Քաղհասարակության կազմակերպություններն առանցքային առաջարկություններ են ներկայացրել նոր հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, առանցքային նշանակության առաջարկություններ են ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից մշակված նոր հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ։

Առաջարկությունների ընդգրկուն մասը վերաբերում է դատական համակարգին։ Մասնավորապես, առաջարկվում է ավելացնել հետևյալ գործողությունները․

  • Դատական իշխանության մարմիններում ընտրության/նշանակման գործընթացի և չափանիշների վերանայում՝ նվազեցնելով դրանց քաղաքականացված և կողմնակալ լինելու ռիսկերը, այդ թվում՝ նախատեսելով առնվազն վերջին 2-3 տարիների ընթացքում որևէ կուսակցության անդամ լինելու կամ քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելու սահմանափակում: Սա կօգնի կանխարգելել դատական համակարգի քաղաքականացվածությունը։
  • Բարձրագույն դատական խորհրդի դատավոր և ոչ դատավոր անդամների համար երաշխավորել արժանիքների հիման վրա և թափանցիկ ընտրության ընթացակարգ:
  • Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների թեկնածուների, դատավորների առաջխաղացման ցուցակների կազմման, ինչպես նաև դատարանների նախագահների պաշտոններում ընտրության գործընթացի թափանցիկության և որոշումների հիմնավորվածության և հրապարակայնության ապահովում:

Անդրադարձ կատարելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թեմային՝ կազմակերպությունները, մասնավորապես, նշում են․

«Ներկայում առկա չէ որևէ իրավական կարգավորում, որը հանրությանը թույլ կտա հետևել և մասնակցել կոռուպցիոն գործերով և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով հօգուտ պետության բռնագանձված գույքի կառավարման/ծախսման գործընթացին և գնահատել դրա արդյունավետությունը։ Տարեկան պետական բյուջեն չի արտացոլում, թե մասնավորապես ինչ նպատակով են ծախսվելու կառավարության կողմից նշված ակտիվները։ Նշվածի համատեքստում, հաշվի առնելով այն, որ անօրինական ճանապարհով ակտիվներ ձևավորելու արդյունքում տուժել է նաև լայն իմաստով հանրությունը՝ պետք է կարևորել նաև հասարակական ներգրավվածությունը վերադարձված ակտիվների կառավարման գործընթացին։ Կարևոր է ստեղծել բռնագանձված գույքի կառավարման մասնակցային և հաշվետվողական մոդել, որը հնարավորություն կստեղծի դրա կառավարման վերաբերյալ որոշումներ կայացնելիս հաշվի առնել նաև հանրության կարծիքը։ Տվյալ ոլորտում տարբեր պետություններ արդեն կուտակել են հարուստ փորձ, որն արժանի է ուսումնասիրության սույն ռազմավարության նպատակներով»,- ասված է քաղհասարակության առաջարկությունների փաթեթում։

Կազմակերպությունների առաջարկությունների մի ընդգրկուն մաս վերաբերում է պետական մարմինների ծառայողների բարեվարքության ստուգման ընթացակարգերին և բարեվարքության հարցերով կազմակերպչի հաստիքների ներդրմանը։ Առանձնահատուկ կարևորվել է, որ ՀՀ Աժ պատգամավորական էթիկայի ժամանակավոր հանձնաժողովին վերապահվի մշտական հանձնաժողովի կարգավիճակ։ Հանձնաժողովը պետք է հնարավորություն ունենա դիմումներ ընդունել քաղաքացիներից և վարույթներ իրականացնել սեփական նախաձեռնությամբ, վարույթների արդյունքում կայացնել որոշումներ կամ ընդունել եզրակացություններ, որի հիման վրա էլ պատգամավորների նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Սա հատկապես կարևոր է Ազգային ժողովում պատգամավորների բարեվարքության բարձրացման ուղղությամբ։

«Հակակոռուպցիոն հակազդման իրավապահ մարմինների ինստիտուցիոնալ հզորացում» ռազմավարական ուղղության ներքո կարևորվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ինստիտուցիոնալ և գործառութային անկախության երաշխիքների ամրապնդման, նրա գործունեության հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման խնդիրը: Տվյալ ռազմավարական ուղղությունը լիարժեքորեն չի արտացոլում այն բոլոր խնդիրները, որոնք վեր են հանվել իրավական և գործնական դաշտում։ Անհրաժեշտ է վերանայել երկու անգամ անընդմեջ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում վերանշանակվելու հնարավորության վերաբերյալ կարգավորումը՝ զուգահեռ երկարացնելով կոմիտեի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Անհրաժեշտ է վերանայել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների նշանակման գործընթացը՝ բացառելով գործադիր իշխանության ցանկացած, ներառյալ ընթացակարգային բնույթի միջամտություն, ինչպես նաև սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հաշվետվողականության և թափանցիկության բարձրացմանն ուղղված լրացուցիչ կարգավորումներ, քանի որ գործող կարգավորումները չեն նախատեսում ներկայացվող հաշվետվությունների բովանդակությանը ներկայացվող պահանջները և ներառվող տեղեկությունները։