«Հոգեկան առողջության» օրենքի նախագծի շուրջ քննարկումներ առողջապահության մասնագետների և քաղհասարակության մասնակցությամբ
Հոգեկան առողջության պահպանման և բարելավման ոլորտի պատասխանատուները, մասնագետները, փորձագետներն ու շահառուներն մայիսի 20-24-ը Երևանում քննարկեցին «Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագծի մշակմանը վերաբերող հարցերը։
Օրենքի նախագիծը մշակվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի գործընկերությամբ։
Օրենքի նախագծի մշակման աշխատանքներում ներգրավված են միջազգային և տեղացի փորձագետներ։ Նախագծի վերաբերյալ քննարկումներին մասնակցելու նպատակով Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հրավերով Հայաստան էր այցելել ծրագրի միջազգային փորձագետ, Բրյուսելում տեղակայված «Հոգեկան առողջություն Եվրոպա» (Mental Health Europe) հասարակական կազմակերպության փոխնախագահ Քրիստիան Գրդջանը:
Մայիսի 21-ին փորձագետը հանդիպեց Հայաստանի պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին՝ քննարկելու օրենքի նախագծի շրջանակը և ներկայացնելու միջազգային փորձը։
«Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվում են ՀՀ Առողջապահության նախարարության 2022-2026 թվականների գործողությունների ծրագրի առաջնահերթություններին և միջազգային լավագույն փորձին համապատասխան։ Քրիստիան Գրդջանը նախագծի շուրջ քննարկում ունեցավ նաև ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգեկան առողջության ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների արդյունքում հավաքագրված առաջարկներն ու դիտարկումները հաշվի կառնվեն օրենքի նախագծի մշակման և աշխատանքների վերջնականացման ժամանակ։
Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հասանելի, ներառական հոգեկան առողջության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ իրավական շրջանակի մշակմանը և մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև հոգեկան առողջության վերաբերյալ հանրային ընկալման փոփոխությանը։