաղաքականության առանցքային խնդիրները, ինչպես նաև կազմակերպելու ներառական հեռուստաբանավեճեր։ Factor.am-ը բարձրաձայնում է քաղաքացիական հասարակության տեսակետները և սպառիչ ու անկողմնակալ տեղեկատվություն տրամադրում արդարադատության, մարդու իրավունքների, լավ կառավարման և այլ կարևոր հարցերի վերաբերյալ՝ օժանդակելով Հայաստանում քաղհասարակության ուժեղացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, սոցիալական արդարության և իրավահավասարության սկզբունքների մասին հանրային ընկալումների ձևավորմանը։
ԺԶՀ աջակցությամբ Medialab.am լրատվական կայքն ստեղծել է այլընտրանքային մուլտիմեդիա բովանդակություն՝ նպաստելով որակյալ և վերլուծական լրագրությանը: Մեդիալաբը լուսաբանել է Հայաստանի կարևոր քաղաքական և սոցիալական խնդիրները, թողարկել մարդկային պատմություններ, ինչպես նաև հրապարակել թեմատիկ հոդվածներ և հարցազրույցներ կրթության, մարդու իրավունքների, անվտանգության, հավասարության և այլ առանցքային թեմաների վերաբերյալ։
Աջակցելով «Ալիք մեդիա»-ին՝ մենք նպատակ ենք հետապնդել խթանել երկխոսությունը Հայաստանի մարզային քաղաքների և գյուղական բնակավայրերի մարտահրավերների շուրջ և նպաստել երկրի համաչափ զարգացմանը: Այդ նպատակով «Ալիք մեդիա»-ն պատրաստել և թողարկել է «Չերևան» շարքի վավերագրական ֆիլմեր՝ ցուցադրելով մարզային քաղաքների խնդիրները, ինչպես նաև զարգացման ներուժը։ Կազմակերպվել են դիտումներ՝ ներգրավելով շահագրգիռ կողմերին՝ քննարկելու թիրախ քաղաքների խնդիրների լուծումները և գործողությունները:
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ն ԺԶՀ աջակցությամբ աշխատանք է տարել ապատեղեկատվության դեմ պայքարում։ Կազմակերպությունը Fip.am հարթակի միջոցով մշտադիտարկել է Հայաստանում տարբեր աղբյուրներից տարածվող տեղեկատվության հոսքերը, իրականացրել փաստերի ստուգում, պատրաստել և հրապարակել է հետաքննական նյութեր՝ գնահատելով տեղեկատվության հավաստիությունը և պահպանելով անաչառության և անկողմնակալության սկզբունքները։
Մենք աջակցել ենք Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոն հարթակին՝ բարձրաձայնելու Հայաստանի կարևորագույն խնդիրներն ուղիղ հեռարձակվող բաց քննարկումների, հարցազրույցների, ասուլիսների և հանրային այլ միջոցառումների միջոցով: Այս ծրագիրն օգնել է ներկայացնել քաղաքացիական հասարակության դիրքորոշումը հրատապ բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև ավելի խորը պատկերացում ձևավորել մարդու իրավունքների պաշտպանության, անվտանգության, ժողովրդավարական արժեքների, սոցիալական արդարության մասին:
Մեր աջակցությամբ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն իրականացնում է ծրագիր Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի համայնքներում՝ ընդլայնելու հանրային մասնակցությունը և խթանելու տեղական ինքնակառավարումը կրթական ծրագրերի, ակտիվ քաղաքացիական ներգրավվածության և իրազեկման բարձրացման միջոցով: Ծրագիրը համայնքային կոնկրետ խնդիրների բացահայտմանը և լուծմանն ուղղված կարողությունների զարգացման հնարավորություն է ընձեռում տեղական երիտասարդական խմբերի, կանանց, ավագանիների գործող և թեկնածու անդամների համար:
2023թ․ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ն ԺԶՀ աջակցությամբ իրականացրեց նախաձեռնություն՝ խթանելու և ընդլայնելու քաղաքացիների մասնակցությունը համայնքային խնդիրների շուրջ քննարկումներին: Ընտրությունների ծայրահեղ քաղաքականացված նախընտրական քարոզարշավի փուլում կազմակերպության ծրագիրը, կիրառելով նորարարական մեթոդներ, հնարավորություն ընձեռեց Երևանի բնակիչներին ուշադրության կենտրոնում պահել քաղաքին վերաբերող առաջնահերթ խնդիրները և զուգահեռ ծանոթանալ քաղաքային զարգացման գաղափարախոսություններին։ Հարցաշար-խաղի արդյունքների վերլուծությունը ներկայացվել է Երևանի ավագանու անդամներին։
ԺԶՀ աջակցությամբ «Բուն» գիտամշակութային հիմնադրամը նպաստել է Հայաստանում բնակվող ռուս և ուկրաինական համայնքի իրավապաշտպանների և տեղական իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների միջև ընդհանուր հարթակների ստեղծմանը և նրանց միջև համագործակցության խթանմանը: Բուն ԹՎ-ն վավերագրական ֆիլմերի շարք է նկարահանել՝ ներկայացնելով ՌԴ-ից և Ուկրաինայից Հայաստան տեղափոխված ընտանիքների պատմությունները։ Ֆիլմերի դիտումներն ուղեկցվել են զրույցներով ներկա անհանգիստ ժամանակաշրջանում մարդու իրավունքների խթանման և պաշտպանության կարևորության մասին։