«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում ներկայացվել են հակակոռուպցիոն դատարանների դատավորների համար նախատեսված ուղեցույցները

Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ հակակոռուպցիոն դատարանների դատավորների համար նախատեսված «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դատական քննության ուղեցույց»–ի և «Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատական քննության ուղեցույց»–ի նախաավարտական տարբերակների քննարկմանը նվիրված աշխատաժողով, որը կազմակերպել էին Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը։
«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում ստեղծված այս ուղեցույցները վերջնական քննարկումից հետո վերախմբագրվելու են և հանձնվելու Հակակոռուպցիոն դատարանի դատավորներին՝ որպես աշխատանքային ձեռնարկ։
Հանդիպմանը Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանը շեշտել է, որ ուղեցույցների մշակումը բխում է ՀՀ կառավարության «Հակակոռուպցիոն ռազմավարությամբ» ստանձնած պարտավորություններից։ Նման ձեռնարկներ ունենալու հարցում նա կարևորել է միջազգային համագործակցությունը։
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանն էլ ընդգծեց ուղեցույցների դերը՝ նշելով, որ դրանք կօգնեն դատավորներին՝ միջազգային և ներպետական հակակոռուպցիոն իրավական ակտերի բովանդակությանն օպերատիվ հասանելիություն ապահովելու հարցում։

Ուղեցույցների հեղինակ, փորձագետ Արա Ղազարյանը մասնակիցների քննարկմանն է ներկայացրել դրանց նախնական տարբերակները՝ նշելով, որ դիտարկումներն ու առաջարկությունները հաշվի են առնվելու ուղեցույցների վերջնական խմագրման փուլում։
Ոչ ակադեմիական ձևաչափով մշակված ուղեցույցներում ի մի են բերված «փողերի լվացմանը», կոռուպցիոն բնույթի մյուս հանցագործություններին, ապօրինի գույքի բռնագանձմանը վերաբերող իրավական ակտերի աղբյուրները, որոնք միտված են դատավորների աշխատաժամանակը խնայելուն։ Ուղեցույցներում դատավորները կարող են գտնել նաև համեմատական իրավունքին վերաբերող ուսումնասիրություններ, որոնք դատական ակտի կազմման հարցում օժանդակ նշանակություն կունենան։
Քննարկմանը մասնակցում էին հակակոռուպցիոն դատարանների դատավորներ, Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ։ Ուղեցույցների մշակումը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի դեկտեմբեր:
Սույն միջոցառումն իրականացվում է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունները։