Քաղհասարակության այլընտրանքային զեկույցը ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ այլընտրանքային զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին՝ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ։
Զեկույցը պատրաստել և ներկայացրել են հետևյալ կազմակերպությունները․ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ», Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, «Իրական աշխարհ, իրական մարդիկ»։
Զեկույցում կազմակերպություններն անդրադառնում են Հայաստանում մարդկանց համարժեք կենսամակարդակի ապահովման իրավունքի, սեփականության իրավունքի, մշակութային իրավունքների, աշխատանքի արդար և բարենպաստ պայմանների երաշխավորման իրավունքների հիմնախնդիրներին։
Զեկույցն անդրադարձ է կատարում նաև երկրում բնապահպանական և արդյունաբերական հիգիենայի ներկա վիճակին, ցավամոքիչ (պալիատիվ) խնամքի և արդյունավետ ցավազրկման հասանելիության, հոգեկան առողջության ծառայությունների ամենաբարձր հասանելի չափանիշի երաշխավորման խնդիրներին։ Խնդիրները բարձրաձայնելուն զուգահեռ հասարակական կազմակերպություններն առաջարկներ են ներկայացնում ոլորտի օրենսդրության և պրակտիկայի բարելավման ուղղությամբ։
Նմանատիպ այլընտրանքային զեկույցների ներկայացումը քաղաքացիական հասարակության կողմից օգնում է կառավարության և համապատասխան պետական մարմինների ուշադրությունը կենտրոնացնել մարդու իրավունքների հիմնախնդիրների վրա և պարբերաբար կատարել կարևոր փոփոխություններ այս ուղղությամբ։
Զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ։