ԺԶՀ և գործընկերներն ամփոփեցին «Արդարացի դատաիրավական բարեփոխումները Հայաստանում» ծրագիրը

Սեպտեմբերի 26-ին Երևանում կայացավ «Արդարացի դատաիրավական բարեփոխումները Հայաստանում» ծրագրի արդյունքներն ամփոփող միջոցառումը։
Ծրագիրն իրականացվել էր Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն էին Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը։ Ծրագրի հիմնական նպատակ էր ապահովել Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը և բարելավել համակարգի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը՝ հանրային վերահսկողության միջոցով:
Ծրագրի արդյունքներն ամփոփվեցին Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումներին նվիրված քննարկման ձևաչափով, որին մասնակցեցին ՀՀ Ներքին գործերի նախարարության, Արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Ազգային ժողովի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, շեշտեց պետական մարմինների, միջազգային գործընկերների և քաղհասարակության ներգրավվածությամբ այսպիսի քննարկումների կազմակերպան անհրաժեշտությունը։ Նրա խոսքով, ՀՀ քաղաքացին մեր երկրում արդարադատության վիճակի մասին դատելու է անձնական փորձառությունից ելնելով, ինչպես նաև աղմկահարույց գործերի ժամանակին և արդար բացահայատման արդյունքում։
«Մենք դեռ բախվում ենք արդարադատության պակասին, երբ ունենք սևազգեստ մայրեր, ունենք խոշտանգման դեպքեր, խտրականացվող խմբեր մեր երկրում»,- ասաց ԺԶՀ տնօրենը և ընդգծեց, որ կյանքի իրավունքին վերաբերող բարեփոխումները չպետք է դանդաղեն։
«Հայացք ապագայից․ արդարադատության և ոստիկանության բարեփոխումներ, ձեռքբերումներ, խնդիրներ և հանրության ակնկալիքներ» խորագրով պանելային քննարկումը վարեց ԺԶՀ ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը։

Քննարկման ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անահիտ Աբրահամյանը համառոտ անդրադարձավ դատական համակարգի և դատավորների անկախության երաշխավորման գործում իրականացված աշխատանքներին։
«Դատական համակարգն ունի առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարիների կարծրատիպերով, բայց բարեփոխումները չեն դադարում, դանդաղ քայլերով շարժվում ենք առաջ», — նշեց Աբրահամյանը։
Հետաքննող լրագրող Գևորգ Թոսունյանը, ով այս ծրագրի շրջանակում բազմաթիվ մեդիա հրապարակումներ էր պատրաստել Հայաստանում արդարդարության ոլորտի հիմնախնդիրների մասին, պանելային քննարկման բանախոսներից էր։ Նա համաձայնեց, որ դատական համակարգում կան նկատելի փոփոխություններ, մասնավորապես վարչական և քաղաքացիական գործերով։ «Զգալի փոփոխություններ նկատվում են, համակարգը ներկայում փորձում է լսել ու հասկանալ քաղաքացիների շահերին վերաբերող խնդիրները։ Այլ բան է քաղաքական հնչեղություն ունեցող գործերը, որոնք այլ իրավիճակում և ընթացակարգերով են քննվում»,- նշեց Թոսունյանը։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը ներկայացրեց Հայաստանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման կառուցակարգերը։ «Ակտիվներն արդեն վերադարձվում են, ինստիտուտը կայացման փուլում է»,- նշեց Քոչարյանը։
ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը խոսեց ծրագրի շրջանակում մշտադիտարկման ընթացքում դատական իշխանության և հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտներում կազմակերպության վերհանած խնդիրներից։ Մասնավորապես մշտադիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ դատական համակարգում, հատկապես հակակոռուպցիոն դատարանի ձևավորման ընթացքում, որոշ դեպքերում դատավորներ նշանակվել են՝ հաշվի չառնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացասական եզրակացությունը։
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն անդրադարձավ ոստիկանությունում 2020թ․-ից մեկնարկած լայնածավալ ռեֆորմներին։ Նա մասնավորապես հիշատակեց ՆԳՆ ձևավորումը որպես ինստիտուտ, որը քաղաքացիական վերահսկողություն և պատասխանատվություն է կրում ոստիկանության նկատմամբ։ Խոսելով ոստիկանության ապագայի տեսլականից՝ Մկրտչյանն ասաց․ «Մենք ուզում նք ունենալ այնպիսի ոստիկանություն, որը հստակ և պատշաճ կապահովի հասարական անվտանգություն՝ պահպանելով քաղաքացիների իրավունքները»։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձավ ծրագրի շրջանակում դատարանների մշտադիտարկումների ժամանակ վերհանած խնդիրներին՝ մանավորապես ողջամիտ ժամկետների պահպանմանը։ «Քաղաքական կամքը որոշիչ նշանակություն ունի բարեփոխումների բովանդակային իրականացման տեսանկյունից։ Անընդհատ պետք է պահպանել համակարգի բարեվարքությունը»,- նշեց նա։
Քննարկման ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ՝ այստեղ։
Լուսանկարները՝ ՀՀ արդարադատության նախարարության: