ԺԶՀ աջակցությամբ Երևանում ցուցադրվեց «Պատերազմի ներսը» վավերագրական ֆիլմը
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ և «Ալիք Մեդիա Հայաստանի» հետ համագործակցությամբ մարտի 27-ին Երևանում ցուցադրվեց ռուս-ուկրաինական պատերազմի մասին պատմող «Պատերազմի ներսը» վավերագրական ֆիլմը։
Ֆիլմի հեղինակն է ռեժիսոր, սցենարիստ Տիգրան Պասկևիչյանը, ով «Ֆակտում» փաստագրական կենտրոնի հետ 2 շաբաթ նկարահանել և վավերագրել է պատերազմն Ուկրաինայի Խարկովի, Դնեպրի, Դոնեցկի մարզերում եւ մայրաքաղաք Կիեւում։ Ֆիլմի հեղինակների նպատակն էր ցույց տալ պատերազմի ներսը՝ շարքային քաղաքացիների հանձնառությունն ու հավատը՝ համատեղ ուժերով հասնելու հաղթանակի։ Ֆիլմում ներկայացված է կամավորական գործունեության հինգ դրվագ եւ պատերազմի հետեւանքները նկարագրող մեկ պատմություն։
Կինոյի տանը կայացած ֆիլմի ցուցադրությանը ներկա գտնվեցին Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը, դեսպանատան աշխատակիցներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ։
«Ժողովրդավարության զարգացման հիմնադրամն իրավապաշտպան կազմակերպություն է, որը մեծ փորձ ունի պատերազմական հանցագործությունների փաստաթղթավորման գործում։ Մենք իրավական գործիքներով ենք փորձում օգնել պատերազմներից տուժածներին և զոհերի ընտանիքներին։ Լրագրողները և ռեժիսորները, վավերագրելով պատերազմները, գալիս են լրացնելու մեր իրավական աշխատանքը՝ օգնելով մեզ վիզուալիզացնել մարդկային տառապանքը, ինչպես նաև վերահաստատել, որ մարդու ազատության համար պայքարի կամքն անկոտրուն է։ Այս հավատամքով ենք մենք աջակցել այս ֆիլմի ցուցադրությունը»,- միջոցառմանն ժամանակ իր խոսքում ասաց Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը։
«Պատերազմի ներսը» վավերագրական ֆիլմը պատրաստվել է National Endowment For Democracy հիմնադրամի աջակցությամբ։