ԺԶՀ համագործակցում է Equal Rights Trust-ի հետ իրավահավասարության նոր օրենքի խթանման ուղղությամբ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) համագործակցում է տեղական և միջազգային կոալիցիաների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, փորձագետների, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները բարելավելու նպատակով։

«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծում ներառականություն և ՄԱԿ-ի մարդու իրավունքների չափանիշներն ապահովելու նպատակով Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան համագործակցում են Equal Rights Trust (Հավասար իրավունքների պաշտպանություն) կազմակերպության հետ, որը ճանաչված է աշխարհում որպես համապարփակ հավասարության օրենքների մշակման ոլորտում գործող առաջատար միջազգային անկախ փորձագիտական ​​կազմակերպություն:

Equal Rights Trust-ի փորձագետներ Ջիմ Ֆիցջերալդը և Էվելին Քոլինսը նոյեմբերի 26-ից 27-ը գտնվում էին Հայաստանում՝ աշխատելու իրավահավասարության օրենքի մշակման աշխատանքներում  ներգրավված կողմերի հետ։

Նոյեմբերի 26-ին Ժողովրդավարության զարգացման հիմնադրամում փորձագետները հանդիպեցին և բովանդակային քննարկում անցկացրին հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների հետ, հավաքագրեցին վերջիններիս առաջարկությունները, մտահոգությունները և կարծիքներն օրենքի նախագծի վերաբերյալ։

Բացի այդ, ԺԶՀ ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը,  Ջիմ Ֆիցջերալդի և Էվելին Քոլինի հետ համատեղ տվյալ խնդրի շուրջ հանդիպումներ անցկացրին Մարդու իրավունքների պաշտպանի, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և անդամի, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի և փորձագետների, ՀՀ արդարադատության, արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ ՝ քննարկելու օրենքի ու կից օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցեր:

Հանդիպումների ընթացքում առաջարկներ արվեցին ինչպես օրենքի նախագծի լավարկման վերաբերյալ, այնպես էլ մի շարք առաջարկներ ներկայացվեցին հետագայում Հավասարության մարմնի պատշաճ կարողությունների, ռեսուրսների ապահովման հետ կապված։ Կարևորվեց նաև դատավորների, արդարադատության ոլորտի այլ մասնագետների վերապատրաստումներն այս թեմայով, որպեսզի ապահովվի օրենսդրության արդյունավետ կիրարկումը պրակտիկայում։

The Equal Rights Trust հիմնադրամի և փորձագետների մասին

The Equal Rights Trust-ը անկախ, միջազգային կազմակերպություն է, որը համագործակցում է տարբեր խմբերի հետ հավասարության մասին օրենքների մշակման, ընդունման, իրականացման և կիրառմանն աջակցելու ուղղությամբ:

2020-ից 2022 թվականներին Trust-ը համագործակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի հետ՝ մշակելու ՄԱԿ-ի Գործնական ուղեցույցը Համապարփակ հակախտրական օրենսդրության մշակման համար՝ ՄԱԿ-ի համակարգի առաջին հեղինակավոր ուղեցույցը իրավունքի այս ոլորտում պետությունների պարտավորությունների վերաբերյալ: Գործնական ուղեցույցն այժմ օգտագործվում է որպես իրավական բարեփոխումների նախագծերի հիմք պետական ​​մարմինների կողմից՝ Ավստրալիայից ու Բրազիլիայից մինչև Մեքսիկա:

Ջիմ Ֆիցջերալդը Հիմնադրամի տնօրենը և ՄԱԿ-ի Գործնական ուղեցույցի համահեղինակներից է։ ՄԱԿ-ում հետ իր աշխատանքին զուգահեռ նա աջակցել է հավասարության իրավունքի բարեփոխման շարժումներին տասնյակ երկրներում, այդ թվում՝ Մոլդովայում և Ուկրաինայում, հետազոտություններ և վերլուծություններ է տրամադրել այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, Equinet-ը՝ Հավասարության եվրոպական ցանցը, ԵԱՀԿ-ն և Թրանսփարենսի Ինթերնեշնլը:

Էվելին Քոլինսը Trust-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Պրոֆեսոր Քոլինզը 19 տարի եղել է Հյուսիսային Իռլանդիայի Հավասարության հանձնաժողովի գլխավոր գործադիրը։ Equinet-ի՝ Հավասարության մարմինների եվրոպական ցանցի նախկին նախագահն է: Էվելինը 1980-ականներից աշխատել է հավասարության հարցերի շուրջ, հիմնականում Հյուսիսային Իռլանդիայում, բայց նաև որպես ազգային փորձագետ աշխատել է Բրյուսելի Եվրոպական գենդերային հավասարութան հանձնաժողովում և լայն ճանաչում է ձեռքբերել Էքվինեթի հետ իր ներգրավվածության և ԵՄ-ի տարբեր ծրագրերի միջոցով: Էվելինը 1992-2020թթ․ թվականներին եղել է Կանանց և տղամարդկանց միջև հավասար հնարավորությունների հարցերով Եվրոպական հանձնաժողովի խորհրդատվական կոմիտեի անդամ, 2005 թվականին զբաղեցնում է Հանձնաժողովի նախագահի պաշտոնը: