Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի քննարկում երիտասարդների հետ
Օգոստոսի 15-ին Ներքին գործերի նախարարությունը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը Դիլիջանում նախաձեռնել էին Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի նախագծային լուծումների կատարելագործմանը նվիրված հանրային քննարկում, որը վարում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Դիլիջանում Վերջերս բացված «Դուկո» երիտասարդական կենտրոնում հավաքվել էին համայնքի երիտասարդները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Երբ քննարկման մասին հայտարարությունը տեսա, ինձ մոտ ցանկություն առաջացավ մասնակցելու, որովհետև սա հնարավորություն է երիտասարդների ձայնը ավելի լսելի դարձնել, կառավարման համակարգին ավելի մոտ լինել»,-ասում է թարգմանիչ, քաղաքագետ Ալիսա Ամիրխանյանը:
«Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ ծրագրերի համակարգող Մելինե Գևորգյանի խոսքով՝ «Խիստ կարևոր են նմանատիպ հանդիպումները, մասնավորապես, դրանց իրականացումը մարզերում. և՛ դեմ առ դեմ քննարկումները, և՛ ուղիղ հաղորդակցությունը իրականում շատ նպաստավոր ու արդյունավետ են տեղում խնդիրների բարձրաձայնման համատեքստում»։
“Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամին և երիտասարդական կենտրոնին՝ արդյունավետ համագործակցության համար։
“Անդրադառնալով ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է ռազմավարական փաստաթղթի ձևավորման գործընթացում երիտասարդների ներգրավմամբ քննարկումների անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա նախարարությանը հավաքագրել նրանց կողմից վեր հանված խնդիրները և համատեղ նախանշել լուծումներ։
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով ՆԳ նախարարությանը նախաձեռնության համար, նշել է, որ երիտասարդների ներգրավմամբ բարեփոխումների ռազմավարության քննարկումը նոր մշակույթ և հանրային նոր ընկալում է:
«Երիտասարդների ձայնի լսելի լինելը, և ոչ միայն լսելի լինելը, այլ դրա արդյունքում որոշակի լուծումների նախանշումը շատ կարևորվում էՆԳ նախարարության կողմից: Հետևապես նմանատիպ քննարկումները մեզ օգնելու են, ի վերջո, նաև երիտասարդական ավյունով հարստացնել մեր ամբողջական պրոցեսը, և, ի վերջո, Կառավարության քննարկմանը ներկայացնել հենց այսպիսի ներառական քննարկումների արդյունքում ձևավորված ռազմավարական փաստաթուղթ»,-իր խոսքում ընդգծել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Երիտասարդների հետ քննարկվել են նաև հանրային անվտանգության ապահովման, երթևեկության անվտանգային մշակույթի ներդրման խոչընդոտների, հասարակության կարծրատիպերի վերաբերյալ հարցեր։
Երիտասարդների ներկայացրած առաջարկությունները կներառվեն առաջիկա գործընթացներում։