Մտահոգություններ և հիասթափություն Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի վերջին առաքելությունից

Մարտին Գրիֆիթսին՝ ՄԱԿ-ի  գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար

Ռոզմարի Ա. Դի Կարլոյին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ

Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, գրում ենք ևս մեկ անգամ արտահայտելու մեր խորը մտահոգությունը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի չհիմնավորված ու չարդարացված հարձակման կապակցությամբ, որը հանգեցրեց բնիկ հայ բնակչության բռնի և զանգվածային տեղահանման։

Մենք ցանկանում ենք փոխանցել մեր խորը հիասթափությունն ու լուրջ մտահոգությունները ՄԱԿ-ի պատվիրակության կողմից վերջերս ուղարկված առաքելության առնչությամբ։ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևայի գլխավորած այս առաքելության մեջ ընդգրկված էին ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի համակարգող բաժնի տնօրեն Ռամեշ Ռաջասինգհեմը, ինչպես նաև Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության (UNHCR), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի, ՄԱԿ մշտական համակարգողի և ՄԱԿ Անվտանգության և ապահովության վարչության ներկայացուցիչները:

Թեև մենք բարձր ենք գնահատում իրավիճակի գնահատմանը միտված ՄԱԿ-ի ջանքերը, այնուամենայնիվ կարծում ենք, որ առաքելությունը և դրա արդյունքները չեն համապատասխանում ՄԱԿ-ի նախաձեռնությունից ակնկալվող հիմնական չափանիշներին: ՄԱԿ-ի առաքելությունը, որը գլխավորել են ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, չի պահպանել անկողմնակալության, անկախության հիմնարար սկզբունքները և «չվնասելու» հրամայականը։ Առաքելության տևողությունը`  ըստ տեղեկությունների ընդամենը մի քանի ժամ, խիստ անբավարար էր Լեռնային Ղարաբաղում բարդ հումանիտար իրավիճակը համապարփակ գնահատելու համար: Ավելին, ռազմական գործողությունների հիմնական վայրեր սահմանափակ մուտքը և սահմանափակ շփումները տեղում մնացած մի քանի տուժած անձանց հետ, որոնք դեռևս սպառնալիքի տակ էին, զգալիորեն խաթարել են ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն հավաքելու առաքելության կարողությունը:

Ավելին՝ առաքելությունը, լինելով խիստ մարդասիրական նախաձեռնություն, ոչ ճշգրիտ դիտարկումներ է արել տվյալ տարածքում մարդու իրավունքների և մշակութային ժառանգության խնդիրների վերաբերյալ: Մարդու և մշակութային իրավունքների խախտումների հիմնավորված գնահատումը պահանջում է լուրջ ուսումնասիրություն համապատասխան լիազոր մարմինների կողմից: Այս և այլ սահմանափակումները լրջորեն խաթարել են առաքելության եզրակացությունները:

Ցավոք, առաքելության կողմից ավելի ուշ տարածած՝ «ՄԱԿ-ի թիմն ավարտում է առաքելությունը Ղարաբաղում» ապակողմնորոշիչ վերնագրով մամուլի հաղորդագրությունը վերջնական դիտարկման և հանցագործի գործողությունները արդարացնելու տպավորություն է թողնում: Հատկապես տխրեցնող է հաղոդրագրության այն ձևակերպումը, որ «առաքելությունը ցնցված էր տեղի բնակչության հանկարծակի հեռացմամբ»: Հումանիտար այս աղետը ոչ հանկարծակի էր, ոչ էլ ցնցող։ Ներքոստորագրյալ կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս հայտարարել են՝ մեծ է հավանականությունը, որ անգործությունը կբերի նման արդյունքի։ Այս ձևակերպումը ստվեր է գցում այն փաստի վրա, որ իրավիճակը երկարաժամկետ ճգնաժամ է, որը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմամբ: Հետևաբար, զարմանալի չէ, որ Ադրբեջանն արդեն սկսել է առաքելության հայտարարությունն օգտագործել միջազգային հարթակներում՝ խեղաթյուրելու իրավիճակը տեղում և ուշադրությունը շեղելու իր անօրինական և հանցավոր գործողություններից։

2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր Հայաստանի քաղաքացիական հասարակությունը մշտապես կոչ է արել հրատապ, մասնագիտական և համապարփակ փաստահավաք առաքելություն գործուղել՝ գնահատելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Հաշվի առնելով մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի ցուցանիշներով Ադրբեջանի մտահոգիչ վարկանիշը և ավտորիտար կառավարումը, չափազանց կարևոր է, որ ՄԱԿ-ի գնահատման առաքելությունները պահպանեն պրոֆեսիոնալիզմի ամենաբարձր չափանիշները և զերծ մնան ցանկացած քաղաքական ազդեցությունից Ադրբեջանի կամ որևէ այլ դերակատարի կողմից:

Վերոնշյալի լույսի ներքո մենք պահանջում ենք ՄԱԿ-ի ղեկավարությունից և ՄԱԿ-ի գործակալություններից հետևյալ գործողությունները.

  • Մենք հորդորում ենք  անհապաղ փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ ՄԱԿ-ի չափանիշներին և սկզբունքներին համապատասխան։ Այս առաքելությունը պետք է ներառի անկախ փորձագետների, ովքեր կարող են համակողմանի գնահատել հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակը՝ հաշվի առնելով արդի բոլոր գործոններն ու ներգրավված կողմերին։
  • Մենք կոչ ենք անում պատրաստել թարմ, մասնագիտական բարձր չափանիշներով գրված զեկույց, որը մանրամասն, համատեքստը ներկայացնող նկարագրություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին: Այս զեկույցը պետք է համապարփակ պատկերացում տրամադրի այն հանգամանքների մասին, որոնց պայմաններում տեղի ունեցավ այս ճգնաժամը՝ ներառյալ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը, որը կյանքի միակ ճանապարհն էր այդ տարածքում ապրող մարդկանց համար:
  • Մենք խորապես հավատում ենք, որ այս գործողությունները անհրաժեշտ են երաշխավորելու, որ Միավորված ազգերի կազմակերպությունը կատարում է մարդասիրական ճգնաժամերն արդարացի, անաչառ և համապարփակ կերպով լուծելու իր առաքելությունը: Մենք մեծապես գնահատում ենք ձեր անմիջական և լուրջ ուշադրությունն այս մտահոգություններին և պատրաստ ենք տրամադրել ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն կամ աջակցություն, որն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առավել խիստ և անաչառ գնահատմանը նպաստելու համար:

 

Ստորագրյալ կազմակերպություններ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Հոդված 3 ակումբ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Իրազեկ քաղաքացիների միավորում
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ
«Քաղաքական երկխոսություն» ՀԿ
«Ռեստարտ Գյումրի» ՀԿ
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակ
Երևանի մամուլի ակումբ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Կանանց ռեսուրսային կենտրոն
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Գորիսի մամուլի ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
«Ամբրելլա միջազգային լրագրողներ ցանց» ՀԿ
Քաղաքականության հետազոտական կենտրոն
«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ