Էլեկտրոնային առողջապահության համակարգի խնդիրները քննարկվել են մասնագետների և ՀԿ-ների մասնակցությամբ

Էլեկտրոնային առողջապահության համակարգն առողջապահական տվյալների կառավարման միասնական համակարգ է, որտեղ մուտքագրվում և պահվում են բնակչի առողջությանը վերաբերող ամբողջական տվյալներ: Համակարգը հնարավորություն է տալիս բուժող բժշկին անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային եղանակով տեսնել պացիենտի առողջության պատմությունն ու նրա բուժման վերաբերյալ կայացնել տեղեկացված որոշումներ:

2017 թվականից Հայաստանում ներդրված էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով իրականացվում են արտոնյալ և պետական պատվերի շրջանակներում մատուցվող բոլոր բժշկական ծառայությունները, ինչպես նաև այս տարվա մարտի 1-ից դեղատոմսով դուրսգրվող դեղերի տրամադրումը։

Դեղատոմսով դեղերի տրամադրման գործընթացը, սակայն, առաջացրել է մի շարք կիրառական խնդիրներ և ռիսկեր՝ մասնավորապես հանրության խոցելի խմբերի համար։ Մտահոգությունները վերաբերում են էլեկտրոնային համակարգի մատչելիությանը, այլընտրանքային ճանապարհով դեղերի ձեռքբերման վտանգի ռիսկերին։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) նախաձեռնությամբ ապրիլի 23-ին հիմնադրամի գրասենյակում կայացավ էլեկտրոնային առողջապահության համակարգի մասին քննարկում, որին մասնակցեցին Առողջապահության ազգային ինստիտուտի,  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու առողջապահության ոլորտի մասնագետներ։

Առողջապահության ազգային ինստիտուտի Էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը ներկայացրեց Հայաստանում թվային առողջապահության զարգացման ուղին, ներկայումս կիրառվող և դեռևս մշակվող բաղադրիչները, էլեկտրոնային առողջապահության համակարգի բարեփոխումները և կարևորեց այս ձևաչափով քննարկումը, որն առաջին անգամ հնարավորություն տրամադրեց խոցելի խմբերի իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություններին բարձրաձայնել արձանագրած խնդիրները համակարգի կիրառման հետ կապված։

Ծաղկանուշ Սարգսյանը հատուկ շեշտադրեց առողջապահության միասնական ԱՐՄԵԴ համակարգի՝ այդ թվում դրա հավելվածի կիրառումը հասարակության լայն ընդգրկմամբ՝ որպես հաղորդակցության առաջնային հարթակ պացիենտի, բուժաշխատողի և առողջապահական համակարգի միջև։

Քննարկմանն անդրադարձ եղավ խոցելի խմբերի համար էլեկտրոնային առողջապահության համակարգից օգտվելու պայմանների դյուրացմանը, նրանց կարիքների հասցեագրմանն ուղղված գործողություններին։

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և առողջապահության ոլորտի պատասխանատուներն ավելի ուշ կհանդիպեն և կաշխատեն փոքր աշխատանքային խմբերի ձևաչափում՝ կենտրոնանալով գործնական լուծումների ու առաջարկների վրա։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամն (ԺԶՀ) աջակցում է հասարակության առավել մարգինալացված և խոցելի խմբերի համար կենսական նշանակության սոցիալական ծառայությունների՝ մասնավորապես հանրային առողջապահության հասանելիությանը։ ԺԶՀ-ն հանձնառու է առաջ մղել մարդու իրավունքների վրա հիմնված և առողջապահական ծառայությունների հավասար հասանելիության մոտեցումը։