Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության մշակման աշխատանքները մեկնարկել են քաղհասարակության կազմակերպությունների հետ քննարկմամբ

«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը դեկտեմբերի 22-ին կազմակերպել են «ՀՀ ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության և 2024-2026 թթ․ գործողությունների ծրագրի մշակում» թեմայով աշխատաժողով – քննարկումը։

Քննարկմանը մասնակցել են Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳ նախարարության, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչներ, փաստաբաններ։

Քննարկման նպատակն էր վերհանել ՀՀ ոստիկանության բարեփոխումների ոլորտում առկա խնդիրները և մարտահրավերները, ձևակերպել դրանց լուծման հնարավոր ուղիները, մշակել առաջարկություններ, որոնք հիմք կհանդիսանան ՀՀ ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության և 2024-2026թթ․ գործողությունների ծրագրի մշակման համար:

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը քննարկման մեկնարկին  նշել է, որ ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության մշակումը լավ առիթ է վերհանելու այս ոլորտում մարդու իրավունքներին առնչվող մի շարք խնդիրներ և առաջարկելու լուծումներ։

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությունը ռազմավարության մշակման աշխատանքներին կարևոր է այս դաշտում առկա խնդիրները գույքագրելու և Ներքին գործերի նախարարությանը առաջարկները ներկայացնելու տեսանկյունից»,- ասել է Տաթևիկ Խաչատրյանը։

«Սա նախադեպը չունեցող ձևաչափ է ոստիկանության ոլորտի բարեփոխումների համար, և թեմատիկ նմանատիպ քննարկումները մեզ, ըստ էության, թույլ կտան վեր հանել առկա խնդիրներն ու տարբեր մտահոգությունները, որոնք արդեն կգույքագրվեն և, ըստ այդմ առաջ կշարժվենք դրանց լուծումների նախանշման տրամաբանությամբ»,- իր խոսքում նշել է փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ նոր ռազմավարության մշակման գործընթացը լինելու է առավել ներառական՝ ընդգրկելով ոչ միայն պետական մարմինների, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկություններ։ Անդրադառնալով ոստիկանության համակարգում բարեվարքության ապահովման, հանրային հաշվետվողականության ու վերահսկողության հարցերին՝ ՆԳ փոխնախարարը նշել է, որ դրանց ներքո պետք է լինեն համապատասխան կառուցակարգեր, որոնք թույլ կտան նոր ռազմավարությունը դարձնել կանխատեսելի բոլորի համար։

Քննարկման երկրորդ մասում մասնակիցները 6 առանձին թեմատիկ աշխատանքային խմբերով՝ յուրաքանչյուրում ՆԳՆ ներկայացուցչի ներգրավմամբ, հնարավորություն են ունեցել քննարկելու պարեկային ծառայության կատարելագործմանը, ոստիկանությունում բարեվարքության ստուգմանն ու հաշվետվողականության ու վերահսկողության մեխանիզմների վերանայմանը, խոշտանգումներից ու վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի ապահովմանը, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը և ոստիկան-քաղաքացի հարաբերություններին վերաբերող խնդիրները։

Քննարկմանը ներկա քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կամփոփեն խմբային աշխատանքների արդյունքները և Նախարարությանը կներկայացրեն գույքագրած խնդիրները և առաջարկվող լուծումները։ Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել ՔՀԿ-ների կողմից Նախարարությանը համակողմանի և համալիր առաջարկությունների ներկայացման շուրջ, որոնք հնարավորինս կհասցեագրվեն ոստիկանության նոր ռազմավարության և դրանից բխող 2024-2026 թթ. գործողությունների ծրագրի և այլ նախատեսվող բարեփոխումների շրջանակներում։

 

«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի մասին

«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագիրն իրականացնում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) գլխավորությամբ ձևավորված Կոնսորցիումը, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ), «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն։

Ծրագիրը նպատակ ունի նպաստել արդարադատության ոլորտի բարեփոխումների բարեվարքությանը՝ խթանելով գործընթացների հաշվետվողականությանը, թափանցիկությանը և վերահսկողությանը։

 

Լուսանկարը՝ Ներքին գործերի նախարարության։

Միջոցառման մասին տեսանյութը՝ այստեղ։