Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և On Think Tanks-ի համաժողովն ուղեղային կենտրոնների դերի մասին

Նոյեմբերի 24-ին Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և On Think Tanks (OTT) կենտրոնը համատեղ կազմակերպել էին քննարկում-համաժողով՝ նվիրված Հայաստանում քաղաքականությունների մշակման գործում ուղեղային կենտրոնների (think tank) դերակատարությանը:

Համաժողովի նպատակն էր վերհանել, թե ինչպես փորձագիտական համայնքները, հատկապես հետազոտական կենտրոնները, կարող են ավելի մեծ արդիականություն ունենալ քաղաքականության և ապացույցների վրա հիմնված դիսկուրսների ձևավորման գործում, որոնք վերաբերում են առաջնահերթ ներքին և արտաքին խնդիրներին:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների և ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ մասնակցել են Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի գրասենյակում կազմակերպված համաժողովին։ Մասնակիցներն անդրադարձել են հայկական ուղեղային կենտրոնների դերի ընդայնմանն ուղղված ռազմավարություններին, քննարկել  քաղաքականությունների մշակման գործում դրանց ներդրումն ավելի արդյունավետ դարձնելու ուղիները:

On Think Tanks կենտրոնի հիմնադիր ու տնօրեն Էնրիկե Մենդիզաբալը համաժողովի հիմնական բանախոսն էր: Նա ներկայացրել է «Ուղեղային կենտրոնների վիճակը 2023» ամենամյա գլոբալ հետազոտության արդյունքները, որն առաջարկում է պատկերացումներ ուղեղային կենտրոնների դերի ու զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը կարևորում է նման քննարկումները, քանի որ ուղեղային կենտրոնները հնարավորություն են տալիս քաղաքականություն մշակողներին և հանրությանը տեղեկացված որոշումներ կայացնել հանրային քաղաքականության վերաբերյալ, ինչը կենսական նշանակություն ունի քաղաքացիական մասնակցության և ժողովրդավարության համար: