Հոգեկան առողջության խնդիրների լուծմանն ուղղված եռամյա ծրագրի մեկնարկը
Ապրիլի 16-ին Երևանում տրվեց հոգեկան առողջության բարելավմանը միտված նոր եռամյա նախաձեռնության մեկնարկը։
Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում հասանելի, ներառական հոգեկան առողջության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ իրավական շրջանակի մշակմանը և մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև հոգեկան առողջության վերաբերյալ հանրային ընկալման փոփոխությանը։
2 միլիոն եվրո բյուջե ունեցող այս ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի գործընկերությամբ։
Ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, հոգեկան առողջության ոլորտում գործող մասնագիտական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ, հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամներ, լրատվամիջոցներ։
«ԵՄ-ն աջակցում է հոգեկան առողջության ոլորտում բարեփոխումներին՝ դիտարկելով հոգեկան առողջությունը որպես երկրի դիմակայունության կարևոր գործոն։ Հոգեկան առողջությունը մարդու իրավունք է, ԵՄ մոտեցումը դիտարկում է հոգեկան առողջությունը առողջապահական համատեքստից անդին՝ տեսնելով այն սերտորեն կապակցված կրթության, սոցիալական ծառայությունների, թվայնացման, զբաղվածության, շրջակա միջավայրի և կլիմայի ոլորտների հետ։ Ուրախ ենք՝ տեսնելու Առողջապահության, ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների մեծ հետաքրքրությունը և հանձնառությունը՝ համատեղ աշխատանք իրականացնելու Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի օրակարգային հարցերի ուղղությամբ»,- միջոցառման ժամանակ բացման խոսքում ընդգծել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։
Հայաստանում հոգեկան առողջության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի կարևորությունն առավել ընդգծվել է համավարակից, 44-օրյա պատերազմից հետո: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հոգեկան առողջության պահպանմանն ուղղված համագործակցային աշխատանքին, որն իրականանում էր մոբիլ թիմերի շրջայցերի միջոցով` միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքով:
«Ուրախ եմ, որ ծրագրով նախատեսված ուսումնասիրություններն ու միջոցառումները կլրացնեն մեր կողմից իրականացվող աշխատանքները, որի թիրախում է իրավունքահեն մոտեցումը, քաղաքականությունն ու մեխանիզմների ստեղծումը՝ մատչելի, ներառական և ապացույցների վրա հիմնված հոգեկան առողջության ծառայությունների, հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ հասարակության բարենպաստ վերաբերմունքի համար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը: Գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հոգեկան առողջության ոլորտում իրականացվող քաղաքականությունը` ուղեցույցների, գործելակարգերի մշակում, կադրային ապահովումից մինչև հասարակ կենցաղային պայմանների բարելավում:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է միջազգային գործընկերների և միջգերատեսչական համագործակցության մակարդակում հոգեկան առողջության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքները և ներկայացրել այդ ուղղությամբ կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումները:
«Խնդրի մասին տարբեր ուղղություններով խոսելու հանգամանքը վկայում է, որ այն բոլորիս ուշադրության կենտրոնում է: Կրթական համակարգը պետք է դառնա այն միջավայրը, որը կարող է աջակցել հոգեկան առողջության խնդիրների բարձրաձայնմանը, ձևակերպմանը, մասնագիտական աջակցությանն ու ծառայությունների ստացմանը: Դպրոցներում սեպտեմբերից գործում է հոգեբանի հաստիք, ինչը նշանակում է, որ մենք առնվազն մասնագիտական ռեսուրսը հասցրել ենք դպրոց: Մենք շարունակաբար աջակցելու ենք հոգեբաններին անհրաժեշտ ռեսուրսներով՝ զգալու, նկատելու և բարձրաձայնելու կրթական միջավայրում հոգեկան առողջության վերաբերյալ խնդիրների մասին, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երեխաների համար: Կրթական համակարգն այն միջավայրն է, որտեղ պետք է սովորեցնել խոսել խնդիրների մասին և մասնագետների հետ աշխատելով՝ գտնել այս երևույթի հետ առնչվելու ճիշտ ձևերը»,- ասել է նախարարը՝ կարևորելով ոլորտում գործող մասնագիտական կառույցների՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի դերը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում խոսել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետության կողմից մատուցվող ծառայությունների մասին։ Նախարարն անդրադարձել է նաև ապաինստիտուցիոնալացման գործընթացին և այդ համատեքստում կարևորել անկախ կյանքի կենտրոնների ու փոքր խմբային տների գործունեությունը, մասնավորապես՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սոցիալական ներառման գործընթացում։
«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի պատշաճ կազմակերպման, նրանց սոցիալական ներառման, կարողությունների և հմտությունների զարգացման ուղղությամբ աշխատանքը հետևողական է և անընդհատ։ Միաժամանակ, պետության կողմից աշխատանքներ են տարվում խնամքի ծառայությունների փոխակերպման և անկախ կյանքի ապահովման, ինչպես նաև համայնքային տների ծառայությունների ընդլայնման ու նոր համայնքային տների ստեղծման ուղղությամբ», — նշել է Նարեկ Մկրտչյանը։
Նախարարն ընդգծել է նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ուղղությամբ իրավունքահեն մոտեցմամբ քաղաքականությունների մշակման, ինչպես նաև ըստ կարիքի՝ ծառայությունների տրամադրման կարևորությունը՝ շեշտելով նաև ոլորտում գործունեություն ծավալող տարբեր կառույցների միջև սերտ և արդյունավետ համագործակցության դերը։
Միջոցառումը շարունակվել է պանելային քննարկման ձևաչափով, որի շրջանակում անդրադարձ է կատարվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի։