Պայքար ընտրական ապատեղեկատվության դեմ. դասեր Մոլդովայից և Ռումինիայից

Ի՞նչ է ապատեղեկատվությունը, արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաները և միջամտությունը։ Ինչպե՞ս են դրանք դրսևորվել Մոլդովայում և Ռումինիայում համապետական վերջին ընտրությունների ժամանակ։ Ի՞նչ դասեր կարող է քաղել Հայաստանը ընտրական ապատեղեկատվության և արտաքին միջամտության դեմ պայքարի մոլդովական և ռումինական փորձից։

Այս հարցերը քննարկելու նպատակով Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համագործակցությամբ, դեկտեմբերի 8-9-ը կազմակերպեց մոլդովացի և ռումինացի փորձագետների այցը Հայաստան։

Այցի նպատակն էր Հայաստանի գործընկերներին ներկայացնել Մոլդովայի և Ռումինիայի փորձը և քաղած դասերը՝ այդ երկրներում ընտրություններից առաջ ապատեղեկատվության և արտաքին միջամտություններին դիմակայելու, բարեվարք ընտրություններ անցկացնելու և ժողովրդավարական ինստիտուտները պաշտպանելու հարցում։

Երկու օրերի ընթացքում փորձագետները հանդիպումներ ունեցան Հայաստանի պետական կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ), երիտասարդական խմբերի և լրատվամիջոցների հետ։

Երիտասարդների հետ խոսեցինք, թե ինչպես կարող ենք օգնել նրանց ավելի պատրաստ լինել ընտրական ապատեղեկատվությանը, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվել ժողովրդավարական գործընթացներում։

ՔՀԿ-ների մասնակցությամբ աշխատաժողովում անդրադարձանք ընտրական ապատեղեկատվության վտանգներին, մանիպուլացիաներին հակազդելու գործիքներին, ինչպես նաև օտարերկրյա միջամտությունների բացահայտման ուղիներին։