Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք ստացել են անվճար իրավաբանական աջակցություն

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը 2023թ նոյեմբերից ի վեր անվճար իրավաբանական աջակցություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

Այս աջակցության նպատակն էր իրավաբանական խորհրդատվության միջոցով նպաստել ՀՀ կառավարության կողմից տրամադրվող սոցիալական  աջակցության ծրագրերին բռնի տեղահանված անձանց հասանելիությանը, բարձրացնել մարզերում պետական և համայնքային աջակցության ծրագրերի արդյունավետությունը, ներկայացնել առաջարկություններ իրականացվող ծրագրերի և հետագա քաղաքականությունների և ռազմավարությունների արդյունավետության բարձրացման համար։

Ծրագրի արդյունքներն ու վերհանած խնդիրները հոկտեմբերի 14-ին ներկայացվել են պետական մարմիններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և շահառու անձանց Երևանում կայացած միջոցառմանը։

Իրավական աջակցությունը տրամադրվել է Երևան քաղաքում և Հայաստանի բոլոր մարզերում կոնտակտային անձանց և իրավաբանների ներգրավմամբ, ովքեր ահազանգի միջոցով կապ են հաստատել իրենց գործունեության մարզում բնակվող բռնի տեղահանված անձանց հետ, կատարել տնայցեր,  կարիքների գնահատում, կազմել անհրաժեշտ փաստաթղթեր՝ ուղղված տարբեր գերատեսչություններին ։

2023 թվականի նոյեմբեր ամսից մինչև օրս ՀՔԱՎ-ը տրամադրել է ավելի քան 1967  իրավական խորհրդատվություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Իրավախորհրդատվության արդյունքում, արձանագրված խնդիրների շրջանակներում մինչ օրս տարբեր պետական մարմիններ է ուղարկվել 444 գրություն և 3 հայցադիմում, որոնք կարող են օգնել ՀՀ Կառավարությանն ավելի արդյունավետ ու հասցեական պլանավորել և իրականացնել բռնի տեղհանված անձանց համար սոցիալական ծառայությունների տրամադրման համար ապագա ծրագրերը։