ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար»
ծրագրի շրջանակում
Նպատակ և գործողություններ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) հրավիրում է ենթադրամաշնորհի հայտադիմում ներկայացնելու ՀՀ-ում գրանցված և գործող իրավապաշտպան կազմակերպություններին` Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) տեղահանված փախստականներին իրավաբանական աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու համար։
Դրամաշնորհի նպատակն է իրավաբանական աջակցության և խորհրդատվության միջոցով պայքարել տեղահանվածների աշխատանքային և սոցիալական իրավունքների հնարավոր խախտումների դեմ և ապահովել տեղահանված անձանց համար հասանելիությունը սոցիալական ծառայություններին։
Մրցույթին կարող են դիմել․
- ՀՀ պետական ռեգիստրում գրանցված և ՀՀ-ում գործունեություն իրականացնող շահույթ չհետապնդող կազմակերպությունները։
Մրցույթի շրջանակում 50,000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ արժողությամբ ենթադրամաշնորհ կտրամադրվի մեկ կազմակերպության 12-ից (նվազագույնը) մինչև 24 (առավելագույնը) ամիս տևողությամբ ծրագիր իրականացնելու համար։
Գործողությունների տեսակներ, որոնք կարող են իրականացվել ծրագրի նպատակին հասնելու համար (ներքոնշյալ ցանկը ուղղորդող է և ոչ սպառիչ)․
- Գործարկել թեժ գծի ծառայություն՝ ԼՂ-ից տեղահանվածներին իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար,
- Տրամադրել աջակցություն և ապահովել ներկայացուցչություն տեղահանվածներին դատական գործընթացների ընթացքում,
- Հասցեագրել իրավական խնդիրները, որոնց բախվում են ԼՂ-ից տեղահանվածները և նպաստել դրանց լուծմանը,
- Աջակցել փախստականներին վարչական ակտերը բողոքարկելու գործում։
Ծրագրի իրականացման ընթացքում արգելվող գործողություններ․
- Իրականացնել գործողություններ, որոնք վերաբերում են միայն/հիմնականում՝ աշխատաժողովներին, սեմինարներին, կոնֆերանսներին և կոնգրեսներին մասնակցելուն,
- Իրականացնել գործողություններ, որոնք վերաբերում են միայն/հիմնականում անհատական կրթաթոշակներին՝ ուսման կամ վերապատրաստման դասընթացների համար,
- Տրամադրել դրամաշնորհներ այլ կազմակերպություններին կամ անհատներին,
- Դրսևորել խտրականություն անհատների կամ խմբերի նկատմամբ՝ նրանց սեռի, սեռական կողմնորոշման, կրոնական համոզմունքների կամ դրանց բացակայության, նրանց էթնիկ ծագման հիման վրա,
- Ցուցաբերել աջակցություն քաղաքական կուսակցություններին։
Ծրագրի իրականցման ընթացքում արգելվող ծախսեր․
- Պարտքեր և պարտքի սպասարկման վճարների (տոկոսներ) մարում, վնասների կամ հնարավոր ապագա պարտավորությունների համար պահուստ,
- Հողատարածքների, անշարժ և շարժական գույքի ձեռքբերում,
- Արտարժույթի փոխանակման կորուստներ,
- Ոչ դրամական ներդրումներ (բացառությամբ կամավորների աշխատանքի),
- Պարգևավճարներ, որոնք ներառված են անձնակազմի ծախսերում,
- Վարկեր երրորդ անձանց,
- Պետական ծառայողների, պատգամավորների աշխատավարձի ծախսեր։
Ընտրության կարգը
Դիմորդները պետք է ուղարկեն ծրագրի առաջարկները էլեկտրոնային եղանակով, հայերեն [email protected] հասցեին մինչև հուլիսի 31-ը՝ ժամը 18։00: Ծրագրի առաջարկի հայտաձևը հասանելի է այստեղ: Ծրագրի բյուջեն անհրաժեշտ է ներկայացնել Եվրոյով։
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ (ավելի մանրամասն ներկայացված է հայտաձևում)․
- Ծրագրի առաջարկի հայտաձև մանրամասն բյուջեով,
- Կազմակերպչական կառուցվածքի նկարագիր,
- Կազմակերպության կանոնադրություն,
- Կազմակերպության ներքին կանոնակարգ,
- Պետռեգիստրի վկայական,
- Վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունը,
- Երեք երաշխավորական նամակ,
- Տարեկան աուդիտի եզրակացություն (2025թ․) — առկայության դեպքում։
Ծրագրի առաջարկները կգնահատվեն հանձնաժողովի կողմից հետևյալ չափանիշների հիման վրա․
| Չափանիշ | Միավոր[1] |
| Իրավաբանական օգնություն տրամադրելու հաջողված փորձ | 0-20 |
| Մանրամասն նկարագիր, թե կազմակերպությունն ինչպես է որակյալ իրավաբանական օգնությունը հասանելի դարձնելու ԼՂ-ից տեղահանվածների համար | 0-20 |
| Տեղահանված բնակչության հետ աշխատանքի փորձ | 0-20 |
| Բյուջեի ողջամիտ բաշխում՝ համապատասխանեցված ծրագրային գործողությունների հետ | 0-20 |
| Ենթադրամաշնորհը իրականացնելու համար անհրաժետ կադրային և ֆունկցիոնալ կարողություններ | 0-20 |
Հայտաձևին առնչվող հարցերին պատասխանելու նպատակով տեղի կունենա տեղեկատվական հանդիպում ԺԶՀ գրասենյակում հուլիսի 20-ին` ժամը 15։00-ին: Հանդիպմանը գրանցվելու համար պետք է նախապես ուղարկել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին։
Ծրագրի մասին
Ենթադրամաշնորհը տրամադրվում է «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։
Կազմակերպության մասին
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) ձգտում է նպաստել Հայաստանում ժողովրդավարության, անվտանգության և մարդու իրավունքների առաջխաղացմանը՝ աջակցելով ժողովրդավարության կողմնակիցներին և ստեղծելով ընդհանուր արժեքների և փորձի վրա հիմնված գործընկերություններ։
Մեր տեսլականն է այն Հայաստանը, որտեղ երաշխավորված են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, արժանապատվությունը, խաղաղությունը, անվտանգությունը, քաղաքացիական մասնակցությունը և սոցիալական արդարությունը։
ԺԶՀ-ն համախմբում է քաղաքացիական հասրակության կազմակերպություններին՝ զարգացնելով ՔՀԿ-ների ամուր դաշինքներ՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների։
[1] Գնահատման գործընթացը ներառում է միավորային համակարգի կիրառում (0-ից 100 միավոր) ներկայացված հայտերը գնահատելու համար։