Քննարկում թմրամիջոցների գործածման և շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի շուրջ
Ներքին գործերի նախարարության և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) համատեղ նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի հանրային երկրորդ՝ ընդլայնված կազմով քննարկումը։
Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Այս քննարկումից մեկ շաբաթ առաջ ԺԶՀ գրասենյակում տեղի էր ունեցել ավելի նեղ կազմով հանդիպում, որի ընթացքում մասնագիտական խմբերը ներկայացրել են դիտարկումներ և առաջարկներ ռազմավարության նախագծի վերաբերյալ։
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ասել է․
«Թմրանյութերի դեմ պայքարը կարևոր է, բայց այն չպետք է արդարացնի ոստիկանության կողմից բռնությունը, և այս համատեքստում առավել կարևոր է դառնում պրոֆեսիոնալ, մարդու իրավունքն ու արժանապատվությունը հարգող ոստիկանության կայացումը։ Երկրորդ կարևոր տարրը հանրային վստահությունն է։ Քաղաքացիները չպետք է վախենան դիմել և համագործակցել ոստիկանության հետ, և սա կարևոր է ռազմավարության հաջող իրականացման համար»։
ԺԶՀ տնօրենն ափսոսանք է հայտնել առ այն, որ այս ռազմավարությունը մշակելիս ներքին գործերի նախարարությունը չի ունեցել կամ ունեցել է սահմանափակ վիճակագրական տվյալներ հիմնախնդրի հետ կապված։ Հենց այս պատճառով ԺԶՀ կազմակերպել և ֆինանսավորել «Էսպադ» (ESPAD — European School Survey Project on Alcohol and Other Drugs) հետազոտությունը, որը կիրականացվի դպրոցների բարձր դասարանների աշակերտների շրջանում՝ պարզելու թմրամիջոցների, ծխախոտի տարածվածությունը և տարածման ուղիները։ «Միասին ՆԳՆ-ի և մեր գործընկերների հետ մենք այս գործը գլուխ կբերենք ու կունենանք գոնե մոտավոր պատկեր, թե ինչ է կատարվում երկրում»,- նշել է Սուլթանյանը։
Հաշվի առնելով թմրամիջոցների դեմ պայքարի խնդրի արդիականությունն ու բարդությունը՝ ԺԶՀ տնօրենը հորդորել է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ակտիվ համագործակցել պետական կառույցների հետ այս ռազմավարության իրականացման շուրջ։
Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ռազմավարական փաստաթղթով Ներքին գործերի նախարարությունն առաջ է քաշել հանրային անվտանգության և հանրային առողջապահության ոչ թե հակադրման, այլ հավասարակշռման սկզբունքով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման, դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի քաղաքականությունը։
Սարգսյանը նշել է, որ նախագծով մեծ ուշադրություն է դարձվել անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման և չափաշահման կանխարգելմանը։ Շեշտադրվել է, որ նախագծային բոլոր ուղղություններով անցնում է կրթական բաղադրիչը, այդ թվում՝ իրավապահ համակարգի կարողությունների զարգացման, հանրակրթական հաստատություններում առողջ ապրելակերպի ուսուցման ձևաչափի վերափոխման, ծնողական և ուսուցչական կազմի իրազեկվածության բարձրացման, անչափահասների և երիտասարդների շրջանում իրազեկվածության բարձրացման մեթոդաբանության փոփոխության մասով, որը շատ հաճախ պրակտիկայում առավել շատ գովազդային, քան կանխարգելիչ ազդեցություն է թողնում։
Հանդիպման ավարտին ծավալվել է ակտիվ քննարկում, որի արդյունքներով նախագիծը կբերվի վերջնական տեսքի։
Հանրային քննարկման մասին տեսանյութը այստեղ։