ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ «ԿԱՅՈՒՆ, ԱԶԴԵՑԻԿ և ՆԵՐԱՌԱԿԱՆ ՔԱՂՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» (ԿԱՆՔ) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Նպատակ և գործողություններ
Ենթադրամաշնորհներ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) հրավիրում է ենթադրամաշնորհի հայտադիմում ներկայացնելու ՀՀ-ում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին և մտային կենտրոններին (think tank), որոնք ունեն մարդու իրավունքներին, ժողովրդավարության զարգացմանը և լավ կառավարմանն առնչվող ծրագրերի իրականացման հաջողված փորձ և նպատակ ունեն շարունակել իրենց աշխատանքն այդ ոլորտներում։
Ենթադրամաշնորհի նպատակն է հայաստանյան հասարակական կազմակերպություններին և մտային կենտրոններին տրամադրել համապարփակ աջակցություն՝ ապահովելու նրանց կայուն գործունեությունը։ Մասնավորապես, ակնկալվում է, որ ծրագիրը հնարավորություն կտա հասարակական կազմակերպություններին և մտային կենտրոններին ավելի արդյունավետ կերպով նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը և մասնակցել Հայաստանում քաղաքականությունների մշակման գործընթացներին մշտադիտարկումների, մասնագիտական աջակցության և ջատագովություն միջոցով։
Ենթադրամաշնորհների մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 850,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։ Մրցույթի շրջանակում 15 առանձին ենթադրամաշնորհ կտրամադրվի 10 հասարակական կազմակերպության և 5 մտային կենտրոնի (յուրաքանչյուրին 40,000-60,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ) 18-ից (նվազագույնը) մինչև 30 (առավելագույնը) ամիս տևողությամբ ծրագիր իրականացնելու համար։
Կարողությունների զարգացում
Ենթադրամաշնորհը տրամադրվում է «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Ծրագիրն ուղղված է հայաստանյան քաղհասարակության աջակցմանը՝ կարողությունների զարգացման, ֆինանսական կանխատեսելիության ամրապնդման, քաղաքականությունների մշակման գործընթացներում մասնակցության խթանման տեսքով։
Հետևաբար, դրամաշնորհառու կազմակերպությունները նաև կստանան աջակցություն աշխատանքային արդյունավետության, ռազմավարական պլանավորման, հաղորդակցության, ֆինանսական կայունության, ջատագովության հարցերում կարողությունների զարգացման համար։ Ծրագրի մեկնարկին ՄԿՄ-ն աջակցելու է ենթադրամաշնորհառու կազմակերպություններին գնահատելու իրենց կարողությունները՝ օգտագործելով մասնակցային «Կազմակերպական կարողությունների գնահատման գործիքը» (ԿԿԳ)։ Ինքնագնահատման արդյունքում կազմվելու է զարգացման գործողությունների պլան, որի հիման վրա դրամաշնորհառու կազմակերպությունները կստանան աջակցություն իրենց արձանագրած կարիքների հետ կապված։ Ծրագրի ավարտին նրանք ևս մեկ անգամ իրականացնելու են ինքնագնահատում՝ օգտագործելով ԿԿԳ գործիքը արդյունքներն արձանագրելու համար։ Կարողությունների զարգացման բաղադրիչը իրականացվում է ԿԱՆՔ ծրագրի ողջ ընթացքում, և ակտիվ մասնակցությունն անհրաժեշտ է ստորև ներկայացված նպատակներին հասնելու համար։
Ենթադրամաշնորհային ծրագրերի ակնկալվող արդյունքները
- Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները և մտային կենտրոնները իրականացնում են ակտիվ ջատագովություն,
- Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները նպաստում են մարդու իրավունքների պաշտպանությանը,
- Հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները ակտիվ համագործակցում են միմյանց և այլ համապատասխան շահառուների հետ մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման և լավ կառավարման հարցերում։
Հայտատու լինելու պայմանները
Մրցույթին կարող են դիմել ՀՀ պետական ռեգիստրում գրանցված և ՀՀ-ում գործունեություն իրականացնող շահույթ չհետապնդող կազմակերպությունները,
- որոնք վերջին երեք տարիների ընթացքում հրապարակել են առնվազն երեք մշտադիտարկման զեկույց կամ քաղաքականության առաջարկ
- և իրենց կանոնադրության մեջ ունեն նշված հետևյալ առաջնահերթություններից առնվազն մեկը՝ մարդու իրավունքների պաշտպանություն, ժողովրդավարության զարգացում և լավ կառավարման խթանում։
Գործողությունների տեսակներ, որոնք կարող են իրականացվել ծրագրի նպատակին հասնելու համար (ներքոնշյալ ցանկը ուղղորդող է և ոչ սպառիչ)
- Նպաստել քաղաքականությունների շուրջ համապատասխան շահառուների միջև երկխոսությանը,
- Իրականացել ջատագովության և իրազեկման արշավներ,
- Հավաքագրել, վերլուծել և ներկայացնել տվյալներ մշտադիտարկումների և քաղաքականությունների մշակման համար,
- Մշակել և հանրայնացնել քաղաքականությունների առաջարկություններ և սեղմագրեր,
- Իրականացնել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններ։
Ծրագրի իրականացման ընթացքում արգելվող գործողություններ
- Իրականացնել գործողություններ, որոնք վերաբերում են միայն/հիմնականում՝ աշխատաժողովներին, սեմինարներին, կոնֆերանսներին և կոնգրեսներին մասնակցելուն,
- Իրականացնել գործողություններ, որոնք վերաբերում են միայն/հիմնականում անհատական կրթաթոշակներին՝ ուսման կամ վերապատրաստման դասընթացների համար,
- Տրամադրել դրամաշնորհներ այլ կազմակերպություններին կամ անհատներին,
- Դրսևորել խտրականություն անհատների կամ խմբերի նկատմամբ՝ նրանց սեռի, սեռական կողմնորոշման, կրոնական համոզմունքների կամ դրանց բացակայության, նրանց էթնիկ ծագման հիման վրա,
- Ցուցաբերել աջակցություն քաղաքական կուսակցություններին։
Ծրագրի իրականացման ընթացքում արգելվող ծախսեր
- Պարտքեր և պարտքի սպասարկման վճարների (տոկոսներ) մարում, վնասների կամ հնարավոր ապագա պարտավորությունների համար պահուստ,
- Հողատարածքների, անշարժ և շարժական գույքի ձեռքբերում,
- Արտարժույթի փոխանակման կորուստներ,
- Ոչ դրամական ներդրումներ (բացառությամբ կամավորների աշխատանքի),
- Պարգևավճարներ, որոնք ներառված են անձնակազմի ծախսերում,
- Վարկեր երրորդ անձանց,
- Պետական ծառայողների, պատգամավորների աշխատավարձի ծախսեր։
Ընտրության կարգ և չափանիշներ
Ներկայացված հայտերը կգնահատվեն չորս փուլով․
- Առաջին փուլում ԺԶՀ ծրագրերը համակարգող թիմի կողմից կստուգվի դիմորդ կազմակերպությունների համապատասխանությունը հայտատու լինելու պայմաններին։
- Երկրորդ փուլում վերոնշյալ պայմաններին համապատասխանող հայտերը կգնահատվեն անկախ փորձագիտական խմբի կողմից։
- Երրորդ փուլում ԺՉՀ ծրագրային թիմի անդամներից կազմված հանձնաժողովի կողմից հայտերը կգնահատվեն ստորև ներկայացված չափանիշների հիման վրա՝ նաև հաշվի առնելով փորձագիտական խմբի կարծիքը․
- Վերջին փուլում վերոնշյալ չափանիշների հիման վրա ընտրված հայտերը, ինչպես նաև գնահատման արդյունքները և անկախ փորձագետների կարծիքը կներկայացվեն ԺԶՀ տնօրենների խորհրդին դրանց ֆինանսավորումը հաստատելու համար։
Ենթադրամաշնորհային փաթեթ
Ենթադրամաշնորհային փաթեթը պետք է ներառի՝
- Ծրագրի առաջարկի հայտաձև,
- Բյուջեի լրացված ձևաթուղթ,
- Կազմակերպչական կառուցվածքի նկարագիր,
- Կազմակերպության կանոնադրություն,
- Կազմակերպության ներքին կանոնակարգ,
- Պետռեգիստրի վկայական,
- Տարեկան ֆինանսական վերջին հաշվետվությունը,
- Երեք երաշխավորի կոնտակտային տվյալներ (էլ․ հասցե և հեռախոսահամար)։
Դիմորդները պետք է ուղարկեն ծրագրի հայտն ու համապատասխան փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով [email protected] հասցեին մինչև փետրվարի 8-ը: Փաստաթղթերն ընդունվում են հայերեն կամ անգլերեն տարբերակով PDF, Word և Excel ձևաչափերով: Ծրագրի բյուջեն անհրաժեշտ է ներկայացնել եվրոյով։ Վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվի։
Կոնտակտային տվյալներ
Հայտերի լրացման կամ մանրամասների համար կարող եք կապ հաստատել հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]․
Հայտաձևին առնչվող հարցերին պատասխանելու նպատակով տեղի կունենա տեղեկատվական հանդիպում ԺԶՀ գրասենյակում հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին: Հանդիպմանը գրանցվելու համար պետք է նախապես ուղարկել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև հունվարի 20-ը, ժամը 18։00-ն:
Կազմակերպության մասին
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) ձգտում է նպաստել Հայաստանում ժողովրդավարության, անվտանգության և մարդու իրավունքների առաջխաղացմանը՝ աջակցելով ժողովրդավարության կողմնակիցներին և ստեղծելով ընդհանուր արժեքների և փորձի վրա հիմնված գործընկերություններ։
Մեր տեսլականն է այն Հայաստանը, որտեղ երաշխավորված են մարդու իրավունքներն ու ազատությունները, արժանապատվությունը, խաղաղությունը, անվտանգությունը, քաղաքացիական մասնակցությունը և սոցիալական արդարությունը։
ԺԶՀ-ն համախմբում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ զարգացնելով ՔՀԿ-ների ամուր դաշինքներ՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների։
* «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը ևս հայտարարել է ենթադրամաշնորհների բաց մրցույթ այն ՔՀԿ-ների համար, որոնք գործում են Երևանից դուրս համայնքներում։ Մրցույթի մասին ավելին այստեղ։