ԺԶՀ աջակցությամբ ներկայացվել է 2023 թ․ ամառային զորակոչի ժամանակ արձանագրված խնդիրները
2023 թվականի ապրիլի 13-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ապրիլի 17-ից մինչև հուլիսի 31-ը հայտարարվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, շարունակելով իր գործունեությունը զորակոչիկների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, դիտարկել է 2023 թ. ամառային զորակոչի իրականացման ընթացքը և արձանագրել է խնդիրներ, որոնք ներկայացրել են Կազմակերպություն դիմած զորակոչիկները, ինչպես նաև զինվորական հաշվառման ենթակա անձինք՝ 2023 թ․ փետրվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ժամանակահատվածում։
2023 թվականի ամառային զորակոչի ժամանակ արձանագրված խնդիրներով տրամադրված իրավական աջակցության արդյունքները ստորև․
Կազմակերպությանը դիմած 66 զորակոչիկներից
- 2-ը ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար,
- 2-ը ճանաչվել են ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար,
- 5-ին տրամադրվել է տարկետում զինվորական ծառայությունից մինչև 1 տարի ժամկետով (5 ամիս, 6 ամիս կամ 10 ամիս),
- 2-ի վերաբերյալ կայացված կենտրոնական բժշկական հանջնաժողովի (ԿԲՀ) եզրակացության բողոքարկման արդյունքում որոշում է կայացվել վերջիններիս ներկայացնել հաջորդ՝ 2023 թ. ձմեռային զորակոչին,
- 1-ի անձնագրում երկարաձգվել է արտերկրում գտնվելու թույլտվության ժամկետը՝ ոչ ֆորմալ կրթությունն ավարտելու նպատակով,
- 11-ը՝ չհամաձայնելով առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ, բողոքարկել է զինվորական ծառայությանը պիտանիության մասին ԿԲՀ եզրակացությունը։
2023 թվականի ամառային զորակոչի ընթացքում Կազմակերպությանը դիմած զորակոչիկների թիվն ավելացել է ավելի քան կրկնակի անգամ, զինվորական հաշվառման ենթակա անձանց թիվը կրկնապատկվել է, իսկ պահեստազորում հաշվառված քաղաքացիների թիվն ավելացել է ավելի քան 6 անգամ։ Համեմատության համար նշենք նաև, որ 2021 թ․ ձմեռային, 2022 թ․ ամառային և 2022 թ. ձմեռային զորակոչերի ընթացքում Կազմակերպությանը դիմած զորակոչիկների թիվը միասին կազմել է 70 անձ (համապատասխանաբար 14, 31 և 25 զորակոչիկ), իսկ միայն 2023 թ. ամառային զորակոչին դիմել է 66 զորակոչիկ։
Պատճառները կարող եք գտնել Կազնակերպության կողմից կազմված տեղեկանքում։
Սույն տեղեկանքի թողարկումը հնարավոր է դարձել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի օժանդակության շնորհիվ: Տեղեկանքում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և կարող են չհամընկնել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետների և դիրքորոշումների հետ: