Եվրամիության աջակցությամբ մեկնարկ է տրվում Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրերի

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հունվարի 23-ին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված երեք ծրագրերի մեկնարկի մասին։ Տեղական և միջազգային քաղհասարակության կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնություններն ընդգծում են ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու  փախստականների սոցիալ-տնտեսական ներառմանը և ինտեգրմանը, նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը։

ԵՄ կողմից ֆինանսավորվող 3 նախաձեռնություններից մեկն է «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար»  ծրագիրը, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։

Ծրագրերի ներկայացմանը նվիրված միջոցառմանը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ հումանիտար օգնության վարչության Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Անդրեաս Պապակոնստանտինուն վերահաստատել են ԵՄ հանձնառությունը՝ ուղղված փախստականների համար կայուն ապագա ստեղծելուն՝ համոզված լինելու, որ որևէ մեկն անտեսված չէ։

Միջոցառմանը մասնակցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Նելլի Դավթյանը վերահաստատել են փախստականների ներառման և ինտեգրման ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ընդգծելով Կառավարության, միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության կարևորությունը։

Միջոցառման ժամանակ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Ալեն Շադունցը ներկայացրել է ԺԶՀ և գործընկեր ՔՀԿ-ների կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար»  եռամյա ծրագրի նպատակները և ակնկալվող արդյունքները։

Ծրագիրը նպաստելու է Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և կարողությունների հզորացմանը՝ ապահովելով նրանց հասանելիությունն անհրաժեշտ տեղեկատվությանը և ծառայություններին։ Եռամյա ծրագրի արդյունքում ակնկալվում է ավելի քան 200 փախստականների ներառել իրենց իրավունքների պաշպանության ջատագովության աշխատանքներում, զարգացնել 220 երիտասարդ փախստականների կարողությունները, աջակցել երիտասարդ փախստականների կողմից մշակված 30 նախագծերի իրականացմանը, ապահովել առավել խոցելի 700 անձի հասանելիությունն անհրաժեշտ ծառայություններին, բարելավել փախստականների հասանելիությունն առողջապահական ծառայություններին, ավելի քան 20 հազար փախստականների համար ապահովել մատչելիություն և հասանելիություն իրենց վերաբերող տեղեկատվությանը և ծառայություններին։

Լուսանկարները՝ Եվրոպական միության պատվիրակության