Ենթադրամաշնորհների բաց մրցույթ «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում

Նպատակ և գործողություններ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը հրավիրում է ենթադրամաշնորհի հայտադիմում ներկայացնելու ՀՀ-ում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին և կոալիցիաներին, որոնք նպատակ ունեն զարգացնել հոգեկան առողջության ոլորտում համայնքահենք, մարդակենտրոն և իրավունքահենք մոտեցումները Հայաստանում։

Մասնավորապես՝ ենթադրամաշնորհի նպատակն է ապահովել, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության Արարատի և Շիրակի մարզերում ունենան մատչելի, արդյունավետ և ոչ խտրական համայնքահենք աջակցություն՝ ներդնելով հոգեկան առողջության հավասարը հավասարին աջակցության (peer-support) պիլոտային ծառայություն։ Ծառայության նպատակն է տրամադրել փորձառության վրա հիմնված և գործնական աջակցություն համանման փորձառությունն ունեցող անձանց միջև։ Այն պետք է խթանի ներառական և ապահով միջավայրի ստեղծումը, որտեղ յուրաքանչյուր մարդ ընդունված, հարգված և արժևորված է զգում, ունի ֆիզիկական և հուզական անվտանգության զգացում, լսված ու հասկացված է։

Հավասարը հավասարին աջակցության ծառայության արդյունավետ մատուցումը կբարելավի մարդկանց կյանքի որակը և կնվազեցնի հոսպիտալացման դեպքերը, ինչպես նաև կօգնի արձագանքելու խարանին, նվազեցնելու ինքախարանումը, արձագանքելու առկա և հնարավոր մարտահրավերներին։

Հայաստանի Հանրապետության Արարատի և Շիրակի մարզերում հոգեկան առողջության ծառայությունների հասանելիութունը բարելավելու համար անհրաժեշտ է ներդնել հավասարը հավասարին աջակցության ծառայություն խումբ յուրաքանչյուր մարզում։ Ծառայության շրջանակներում պետք է տրամադրվի անհատական և խմբային աջակցություն, կրթական ռեսուրսներ և կազմակերպվեն իրազեկման հանդիպումներ համանման փորձառություն ունեցող անձանց միջև։ Փորձարարական կարգով ներդրված ծառայության անխափան աշխատանքը ապահովելու համար անհրաժեշտ է համագործակցել շահագրգիռ կողմերի հետ՝ ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Արարատի, Շիրակի մարզպետարանների աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոլորտում գործող հասարարական կազմակերպությունների և այլ հոգեկան առողջության համայնքահենք ծառայությունների հետ։

Ծրագրի իրականացման ընթացքում ենթադրամաշնորհառուն կստանա մասնագիտական աջակցություն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից։

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում  է որ՝

1․ Հայաստանի Հանրապետության Արարատի և Շիրակի մարզերում փորձարկվել է հավասարը հավասարին աջակցության ծառայությունը, որի շրջանակներում ձևավորվել և գործել են փոխօգնության խմբեր՝ տրամադրելով արդյունավետ և ոչ խտրական հոգեսոցիալական ծառայություններ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար։

2․ Ծառայության շրջանակում մշակվել է հավասարը հավասարին աջակցության ծառայության ուղեցույց, վերապատրաստվել են անձինք որպես հավասարը հավասարին աջակիցներ և ապահովվել է նրանց մասնակցությունը անհատական և խմբային աջակցության, իրազեկման սեսիաների և ռեսուրսների ուղղորդմանը:

3․ Հայաստանի Հանրապետության Արարատի և Շիրակի մարզերի համայնքներում ապրող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնդիրները տեսանելի և ճանաչել են համայնքային և ազգային մակարդակներում։

4․ Ստեղծված հավասարը հավասարին աջակցության ծառայությունից օգտվող անձանց համար ապահովվել է միջավայր, որտեղ նրանք կարող են ազատորեն բարձրաձայնելու իրենց խնդիրները և ստանալու աջակցություն։

5․ Ծառայության արդյունավետ մատուցումը բարելավում է շահառուների կյանքի որակը, նպաստում է խարանի նվազեցմանը և կրճատել է հոսպիտալացման դեպքերը։

6․ Փորձարկման արդյունքները փաստաթղթավորվել են և ներկայացվել են որոշում կայացնողներին՝ ապացույցների վրա հիմնված առաջարկությունների տեսքով, որոնք կարող են նպաստել նմանատիպ ծառայությունների հետագա ձևավորմանն ու ընդլայնմանը։

Ընտրության կարգը

Մրցույթի արդյունքում կտրամադրվի 50,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ արժողությամբ մեկ ենթադրամաշնորհ մեկ կազմակերպության։

Ծրագրի տևողություն

  • 12 ամիս

 

Մրցույթին կարող են դիմել այն կազմակերպությունները, որոնք

  • գրանցված են ՀՀ պետական ռեգիստրում և գործունեություն են ծավալում Հայաստանում
  • համարվում են շահույթ չհետապնդող իրավաբանական անձ (հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ, հիմնադրամներ)

 

Ծրագրի առաջարկները կգնահատվեն ընտրող հանձնաժողովի կողմից հետևյալ չափանիշների հիման վրա՝

Չափանիշ Միավոր
Համապատասխան փորձ հոգեկան առողջության ոլորտում[1] 30
Ծրագրի նպատակահարմարությունը և խնդրի հիմնավորվածությունը 20
Ծրագրի կայունությունը և ծախսերի արդյունավետությունը՝ բյուջեի համապատասխանությունը ծրագրային գործողություններին 20
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ներգրավվածություն և առաջնորդություն 5
Աշխատանքում իրավունքահենք մոտեցման արդյունավետ կիրառում 5
Ենթադրամաշնորհը իրականացնելու համար տեսանելի կարողություն արտահայտված կազմակերպության ֆունկցիոնալ կառուցվածքով 10
Դրամաշնորհների արդյունավետ կառավարման փորձ 10

Հնարավոր գործողությունների տեսակներ, որոնք կարող են իրականացվել ծրագրի նպատակին հասնելու համար (ներքոնշյալ ցանկը ուղղորդող է և ոչ սպառիչ)

  • Մշակել համապարփակ ուղեցույց, որտեղ կնշվեն հավասարը հավասարին աջակցության (peer-support) ծառայության սկզբունքները, որակի չափանիշները և ընթացակարգերը.
  • Կազմակերպել վերապատրաստում հոգեկան առողջության խնդիրներ, հոգեկան առողջության ծառայություններից օգտվող կամ օգտված անձանց, հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ տրամադրելով գիտելիքներ և հմտություններ ծառայության կառավարման, ռեքավերի մոտեցման, ակտիվ լսման, ապրումակցման և էթիկայի վերաբերյալ։
  • Ստեղծել և գործարկել հավասարը հավասարին աջակցության խմբեր,
  • Նպաստել Հայաստանյանի Հանրապետության մարզերում փոխօգնության խմբերի ներդրմանն ու ընդլայնմանը,
  • Իրականացնել ծառայության վեցամսյա փորձարկում՝ ապահովելով շարունակական մշտադիտարկումը և տվյալների հավաքում,
  • Փաստաթղթավորել փորձարկման արդյունքները և պատրաստել ապացույցների վրա հիմնված առաջարկություններ որոշում կայացնողներին՝ հետագա նմանատիպ ծառայությունների ձևավորման և ընդլայնման համար.
  • Կազմակերպել հավասարը հավասարին աջակցության խմբերի նախաձեռնման համար վերապատրաստման դասընթացներ ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար,
  • Իրականացնել արշավներ՝ ուղղված ավելի լայն բնակչության և խոցելի խմբերին (մասնավորապես Արարատի և Շիրակի մարզերում)՝ նպատակ ունենալով բարելավել հոգեկան առողջության գրագիտությունը, նվազեցնել խարանը, բարձրացնել հոգեկան առողջության մասին հանրային ըմբռնումը և հավասարը հավասարին աջակցության մասին իրազեկվածությունը.
  • Օգտագործել նորարարական մոտեցումներ՝ ուղղված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համայնքում անկախ ապրելու իրավունքի ապահովմանը,
  • Գործարկել հավասարը հավասարին աջակցության թեժ գծեր և կիրառել նորարար հաղորդակցության ձևեր։

 

Ծրագրի իրականացման ընթացքում արգելվող գործողություններ

  • Դրսևորել խտրականություն անհատների կամ խմբերի նկատմամբ՝ նրանց սեռի, սեռական կողմնորոշման, կրոնական համոզմունքների կամ դրանց բացակայության, նրանց էթնիկ ծագման հիման վրա
  • Ցուցաբերել աջակցություն քաղաքական կուսակցություններին
  • Իրականացնել գործողություններ, որոնք վերաբերում են միայն/հիմնականում՝ աշխատաժողովներին, սեմինարներին, կոնֆերանսներին և կոնգրեսներին մասնակցելուն
  • Իրականացնել գործողություններ, որոնք վերաբերում են միայն/հիմնականում անհատական ​​կրթաթոշակներին՝ ուսման կամ վերապատրաստման դասընթացների համար
  • Տրամադրել դրամաշնորհներ այլ կազմակերպություններին կամ անհատներին

 

Ծրագրի իրականացման ընթացքում արգելվող ծախսեր

  • Պարտքեր և պարտքի սպասարկման վճարների (տոկոսներ) մարում
  • Վնասների կամ հնարավոր ապագա պարտավորությունների համար պահուստ
  • Հողատարածքների, անշարժ և շարժական գույքի ձեռքբերում
  • Արտարժույթի փոխանակման կորուստներ
  • Ոչ դրամական ներդրումներ (բացառությամբ կամավորների աշխատանքի)
  • Պարգևավճարներ, որոնք ներառված են անձնակազմի ծախսերում
  • Վարկեր երրորդ անձանց
  • Պետական ծառայողների, պատգամավորների աշխատավարձի ծախսեր

 

Դիմորդները պետք է ուղարկեն ծրագրի առաջարկները էլեկտրոնային եղանակով հայերենով կամ անգլերենով [email protected] հասցեին մինչև մինչև հոկտեմբերի 6-ը՝ ժամը 12։00: Ծրագրի առաջարկի հայտաձևը հասանելի է այստեղ: Ծրագրի բյուջեն անհրաժեշտ է ներկայացնել եվրոյով։

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ (ավելի մանրամասն ներկայացված է հայտաձևում)

  • Ծրագրի առաջարկի հայտաձև մանրամասն բյուջեով
  • Կազմակերպչական կառուցվածքի նկարագիր
  • Կազմակերպության կանոնադրություն
  • Կազմակերպության ներքին կանոնակարգ
  • Պետռեգիստրի վկայական
  • Վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունը
  • Երեք երաշխավորական նամակ
  • Տարեկան աուդիտի եզրակացություն (2024թ․) — առկայության դեպքում

 

Թերի և/կամ վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտադիմումները չեն դիտարկվելու։

 

Հայտաձևին առնչվող հարցերին պատասխանելու նպատակով տեղի կունենա հանդիպում ԺԶՀ գրասենյակում սեպտեմբերի 23-ին` ժամը 15։00-ին: Հանդիպմանը գրանցվելու համար պետք է նախապես ուղարկել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 18։00:

 

Ծրագրի մասին

Ենթադրամաշնորհը տրամադրվում է «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» վերնագրով Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող եռամյա ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա հետ համագործակցությամբ։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքահեն մոտեցման ներդրմանը, որը կօգնի մշակել մատչելի և ներառական հոգեկան առողջության ծառայությունների մեխանիզմներ և քաղաքականություն, ինչպես նաև կխթանի հասարակության դրական վերաբերմունքը Հայաստանում հոգեկան առողջության նկատմամբ:

Ծրագրի ընթացքում կմշակվի հոգեկան առողջության ոլորտի համար իրավունքահեն քաղաքականություն՝ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներին և միջազգային չափանիշներին համապատասխան, կիրականացվի ջատագովություն իրավունքահեն քաղաքականությունների ներդրման և լավարկման ինչպես նաև գործող հոգեսոցիալական ծառայությունների լավարկման ուղղությամբ։ Կմշակվեն և կփորձարկվեն Հայաստանում հոգեկան առողջության համայնքային նոր ծառայությունների մոդելներ և վաղ հայտնաբերման մեխանիզմներ, ինչպես նաև իրականացվող գործողությունների արդյունքում կբարձրացվի հասարակության իրազեկվածությունն ու հետաքրքրությունը հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ՝ շեշտը դնելով առկա խարանի և խտրական վերաբերմունքի նվազեցման վրա:

Ծրագրի ընթացքում կիրականացվեն գործողություններ ուղղված ոլորտի տարբեր մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացմանը։

[1] Հոգեսոցիալական աջակցություն, խորհրդատվություն, հոգեթերապիա, հոգեբուժական ծառայություններ, վերականգնման ծառայություններ, ճգնաժամային կառավարում, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, մասնակցություն հոգեկան առողջության ոլորտում քաղաքականության փաստաթղթերի մշակմանը, հոգեկան առողջության ոլորտում պետական ​​քաղաքականության մոնիտորինգ և գնահատում: