Առաջարկ սեպտեմբերի 19-ի պատերազմական գործողությունների հետևանքով զոհերի, անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց աջակցության ծրագիր հաստատելու մասին
ՀՀ քննչական կոմիտեի կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է առնվազն 25 քաղաքացիական անձ, որոնցից 5-ը՝ երեխա, վիրավորվել է 76 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 10 երեխա։ Բացի այդ, 20 անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, այդ թվում՝ 5 քաղաքացիական անձի։ Ադրբեջանի գործողությունների արդյունքում զոհվածների, անհայտ կորածների և վիրավորների ընտանիքները բռնի տեղահանվել են հարձակումից օրեր անց։
Թեև Հայաստանի Հանրապետությունը զոհված, անհայտ կորած անձանց ընտանիքներին, հաշմանդամություն ստացած անձանց և ընտանիքներին տրամադրել է ժամանակավոր պաշտպանություն, և հատկացվում է առաջնային կարիքները և կացարանի ծախսը հոգալու համար ֆինանսական աջակցություն, այնուամենայնիվ ռազմական գործողություններից տուժած, այդ թվում՝ ընտանիքի անդամին կորցրած ընտանիքներն ունեն լրացուցիչ աջակցության կարիք։
Գիտակցելով զոհերի և տուժածների ընտանիքներին աջակցելու կարևորությունը՝ դեռևս 2020 թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց աջակցության հատուկ ծրագիր, որը ուղղված էր 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց աջակցություն տրամադրելուն (Տե՛ս ՀՀ կառավարության որոշում; 3 դեկտեմբերի 2020 թվականի N 1924-Լ, ՀՀ կառավարության որոշում 17 դեկտեմբերի 2020 թվականի N 2082-Լ)։
2020թ․-ի դեկտեմբերին հաստատված ծրագրին կից ներկայացված հիմնավորումներն առավել քան վերաբերելի են 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին և դրանից հետո զոհերի ընտանիքների դեպքում, քանի որ վերջիններս կանգնել են մի շարք, այդ թվում՝ սոցիալական, խնդիրների առաջ, որոնց լուծման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ: 2020թ․-ի դեկտեմբերի 3-ի որոշմանը կից ներկայացված ամփոփաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շահագրգիռ նախարարությունները, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը, առարկություններ չեն ունեցել, այսինքն՝ առկա էր կոնսենսուս նման աջակցության անհրաժեշտության մասին։
2020թ․-ի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությամբ ստեղծվել է Արցախի բնակչության անվտանգության ապահովման որոշակի համակարգ, որին Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է։ Նշված երաշխիքների լույսի ներքո 2020թ․-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետություն տեղահանված Արցախի Հանրապետության բնակիչների զգալի մասը որոշում է կայացրել վերադառնալ մշտական բնակության վայր՝ Արցախ։ Համաձայնեցված անվտանգային համակարգի 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին տապալման արդյունքում վերը նշված անձինք զոհվել են, անհայտ կորել կամ ձեռք են բերել հաշմանդամություն, այսինքն՝ չի երաշխավորվել վերջիններիս կյանքի իրավունքը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողություններից տուժած և Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված վերը նշված անձինք, ըստ էության, գտնվում են նույնական և նույնիսկ առավել ծանր հանգամանքներում, ինչ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմից տուժած անձինք, որոնց ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերին համապատասխան տրամադրվել է աջակցություն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական գործողություններից տուժածները և իրենց ընտանիքները ունեն լրացուցիչ աջակցության կարիք, առաջարկում ենք․
Մշակել և հնարավորինս շուտ հաստատել առանձին աջակցության ծրագիր՝ 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից նախաձեռնված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ