Տեխնիկական առաջադրանք «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում

Հայաստանում ընտրողների ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանն ուղղված գեղարվեստական և նորարարական նախաձեռնությունների բաց մրցույթ

Վերջնաժամկետ: 2026 թ․ փետրվարի 19՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։

 

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) մասին

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) անկախ, ոչ առևտրային հիմնադրամ է, որի  առաքելությունն է նպաստել Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը։ Բաց հասարակության արժեքներին և սկզբունքներին հավատարիմ՝ ԺԶՀ-ն աջակցում է ժողովրդավարության կողմնակիցներին և զարգացնում է գործընկերություններ՝ հիմնված համատեղ արժեքների վրա։

  1. Բաց մրցույթի նպատակը

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում հայտարարում է բաց մրցույթ, որը նպատակ ունի աջակցել գեղարվեստական, ստեղծարար և նորարարական նախաձեռնություններին, որոնք խթանում են ժողովրդավարական արժեքները և ամրապնդում ընտրողների ըմբռնումը ընտրություններին տեղեկացված և բովանդակային մասնակցության կարևորության վերաբերյալ՝ հիմնվելով այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են ներառական և հաշվետու կառավարումը, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։ Այս բաց մրցույթի նպատակն է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք՝

  • խթանում են տեղեկացված, գիտակցված և արժեքահեն քվեարկությունը Հայաստանի խորհրդարանական ընտրություններին առաջ,
  • տարածում են ժողովրդավարական սկզբունքները, ներառյալ մասնակցային կառավարումը, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը,
  • հակազդում են անտարբերությանը, մասնակցության նվազմանը և ժողովրդավարական արժեքներն ու մասնակցությունը խաթարող վնասակար պատմույթներին։

  1. Գործունեության շրջանակը

Առաջարկվող նախաձեռնությունները կարող են ներառել, բայց չեն սահմանափակվում հետևյալով՝

  • Գեղարվեստական և մշակութային արտադրանք, այդ թվում՝ վիզուալ արվեստ, կատարողական արվեստ, երաժշտություն, թատրոն, կինո, փողոցային արվեստ, թվային արվեստ, սոցիալական գովազդային հոլովակներ (PSA), ռիլեր և կարճ տեսանյութեր,
  • Մեդիա և պատմողական նախաձեռնություններ, ներառյալ լրագրություն, փոդքաստներ, վավերագրական ֆիլմեր, կարճ տեսանյութեր և ինտերակտիվ բովանդակություն,
  • Սոցիալական մեդիայի և թվային արշավներ, որոնք խթանում են ժողովրդավարական արժեքներն ու ընտրողների իրազեկվածությունը,
  • Համայնքահեն ստեղծարար գործողություններ, ցուցահանդեսներ, քննարկումներ կամ մասնակցային միջոցառումներ,
  • Նորարարական հաղորդակցման և ներգրավման մեթոդներ, ուղղված երիտասարդներին, առաջին անգամ քվեարկողներին, մարգինալացված խմբերին կամ այլ թիրախային լսարաններին,
  • Հիբրիդային կամ միջդիսցիպլինար մոտեցումներ, որոնք համադրում են արվեստը, մեդիան և քաղաքացիական կրթությունը։

Նախաձեռնությունները պետք լինեն ապակուսակցական և ապաքաղաքական, և պետք է կենտրոնանան բացառապես ժողովրդավարական արժեքների վրա։

  1. Ակնկալվող արդյունքներ

Ընտրված նախաձեռնություններից ակնկալվում է, որ դրանք՝

  • կբարձրացնեն հանրության իրազեկվածությունը ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական պատասխանատվության վերաբերյալ,
  • կխթանեն քննադատական մտածողությունը ընտրությունների և ժողովրդավարական հաշվետվողականության շուրջ,
  • կհասնեն բազմազան լսարանների, այդ թվում՝ քիչ ներգրավված կամ դժվար հասանելի ընտրողների խմբերին,
  • կնպաստեն ավելի տեղեկացված, ներգրավված և դիմկայուն ընտրազանգվածի ձևավորմանը։

  1. Ովքեր կարող են դիմել․

Բաց մրցույթին կարող են դիմել Հայաստանում գործող հետևյալ անձինք և կառույցները՝

  • Անհատ արվեստագետներ և ստեղծարար մասնագետներ,
  • Լրագրողներ և մեդիա մասնագետներ,
  • Սոցիալական մեդիայի մասնագետներ և թվային բովանդակություն ստեղծողներ,
  • Հանրային կարծիք ձևավորողներ,
  • Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ոչ ֆորմալ խմբեր և միություններ,
  • Ակտիվիստներ և քաղաքացիական նախաձեռնություններ,
  • Մշակութային հաստատություններ։

 

Դիմել կարող են ինչպես անհատները, այնպես էլ կազմակերպությունները։ Գործընկերային և համատեղ առաջարկները խրախուսվում են։

  1. Ֆինանսավորում և տևողություն
  • Առավելագույն դրամաշնորհի չափը՝ մինչև 10,000 ԱՄՆ դոլար (ներառյալ հարկերը) յուրաքանչյուր ընտրված առաջարկի համար,
  • Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2026 թ․ մարտ – մայիս։

Դրամաշնորհային միջոցները կարող են օգտագործվել ստեղծարար արտադրության, տարածման, միջոցառումների, հաղորդակցման և ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված ողջամիտ վարչական ծախսերի համար։

  1. Դիմումի պահանջներ

Դիմորդները պետք է ներկայացնեն մինչև երկու (2) էջ ծավալով ծրագրի հայեցակարգ, որը պետք է ներառի՝

  1. Ծրագրի նկարագրություն և նպատակներ
  2. Մոտեցումներ և մեթոդաբանություն
  3. Նախատեսվող գործողություններ
  4.  Տարածման ռազմավարություն
  5. Թիրախային լսարան
  6. Ժամանակացույց
  7. Սպասվող արդյունքներ և ազդեցություն
  8. Նախնական բյուջե (ամփոփ), ներկայացված ՀՀ դրամով
  9. Նախկին աշխատանքների հղումներ կամ կից ֆայլեր

  1. Ընտրության չափանիշներ

Առաջարկները կգնահատվեն հետևյալ չափանիշներով՝

  • Համապատասխանություն բաց մրցույթի նպատակներին,
  • Առաջարկվող մոտեցման ստեղծարարություն և նորարարություն,
  • Գործողությունների և ժամանակացույցի իրագործելիություն և հստակություն,
  • Հասանելիություն ընտրողներին ,
  • Դիմորդի փորձը կամ առաջարկի իրականացման կարողությունը,
  • Առաջարկվող բյուջեի ծախսարդյունավետությունը։

  1. Հաշվետվություն և տեսանելիություն

Ընտրված կազմակերպությունները/անհատները պարտավորվում են՝

  • Ծրագրի ավարտին ներկայացնել  բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ,
  • Բոլոր հանրային նյութերում նշել ֆինանսավորող կազմակերպության աջակցությունը՝ տրամադրված տեսանելիության ուղեցույցների համաձայն։

  1. Էթիկական նկատառումներ

Ընտրված  կազմակերպությունները/անհատները պետք է՝

  • պահպանեն քաղաքական չեզոքության սկզբունքները,
  • հարգեն մարդու իրավունքները, խոսքի ազատությունը և ներառականությունը,
  • խուսափեն ատելության խոսքից, խտրականությունից կամ բռնության հրահրումից։

  1. Դիմումների ներկայացում

Դիմումները և հարցերը պետք է ուղարկել [email protected] էլ․ հասցեին՝ նամակի թեմայում նշելով սույն տեխնիկական առաջադրանքի անվանումը։