Մեկնարկել է «Սոցիալական արդարությունը և էթիկայի նորմերը դպրոցներում» ծրագիրը

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և Կրթություն և համերաշխություն արհմիությունը, ՀՀ-ում Էստոնիայի դեսպանատան աջակցությամբ, իրականացնում են «Սոցիալական արդարությունը և էթիկայի նորմերը դպրոցներում» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է հետազոտել դպրոցներում էթիկական խնդիրները սոցիալական արդարության տեսանկյունից և նպաստել բարեվարքության պատշաճ նորմերի կիրառմանը հանրակրթական հաստատություններում:  Ծրագրի շրջանակում այս օրերին Հայաստանում հյուրընկալել էինք Տարտուի համալսարանի էթիկայի կենտրոնի փորձագետներ, պրոֆեսորներ Մարգիտ Սուտրոպին և Հալլիկի Հարո-Լուտին։

Եռօրյա այցի շրջանակում էստոնացի փորձագետներն այցելեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և Երեւանի 115 ավագ դպրոց, շփվեցին մանկավարժների և աշակերտների հետ, աշխատանքային քննարկում ունեցան ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամում Մարգիտ Սուտրոպը և Հալլիկի Հարո-Լուտը հանդիպում-քննարկումներ անցկացրեցին հանրակրթության ոլորտի շահառուների և փորձագիտական խմբերի հետ՝ ներկայացնելով կրթության ոլորտում սոցիալական արդարություն երաշախավորելու Էստոնիայի հաջողված փորձը։

Փորձագետները հյուրընկալվեցին նաև Առաջին ալիքի «Առավոտ Լուսո» հաղորդմանը։

«Սոցիալական արդարությունը և էթիկայի նորմերը դպրոցներում» ծրագրի շրջանակում առաջիկայում ստեղծվելու են մանկավարժների համար տեսահոլովակներ ուղղված սոցիալական արդարության սկզբունքների գործնական ու արդյունավետ կիրառմանը։