«Հայաստանը և ՄՔԴ․ ի՞նչ է սպասվում Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո» քննարկումը

2023 թվականին Հայաստանը վավերացրեց Հռոմի կանոնադրությունը՝ դառնալով Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) 124-րդ անդամ պետությունը։ Այս կարևոր որոշումը, որը կյանքի կոչվեց 1999 թ․-ին Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրությունը ստորագրելուց հետո սկսված վավերացման բարդ գործընթացից հետո, կարևոր դեր կարող է խաղալ մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության ու արդարության հասնելու և մեր տարածաշրջանում շարունակական խաղաղություն ապահովելու գործում։

Նոյեմբերի 5-ին Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ), Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Միջազգային քրեական դատարանի կոալիցիան (CICC), Parliamentarians for Global Action-ը (PGA), Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և «Իրավունքի Եվրոպա» միավորումը (ԵԻՄ) համատեղ կազմակերպեցին «Հայաստանը և ՄՔԴ․ ի՞նչ է սպասվում Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո» թեմայով կլոր սեղան քննարկումը։

Միջոցառման նպատակն էր քննարկել Հայաստանի դերը և պարտավորությունները Հռոմի կանոնադրության անդամ պետության կարգավիճակում: Քննարկմանը մասնակցեցին Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ:

«Հռոմի կանոնադրության վավերացումը ոչ միայն նշանակում է, որ Հայաստանը միանում է ամենազազրելի հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների գլոբալ պայքարին, այլև մեզ հնարավորություն է տալիս գնալու նոր ճանապարհներով: 2020 թվականին, 44-օրյա պատերազմից հետո, մեր լայնածավալ փաստահավաք զեկույցը մնաց հիմնականում պաշտոնյաների սեղաններին՝ սահմանափակ ազդեցությամբ: Սակայն այժմ Հայաստանն ունի հասանելիություն աշխարհի ամենակարևոր միջազգային դատարաններից մեկին, որն ունակ է ընդունել դատավճիռներ, որոնք կարող են ունենալ միջազգային արձագանք: Որպեսզի Միջազգային քրեական դատարանը (ICC) հետաքննություն սկսի, մեզ անհրաժեշտ է ավելին, քան ընդամենը ոչ կառավարական կազմակերպությունների դիմումները։ Մեզ պահանջվելու է նաև հաստատուն աջակցություն ՄՔԴ անդամ բարեկամ պետություններից և առավել կարևորը՝ մեր իսկ կառավարության կողմից», — քննարկմանն իր խոսքում ասել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի  Արդարադատություն և մարդու իրավունքներ ծրագրերի ղեկավար Արփի Հարությունյանը։