«Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծի քննարկում ԺԶՀ գրասենյակում
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը հանձնառու է առաջ մղել մարդու իրավունքների վրա հիմնված և առողջապահական ծառայությունների հավասար հասանելիության մոտեցումը, մասնավորապես առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում։
Այս հանձնառությամբ ԺԶՀ-ը շարունակում է համախմբել հասարակական կազմակերպություններին ու առողջապահության ոլորտի մասնագետներին՝ «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծի քննարկումների շուրջ։ Դեկտեմբերի 22-ին ԺԶՀ-ը հյուրընկալեց արդեն երրորդ հանդիպումը նվիրված այս օրենքի նախագծի քննարկմանը։
Քննարկման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից հասարակական կազմակերպություններին ու ոլորտի մասնագետներին ներկայացվեց օրենքի վերամշակված նախագծի փոփոխությունները, որից հետո հանդիպմանը ներկա մեկ տասնյակից ավելի հ/կ-ների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել և ներկայացնել առաջարկներ ու դիտարկումներ։
Այս քննարկումների նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լայն ներգրավածությունը օրենքի նախագծի մշակման գործընթացում։