Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և ՆԳՆ համատեղ քննարկումը ձերբակալված անձանց պահման վայրերում քաղաքացիական վերահսկողության վերաբերյալ

Անցյալ շաբաթ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ՀՀ ներքին գործերի նախարարության հետ համատեղ կազմակերպել էր «Ձերբակալված անձանց պահման վայրերում քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներն ու  հասարակական դիտորդական խմբերի գործունեությունը» խորագրով աշխատանքային քննարկումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և շահագրգիռ մարմինների ներգրավմամբ։

Միջոցառման նպատակն էր քննարկել ձերբակալված անձանց պահման վայրերում  հասարակական դիտորդական խմբերի գործունեությունը, հիմնախնդիրները ու կարգավորող իրավական ակտերի վերանայման անհրաժեշտությունը։

Քննարկման մեկնարկը տալով՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը նշել է, որ  ձերբակալված անձանց պահման վայրերում քաղաքացիական վերահսկողության հարցը ներքին գործերի նախարարության համալիր բարեփոխումների կարևոր բաղադրիչներից է, և քաղհասարակությունն ուշադրության կենտրոնում է պահում այս հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները։

Քննարկմանը մասնակցող Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը կարևորել է քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտ գործիքակազմերի ուժեղացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչը թույլ կտա օբյեկտիվորեն դիտարկել ոլորտային խնդիրներ, նախանշել ինստիտուցիոնալ լուծումներ։

«Քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտ գործիքակազմերի ուժեղացումն ու ընդլայնումը ՆԳՆ ձևավորման տրամաբանության մեջ է», — նշել է Արփինե Սարգսյանը։ Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ձերբակալվածների պահման վայրերում հասարակական դիտորդական խմբերի աշխատանքին, խոսել է ՆԳ նախարարության ձևավորման տրամաբանության մեջ նրանց գործունեության նոր կարգի սահմանման անհրաժեշտության մասին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող Լաուրա Գասպարյանը ներկայացրել է կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի վերահսկողական գործիքակազմը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քաղհասարակության հետ քննարկել և վերջնական կոնսենսուս ձևավորել հասարակական դիտորդական խմբերի գործունեության նոր կարգի վերաբերյալ, նաև լսել առաջարկներ՝ ձերբակալվածների իրավունքների իրացման գործընթացների փոփոխության մասին, որոնք թույլ կտան հանդես գալ առանձին օրենսդրական նախաձեռնությամբ։

Աշխատաժողովը կազմակերպվել էր ՆԳ նախարարության և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի կողմից՝ «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում։

Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=DpH9SyhUaXw

Լուսանկարը՝ Ներքին գործերի նախարարության