Ամփոփվել են «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում» ծրագրի արդյունքները
Նոյեմբերի 28-ին «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրն ամփոփել է արդյունքները՝ ծրագրի փակմանը նվիրված միջոցառմամբ և ծրագրի ուսանողների մրցանակաբաշխությամբ։
Եռամյա ծրագիրն իրականացվում էր Դոյչե Վելե Ակադեմիայի, ԲԲՍ Մեդիա Էքշնի (BBC Media Action), Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), Հետք/ Հետաքննող լրագրողներ ՀԿ, Ֆակտոր ԹՎ-ի կողմից՝ Եվրոպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) աջակցությամբ։
Ծրագիրը Հայաստանի մեդիա էկոհամակարգի հզորացմանն ու աջակցությանը միտված եզակի օրինակ էր, որի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվել մարզային լրատվամիջոցներին, կազմակերպվել են 170 օր ընդհանուր տևողությամբ սեմինարներ և թրեյնինգներ, ստեղծվել և հրապարակվել է ավելի քան 750 հոդված, վերապատրաստվել են 54 մեդիա ղերակավարներ, 50 ուսուցիչներ, դասախոսներ և թրեյներներ, 250 անձ մասնակցել է լսարանի հետազոտությանը և ավելի քան 800 ակտիվ օգտատեր միացել է InFact Network-ի առցանց հարթակին:
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը հանդես էր գալիս այս մեծ նախագծի իրականացնողներից մեկը՝ աջակցելով Հայաստանի 10 մարզային լրատվամիջոցների և կազմակերպությունների:
«Այս բոլոր գործողությունների արդյունքում մարզային մեդիա կազմակերպություններն ընդլայնել են իրենց թեմատիկ շրջանակը և դիվերսիֆիկացրել արտադրության ձևաչափերը, ինչն իր հերթին օգնում է նրանց հասնել ավելի լայն լսարանի», — ծրագրի փակման միջոցառմանն ասել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի Մեդիա և քաղաքացիական մասնակցության ծրագրի ղեկավար Աշոտ Գրիգորյանը:
Ծրագրի շրջանակում ԺԶՀ-ն 10 մարզային մեդիաների տրամադրել է դրամաշնորհներ, ինչի արդյունքում շահառու կազմակերպությունները հնարավորություն են ունեցել ընդլայնել լուսաբանվող խնդիրների թեմատիկ շրջանակը և բազմազանացնել մեդիա արտադրության ձևաչափերը, բարելավել տեխնիկական միջոցները, նոր սարքավորումներ ձեռք բերել, բարձրացնել բովանդակության արտադրության որակը և ավելացնել լսարանը:
Դրամաշնորհներից զատ, ԺԶՀ-ն սեմինարների շարք է կազմակերպել մարզային մեդիաների համար, որոնց ընթացքում հրավիրված փորձագետների հետ միասին քննարկվել է Հայաստանի համար կարևոր հարցերի համակողմանի լուսաբանման խնդիրը՝ մարդու իրավունքների, անվտանգության, խտրականության, արդարադատության, հաշվետու կառավարման, բնապահպանական, առողջապահության հասանելիության և այլ ոլորտներում։