Քննարկում ՆԳՆ ներքին վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզների շուրջ

Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը համատեղ սեպտեմբերի 10-ին նախաձեռնել էին ՆԳՆ ներքին վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզների հետազոտության շուրջ հանրային քննարկումը, որին ներկա էին ՆԳՆ ենթակա ստորաբաժանումների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ։

Ընդգծելով հանրային քննարկման և հետազոտության կարևորությունը՝ ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Դավիթ Աղաբալյանը նշել է, որ կոռուցիայի դեմ պայքարը կենսական նշանակություն ունի իրավապահ համակարգի նկատմամբ վստահության բարձրացման համար և պահանջում է համալիր մոտեցում։ Նա կոռուպցիայի կանխարգելման համատեքստում ընդգծել է Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության դերը՝ հաշվի առնելով այս ուղղությամբ իրականացվող ծավալուն աշխատանքը։

ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը նշել է, որ կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարը Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության առանցքային ուղղություններից է։

Նրա խոսքով՝ պատասխանատու ստորաբաժանման մշտական ուշադրության կենտրոնում է նման դեպքերի կանխումը, բացահայտումը, կանխարգելումը, ինչպես նաև անձնակազմի կարողությունների, պարտականությունների պատշաճ կատարումն ու այս ուղղությամբ գործիքակազմերի արդիակաացումը։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը նշել է, որ կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ ՆԳ նախարարության և քաղաքացիական հասարակության ակտիվ համագործակցությունը պետություն-հասարակություն կապի ամրապնդման կարևոր բաղադրիչ է։

Փորձագետներ Հայկուհի Հարությունյանն ու Գյուլնարա Սարգսյանը մանրամասն ներկայացրել են ՆԳՆ ներքին վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզների վերաբերյալ մշակված հետազոտությունը, որն իրականացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ և «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում։

Սույն միջոցառումն իրականացվում է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման  հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունները։