Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և «Կրթություն և համերաշխություն» արհմիությունը ներկայացրին մանկավարժների համար նախատեսված տեսահոլովակների շարքը
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) և «Կրթություն և համերաշխություն» արհմիությունը (ԿՀԱ) «Սոցիալական արդարությունը և էթիկայի նորմերը դպրոցներում» ծրագրի շրջանակում պատրաստել են տեսահոլովակների շարք, որոնք նպատակ ունեն աջակցել մանկավարժներին տարբերակել և հասցեագրել սոցիալական անարդարության և էթիկայի նորմերի խախտման դեպքերը դպրոցներում։
Ծրագիրն իրականացվել է Էստոնիայի դեսպանության աջակցությամբ՝ խթանելու սոցիալական արդարությունը հանրակրթության ոլորտում։ Փետրվարի 17-ին Ժողովրդավարության զարգացման հիմնադրամում տեսահոլովակները ներկայացվեցին մանկավարժներին, դպրոցի տնօրեններին, հանրակրթության ոլորտի մասնագետներին և քաղհասարակության ներկայացուցիչներին։
«Մեր ծրագիրն առաջին փորձն է բարեվարքության կանոնների առաջխաղացման միջոցով հասնելու սոցիալական արդարության ամրապնդմանը։ Այս կանոնները կան և շարադրված են մանկավարժական աշխատողների բարեվարքության վարքականոնում, այնուհանդերձ կարիք կար մանկավարժներին օգնել դրանք հասկանալ գործնականում։ Այս հոլովակների շարքի հիմնական նպատակն է սկսել բաց և ներառական զրույց սոցիալական անարդարության խնդիրների շուրջ»,- նշեց ԺԶՀ տնօրեն Նաիրա Սուլթանյանը։
Ստեղծված տեսահոլովակների հիմքում ընկած է այն մոտեցումը, որ մանկավարժը գիտակցում է իր սոցիալական պատասխանատվությունը, դասարանում ծագած խնդիրը վերածում է կրթելու հնարավորության, և կրթում է սովորողներին սեփական օրինակով։ 5 հոլովակների դիտումից հետո ներկաները քննարկեցին յուրաքանչյուր հոլովակում բարձրաձայնվող խնդիրները և լուծման մոտեցումները։
Որպես ծրագրի հաջորդ քայլ՝ ԺԶՀ և ԿՀԱ կկազմակերպեն քննարկումներ դպրոցներում և հասարակական կազմակերպություններում, կհավաքագրեն մանկավարժների և հանրակրթության ոլորտի մասնագեների առաջարկներն ու դիտարկումները տեսահոլովակների վերաբերյալ, լայնորեն կտարածեն հոլովակները սոցիալական մեդիա հարթակներում։