Ներքին գործերի նախարարությունը և քաղահասարակությունը քննարկեցին հանրային ծառայությունների բարելավման հեռանկարները

Սեպտեմբերի 8-ին Ներքին գործերի նախարարությունը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը  համատեղ կազմակերպել էին ՆԳ նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման վերաբերյալ հանրային քննարկում։

Քննարկմանը մասնակցեցին ՆԳ նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Վազգուշ Կոստանյանը, ՆԳՆ ենթակա ծառայությունների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության նախարարությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Ինչպես նշեց ԺԶՀ ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը, քաղհասարակության և ՆԳՆ միջև շփումներն ավանդաբար ավելի ռազմավարական թեմաների շուրջ են լինում և այս կարևոր ուղղությունը՝ քաղաքացիներ հետ ծառայությունները, շատ քիչ է քննարկվում հանրային լսումների ձևաչափով։

Ընդգծելով հանրային քննարկման կարևորությունը՝ Վազգուշ Կոստանյանը ներկայացրեց Ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության գործառույթներն ու մեթոդաբանությունը, ծառայությունների որակի գնահատման և վերահսկման գործիքակազմը։

Նրա խոսքով, հանրային ծառայությունների բարելավման գործընթացը ներառում է կառավարչական, կազմակերպչական, տեխնոլոգիական և մարդկային գործոնների զարգացում։ Այս գործընթացը ՆԳ նախարարության բարեփոխումների ռազմավարության առանցքային ուղղություններից է։

Անդրադարձ կատարվեց ՆԳ նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Շեշտվեց քաղաքացիակենտրոն սպասարկման, ներառականության խթանման և ծառայությունների մատչելիության ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքների կարևորությունը։

ՆԳ նախարարության Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Արամ Մելքոնյանը ներկայացրեցին մատուցվող ծառայությունների թվայնացման գործընթացը՝ պատասխանելով ոլորտին առնչվող հարցերին։

Սույն միջոցառումն իրականացվել  է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման  հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունները։