Կառավարության և քաղհասարակության ներկայացուցիչները քննարկել են հանրային կառավարման բարեփոխումների օրակարգը
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը շարունակում է իրացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները համախմբելու և հանրային բարեփոխումներին միտված նրանց աշխատանքն ու ջանքերը համակարգելու իր բացառիկ առաքելությունը։
Նախորդ շաբաթ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հյուրընկալել էր քննարկում Հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) թեմայի շուրջ։
Հանրային կառավարման բարեփոխումների հիմնական ուղղությունները և դրանք ամրագրող ազգային ռազմավարությունը ներկայացնելու նպատակով քննարկմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Վիկտորյա Այդինյանը, վարչապետի աշխատակազմի ՀԿԲ «Ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման» ուղղությունների համակարգող Անժելա Կժդրյանը և Վարչապետի աշխատակազմի «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնության համակարգող Լիլյա Աֆրիկյանը։
Հանդիպման ընթացքում քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն ու հարցերն են ուղղել կառավարության ներկայացուցիչներին: Քննարկվել են բարեփոխումների օրակարգի շուրջ պետություն – քաղհասարակություն համագործակցության հնարավորությունները։
Հայաստանին անհրաժեշտ են հանրային կառավարման բարեփոխումներ, որոնք համահունչ են հասարակության շահերին և բարեկեցությանը: Քաղաքացիական հասարակության տեղին ու գործնական ներգրավվածությունը կբարձրացնի հանրային ծառայությունների արդյունավետությունը և կամրապնդի ընդհանուր ժողովրդավարական մշակույթը Հայաստանում: