Կրթական սեմինարների մասնակցության բաց մրցույթ
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար»
ծրագրի շրջանակում

Հակամարտությունը, ցավոք, դարձել է քո անձնական փորձառության մի մասը։ Բայց այն կարող է նաև դառնալ գիտելիքի, նոր ընկալումների և ապագայի մասին նոր պատկերացումների մեկնակետ։ Եթե ուզում ես հասկանալ, թե ինչպես են տարբեր երկրներ բախվել նման մարտահրավերների, ինչպես են արձագանքել դրանց, և ինչ կարող է այդ փորձը նշանակել քեզ համար, մի՛ վարանիր դիմել կրթական սեմինարների մասնակցության բաց մրցույթին։
Նախաձեռնության նպատակն է նպաստել տեղահանված երիտասարդների շրջանում հակամարտությունների կառավարման, հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացների և միջազգային հաշտեցման փորձի վերաբերյալ գիտելիքների խորացմանը։ Վեց կրթական սեմինարների ընթացքում մասնակիցները կծանոթանան հակամարտությունների կարգավորման միջազգային փորձին, ինչպես նաև հնարավորություն կունենան վերաիմաստավորելու իրենց իսկ հակամարտության ընկալումը և հաշտեցման գործընթացներում երկխոսության բաղադրիչի կարևորությունը։
Սեմինարների հաջող ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու ճանաչողական այցի Ֆինլանդիա և Շվեդիա՝ ծանոթանալու այդ երկրների փորձին հակամարտությունների կառավարման ոլորտում։ Նրանք նաև հնարավորություն կունենան դիմելու փոքր ենթադրամաշնորհների՝ խաղաղության և հակամարտությունների համեմատական ուսումնասիրությանն ուղղված անհատական նախագծեր իրականացնելու նպատակով։
Սեմինարներին կարող են դիմել և մասնակցել անձինք, որոնք․
- 18-ից 35 տարեկան են,
- Ունեն հետևյալ երեք փաստաթղթերից որևէ մեկը՝ հավաստելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված լինելու հանգամանքը․ փախստականի վկայական, 070 ծածկագրով անձնագիր կամ Լեռնային Ղարաբաղում դպրոցն ավարտելու վկայական։
Ընտրության կարգը
Դիմորդները պետք է ներկայացնեն մոտիվացիոն նամակ (300–500 բառ), որտեղ կհիմնավորեն, թե ինչու են ցանկանում մասնակցել սեմինարներին, ինչ նախաձեռնությունների են մասնակցել հակամարտությունների կառավարման և հետկոնֆլիկտային վերականգնման ոլորտներում, ինչ նոր գիտելիքներ և հմտություններ են ցանկանում ձեռք բերել և ինչպես են տեսնում դրանց կիրառումն իրենց համայնքներում։
Հայտադիմումի ամբողջական փաթեթը (մոտիվացիոն նամակ և Լեռնային Ղարաբաղից տեղահանված լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթերից մեկը) պետք է ուղարկել հայերեն կամ անգլերեն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև ապրիլի 26-ը, ժամը 23։59:
Անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Ծրագրի մասին
Տեղահանված երիտասարդների շրջանում հակամարտությունների վերաբերյալ գիտելիքների ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների շարքն իրականացվում է «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։
Կազմակերպության մասին
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) ձգտում է նպաստել Հայաստանում ժողովրդավարության, անվտանգության և մարդու իրավունքների առաջխաղացմանը՝ աջակցելով ժողովրդավարության կողմնակիցներին և ստեղծելով ընդհանուր արժեքների և փորձի վրա հիմնված գործընկերություններ։
Մեր տեսլականն է այն Հայաստանը, որտեղ երաշխավորված են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, արժանապատվությունը, խաղաղությունը, անվտանգությունը, քաղաքացիական մասնակցությունը և սոցիալական արդարությունը։
ԺԶՀ-ն համախմբում է քաղաքացիական հասրակության կազմակերպություններին՝ զարգացնելով ՔՀԿ-ների ամուր դաշինքներ՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների։