ԺԶՀ ներկայացուցչի ելույթը ԵԱՀԿ մարդու իրավունքների համաժողովում

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի Արդարադատություն և մարդու իրավունքներ ծրագրերի ղեկավար Արփի Հարությունյանը հոկտեմբերի 8-ին  ելույթ է ունեցել Վարշավայում ընթացող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) մարդու իրավունքների ամենամյա համաժողովում, որտեղ խոսել է Ադրբեջանում վատթարացող քսենոֆոբիայի և հայերի նկատմամբ ատելության դրսևորումների մասին։

Արփի Հարությունյանի ելույթի տեքստի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև․

«Շնորհակալություն, տիկին վարող,

Ինձ խորապես տխրեցնում է այն հանգամանքը, որ ամեն տարի մենք վերադառնում ենք Վարշավա և խոսում ենք նույն խնդիրների, նույն երկրների մասին, և իրավիճակը ժամանակի հետ միայն վատթարանում է։ Այսօր ես խոսում եմ Ադրբեջանում շարունակվող և ահագնացող քսենոֆոբիայի մասին՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայերի դեմ ուղղված էթնիկ ատելությանը։ Թեև այս ռասայական թշնամանքը երկար պատմություն ու խոր արմատներ ունի, 2004 թվականի Սաֆարովի գործը կտրուկ և վտանգավոր շրջադարձ մտցրեց։

Թեմային անծանոթ մարդկանց համար նշեմ, որ ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի մասնակցող ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում քնած ժամանակ դաժանաբար սպանել է հայ սպային: Պատիժը կրելու համար Ադրբեջան տեղափոխվելուց հետո Սաֆարովին անմիջապես ներում են շնորհել հենց նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել  Ադրբեջանում։ Նրան դիմավորել են որպես ազգային հերոս, նա ստացել է առատաձեռն նվերներ և պարգևներ հայի սպանության համար: Բռնության այս հերոսացումը միայն մեկ մարդու մասին չէր․ պատկերացրեք այն ազդակը, որն այն ուղարկեց ադրբեջանական ամբողջ հասարակությանը: Դա կանաչ լույս էր հետագա բռնության համար, և մենք վերջին տարիներին տեսել ենք, որ այս խաղը ողբերգական ընթացք է ունենում․ 2016 թ․-ի պատերազմի ժամանակ հայերի գլխատումներ, 2020 թ․-ին հայ ռազմագերիների դաժան խոշտանգումներ և գլխատումներ, 2022 թ․-ին հայ զինծառայողների մարմինների սարսափելի անդամահատումներ, 2023 թ․-ի էթնիկ զտումներ, ատելության խոսք և բռնության հերոսացում։ Այս օրինաչափությունը չի դադարում: Պարզ է, որ այս ատելությունը սնվել է տասնամյակներ շարունակ, և միջազգային հանրությունն այլևս չի կարող աչք փակել։

Հայերի նկատմամբ ատելության խոսքը նորություն չէ․ այն սերունդների ընթացքում խորապես արմատավորվել է Ադրբեջանի հասարակության մեջ: 2022 թվականին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն ընդգծեց, թե ինչպես են Ադրբեջանում հասարակական գործիչները, պետական ​​պաշտոնյաները և լրատվամիջոցները շարունակում ռասայական ատելություն տարածել առանց որևէ պատասխանատվության: Սա ավելի շատ բռնություն է առաջացնում՝ շարունակելով վտանգավոր ցիկլը: Սոցցանցերում շրջանառվում են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են երիտասարդ դպրոցականները հավատարմության երդում տալիս իրենց երկրին՝ միաժամանակ խոստանալով ատել հայերին՝ իրենց այսպես կոչված «թշնամուն»: Այս համակարգված ինդոկտրինացումը սկսվում է վաղ տարիքում և աջակցվում է պետության կողմից՝ ատելություն սերմանելով հասարակության ներսում:

2016 թվականին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը նախազգուշացրել է՝ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ մեծանում է՝ լսելով հայերի նկատմամբ ատելության խոսք դպրոցում, լրատվամիջոցներից և քաղաքական առաջնորդներից: Այս հռետորաբանությունը զսպելու փոխարեն այն միայն սրվում է Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, հատկապես 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո։

Ուրախ եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերն այստեղ՝ այս հարթակում, խոսում է միմյանց չատելու մասին, բայց նա մոռանում է նշել, թե ինչպես է իր կառավարությունը շարունակում ատելության արշավը, իր երկրի նախագահը մեզ հրապարակայնորեն պիտակավորում է որպես շներ, կենդանիներ, սատանաներ, քաղցկեղային ուռուցքներ՝ ամեն տեսակի հայհոյանք, որ դուք կարող եք պատկերացնել, օգտագործվում է նրա կողմից։ Ատելության այս խոսքն ունի իրական հետևանքներ: Սրանք միայն խոսքեր չեն, դրանք հանգեցնում են իրական բռնության, և դրան դիմակայելու պատասխանատվությունը բոլորիս վրա է:

Քանի դեռ Ադրբեջանը չի ընդունում իր կողմից սերմանած ատելությունը և  քայլեր չի ձեռնարկում դրա դեմ պայքարելու համար, արդյոք իրական խաղաղություն հնարավո՞ր է:

Շնորհակալություն»։