Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամն իրականացում է «Համերաշխություն մարդու իրավունքների և ժողովրդավարության շուրջ» ծրագիրը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, գործընկեր երկու հասարակական կազմակերպությունների հետ, իրականացում է «Համերաշխություն մարդու իրավունքների և ժողովրդավարության շուրջ» ծրագիրը։
Ծրագիրը նպատակ ունի բաց երկխոսության և համագործակցության հնարավորություններ ապահովել ռուսաստանցի և ուկրաինացի լրագրողների և իրավապաշտպանների համար, ովքեր հաստատվել են Հայաստանում:
Ծրագրի շրջանակում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը Փաստերի ստուգման հարթակի (fip.am) միջոցով իրականացնում է տեղեկատվական հոսքերի մշտադիտարկում և փաստերի ստուգում` ներառյալ Հայաստանում ապրող այս երկու համայնքների դեմ ուղղված բացասական դիսկուրսները։
Ծրագրի մեկ այլ բաղադրիչով «Ալիք Մեդիա»-ն մեդիա հարթակ է տրամադրում ՌԴ-ից և Ուկրաինայից Հայաստան տեղափոխված լրագրողներին՝ լուսաբանելու Հարավային Կովկասին առնչվող թեմաները ռուսալեզու լսարանի համար և դիմակայելու ապատեղեկատվությանը՝ փաստերի վրա հիմնված մեդիա բովանդակության միջոցով:
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը պարբերաբար միջոցառումներ կկազմակերպի ծրագրի շահառու համայքների և նրանց հայ գործընկերների միջև փոխգործակցությունը խթանելու համար։