Խաղաղության և անվտանգության քննարկումներ Հայաստանի սահմանամերձ համայնքների ուսուցիչների հետ

Հայաստանի սահմանամերձ համայնքների ուսուցիչների կարծիքն ու ներդրումը կարևոր դեր ունեն խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ քննարկումներում։
Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի (CFLI) աջակցությամբ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամն (ԺԶՀ) իրականացնում է «Խաղաղության և անվտանգության քննարկումներ Հայաստանի սահմանամերձ համայնքների ուսուցիչների հետ» ծրագիրը, որի շրջանակում ԺԶՀ աշխատում է Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի 20 ուսուցիչների հետ։
Ծրագրի առաջին փուլը մեկնարկել էր այս տարվա հոկտեմբերին՝ Ջերմուկում, երբ ուսուցիչներն աշխատաժողովի ընթացքում ոլորտի փորձագետների հետ քննարկել էին տարածաշրջանային և գլոբալ զարգացումների ազդեցությունն իրենց համայնքների անվտանգության վրա, խմբային աշխատանքների միջոցով բարձրաձայնել իրենց մտահոգությունները, առաջարկել գործնական լուծումներ։ Այս աշխատաժողովի ընթացքում ուսուցիչներն առանձնացրել էին մի շարք առաջնահերթ թեմաներ, որոնց ցանկանում են անդրադառնալ ծրագրի շրջանակում, ինչպես օրինակ միջազգային հակամարտությունների պատմությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերը, ինչպես նաև առաջին բուժօգնության տրամադրումը։

Ընդառաջ գնալով այս առաջարկներին՝ ԺԶՀ դեկտեմբերի 21-ին Երևանում կազմակերպեց քննարկում, որտեղ ուսուցիչները ծանոթացան Կարելիայի հակամարտության պատմությանը, վերծանեցին Վաշինգտոնյան համաձայնագրերի էությունը, իսկ քննարկման ավարտին Հայկական Կարմիր խաչի փորձագետը նրանց ներկայացրեց առաջին բուժօգնության հմտությունները։
Նույն օրը երեկոյան ուսուցիչներն ընթրիքի շուրջ հանդիպեցին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրների հետ։ Անմիջական մթնոլորտում բաց քննարկում ծավալվեց Հայաստանի անվտանգության, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության խնդիրների շուրջ։

Անվտանգության խորհրդի աշխատակազմի հետ համակարգմամբ դեկտեմբերի 22-ին կազմակերպվեց ճանաչողական այց Տավուշի մարզի սահմանազատված հատվածներ, այդ թվում՝ Կիրանց բնակավայր։ Այս այցի գաղափարն առաջարկել էին հենց ուսուցիչները։
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկցությամբ նրանք այցելեցին հայ-ադրբեջանական սահմանի հարևանությամբ գտնվող Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, ծանոթացան եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, եղան սահմանի փշալարված հատվածի մոտ՝ տեղում դիտարկելով սահմանի անվտանգությունը և պատկերացում կազմելով սահմանազատման գործընթացի արդյունքների մասին։ Մանկավարժները ծանոթացան նաև անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող ամրաշինական աշխատանքներին և պաշտպանական ենթակառուցվածքներին։

Այցի վերջին կանգառը Կիրանց համայնքն էր, որտեղ ուսուցիչները շրջեցին տեղի նորակառույց դպրոցում, շփվեցին գործընկերների հետ և ծանոթացան դպրոցական կյանքի կազմակերպմանը սահմանամերձ պայմաններում։

Այս ծրագիրը հնարավորություն տվեց սահմանամերձ համայնքների ուսուցիչներին ավելի ակտիվ մասնակցել խաղաղության և անվտանգության թեմաներով գործընթացներին և իրենց ձայնը լսելի դարձնել կարևոր որոշումների քննարկման ընթացքում։
———
«Խաղաղության և անվտանգության քննարկումներ Հայաստանի սահմանամերձ համայնքների ուսուցիչների հետ» ծրագիրն իրականացվում է Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի (CFLI) աջակցությամբ։